Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 18-ի երեկոյան, երբ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի էր ունենում Համահայկական 4-րդ խաղերի բացման արարողությունը, որին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, մարզադաշտի մատույցներում միջադեպեր էին գրանցվել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության, «Ժառանգություն» կուսակցության անդամների, համախոհների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջեւ:
Իսկ միջադեպի պատճառն այն էր, որ նշված քաղաքական միավորների որոշ ներկայացուցիչներ ու համախոհներ մարզադաշտի շրջակայքում եւ ներսում գտնվող մարդկանց ծանրացուցիչ հանգամանքներում «առանձնակի դաժանությամբ» թռուցիկներ էին բաժանել: Այդ թռուցիկներում փաստվում էր, որ մեր երկրում հազարավոր մարդկանց զրկել են սեփական բնակարաններից, հարյուրավոր մարդիկ ապօրինաբար հայտնվել են բանտերում, զինծառայողներից ոմանք խաղաղ պայմաններում սպանվում են բանակում, հարյուրավոր մարդիկ իրավապահ մարմինների կողմից ենթարկվում են խոշտանգումների եւ ծեծի, մարդիկ դատապարտվում են քաղաքական հայացքների համար… Թռուցիկը նաեւ ՀՀ քաղաքացուն ուղղված կոչ էր պարունակում. «Իրացրո՛ւ քո իրավունքը: Պահանջի՛ր անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներ Ժիրայր Սէֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Արման Բաբաջանյանին»: Իրավապահ մարմինների աշխատակիցները քաշքշել են թռուցիկները տարածողներին, առգրավել նրանց մոտ եղած թռուցիկները, տարել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ձեռքի տոպրակը… Իսկ Ոստիկանության Մարաշի բաժանմունք էլ բերման են ենթարկվել «Այլընտրանքի» երեք համախոհներ: Բերման ենթարկվածներին որոշ ժամանակ անց բաց են թողել, սակայն առգրավել են նրանց մոտ եղած թռուցիկները: Սակայն առգրավումներն այսքանով չեն սահմանափակվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները շրջել են մարզադաշտում եւ նրա շրջակայքում ու հասարակ մարդկանցից առգրավել արդեն իսկ բաժանված եւս մոտ 2000 թռուցիկ: Ոստիկանությունում այդպես էլ չեն կարողացել նշել, թե կոնկրետ ի՞նչ հակաօրինական քայլ են արել թռուցիկ բաժանողները: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանը «ՀԺ»-ին այս կապակցությամբ ասել է, թե «Այլընտրանք» նախաձեռնության անդամները Ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել ոստիկանների կողմից՝ «Համահայկական խաղերի բացման մասնակիցների անվտանգության ապահովման նկատառումներով»: «Այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա»,- վստահեցրել է նա: Սակայն թե թռուցիկ բաժանելն ինչպե՞ս կարող էր սպառնալ ինչ-որ մեկի անվտանգությանը, պարոն Շիրինյանը չի ասել: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 27-ում սեւով սպիտակի վրա գրված է. «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»: Այսինքն` խոչընդոտելով թռուցիկների միջոցով տեղեկատվության տարածումը, հայրենի իրավապահները խախտել են ՀՀ Սահմանադրության հոդված 27-ը: Սակայն պարզվում է` այդ օրն իրավապահների կողմից Սահմանադրության միայն այս հոդվածը չէ, որ խախտվել է: Երեկ այդ միջադեպի անմիջական մասնակից Զ. Փոստանջյանը «Երեւան» հյուրանոցում հրավիրված ասուլիսում պատմեց, որ երբ արդեն մոտ 10-15 րոպե թռուցիկ էին բաժանում, իրեն է մոտեցել մի ոստիկան ու փորձել ձեռքից խլել թռուցիկները, սակայն մյուս ոստիկանը ճանաչել է ԱԺ պատգամավորին, ու վերջինիս բաց են թողել: Միջադեպից հետո Զ. Փոստանջյանն ու եւս մի քանի հոգի տեղափոխվել են այլ տրիբունա ու սկսել հետեւել խաղերի բացման արարողությանը: Սակայն քաղաքացիական հագուստով մի քանի անձինք շրջապատել են նրանց (նրանցից մեկը ներկայացել է որպես մայոր Աղաբալյան) ու խոչընդոտել են հետեւել միջոցառմանը: Փորձել են ստուգել շրջապատվածների պայուսակներն ու առգրավել թռուցիկները: Տիկին Փոստանջյանը երեկ տեղեկացրեց նաեւ, որ ոստիկաններից մեկն անգամ իրենց խնդրել է մի քանի թռուցիկ տալ, որ տանի եւ ներկայացնի իր շեֆերին, որպեսզի իրեն գործից չհանեն: Նրանք, ըստ Զ. Փոստանջյանի` շատ կոպիտ են եղել, անգամ սպառնացել են «քացու տակ գցել» եւ այլն: Այսկերպ իրավապահները խախտել են նաեւ Սահմանադրության հոդված 17-ը (ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի): Տեղի ունեցած քաշքշուկների հետեւանքով տիկին Փոստանջյանի թեւերին կապտուկներ են առաջացել: Նա դիմել է Ոստիկանություն, դատաբժիշկն արդեն ուսումնասիրել է եւ շուտով եզրակացություն կտա: Մոտ 20 ոստիկան (այդ թվում եւ, ըստ Զ. Փոստանջյանի, Կենտրոնի ոստիկանության պետը եւ «Կենտրոնի հետախուզության պետը») ԱԺ պատգամավորին եւ նրա հետ եղած անձանց չեն թողել տեղաշարժվել եւ շրջապատած պահել են այնքան, մինչեւ միջոցառումն ավարտվել է` այդկերպ խախտելով նաեւ Սահմանադրության հոդված 25-ը, համաձայն որի՝ ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք: Զ. Փոստանջյանը նաեւ տեղեկացրեց, որ վերադարձվել է իրենից խլված պայուսակը, որտեղ չեն եղել թռուցիկները եւ մի փաստաթուղթ: Իրավապահներն ասել են, թե պայուսակը գտել է մարզադաշտի մոտակայքում ջրեր վաճառող մի երիտասարդ ու փոխանցել իրենց: Չնայած, ինչպես պարզվում է` թռուցիկ բաժանելը խարխլում է մեր պետականության հիմքերն ու սպառնում ոմանց անվտանգությանը, դրա հեղինակները մտադիր են մասնակցել նաեւ Համահայկական խաղերի փակման արարողությանն ու դարձյալ նույնաբովանդակ թռուցիկներ բաժանել՝ իրացնելով տեղեկատվություն տարածելու իրենց Սահմանադրական իրավունքը: