Նոր եթերաշրջան, նոր սեփականատերեր

24/08/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Սեպտեմբերին Հայաստանի հեռուստատեսային ոլորտում իշխանությունները լուրջ փոփոխություններ են նախատեսում, որը, սակայն, չգիտես ինչու, վերեւներում որոշել են դեռեւս խիստ գաղտնի պահել: Իսկ թե ինչու են որոշել հատկապես հեռուստատեսային դաշտում կատարել կադրային լուրջ փոփոխություններ, կարծում ենք, որեւէ մեկի մոտ հարցեր չի առաջացնում:

Բանն այն է, որ իշխանություններն արդեն որոշել են, որ 2008 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն փետրվարի 17-ին, նաեւ որոշել են, որ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը պետք է լինի ԱԺ ընտրություններին ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: Իսկ նախագահական ընտրություններին նախապատրաստվելու ամենագլխավոր գործոններից մեկն էլ հեռուստատեսային ողջ դաշտը վերահսկելի, վստահելի ու ավելի մերձավոր մարդկանցով համալրելն է: Ու քանի որ տպագիր մամուլն իշխանությունների համար իր փոքր տպաքանակներով առանձնապես մեծ վտանգ չի ներկայացնում` իշխանությունները որոշել են առանձնապես ուշադրություն չդարձնել թերթերի վրա: Հենց դրա համար էլ սեպտեմբերին իշխանությունները բոլոր հեռուստաընկերություններում կնշանակեն իրենց վստահելի մարդկանց:

Մեր աղբյուրների հավաստմամբ, դրանից անմասն չի մնալու նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: Ըստ այդմ` Հանրային հեռուստաընկերությունից դուրս են գալու «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավար Հարություն Հարությունյանն ու «Հ1»-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Փոփոխություններ կլինեն նաեւ Հանրային ռադիոյում, որի տնօրեն Արմեն Ամիրյանը, նույն աղբյուրի հավաստմամբ, ի տարբերություն մյուսների` ինքն է որոշել դուրս գալ: Արդեն իսկ շրջանառվում է, թե ով է փոխարինելու Արմեն Ամիրյանին. ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Հարությունյանը: Վերջինս, սակայն, երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե նման խոսակցություններ կան` ասելով, որ ինքն առայժմ չի ուզում փոխել իր աշխատանքը: Արմեն Ամիրյանն առայժմ արձակուրդում է, եւ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այժմ ընդամենը հանգստանում է եւ տեղյակ չէ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Հարցին` ճի՞շտ է, որ ուզում է հեռանալ, չպատասխանեց, ուստի պարզելու համար, թե որքանո՞վ են հավաստի լուրերը, թե նա ցանկանում է հեռանալ, հետաքրքրվեցինք` հոգնե՞լ է իր աշխատանքից, թե՞ ոչ, եւ ի պատասխան՝ նա ասաց. «Մեծ մարդ եմ՝ արդեն քառասունն անց, ո՞նց չհոգնեմ»:

Այս օրերին համառորեն լուրեր են շրջանառվում նաեւ, թե փոխվելու են «Հ2», «ԱԼՄ» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների սեփականատերերը: Բնականաբար, այս հեռուստաընկերությունների դեպքում էլ բացատրությունը նույնն է` առաջիկայում նախագահական ընտրություններ են, որտեղ իշխանությունները խիստ կարեւորում են զանգվածային, մասնավորապես` հեռուստատեսային լրատվամիջոցների դերակատարումը: Մեր ստացած տեղեկությունների համաձայն` իշխանությունները որոշել են «ԱԼՄ»-ի տնօրինումը հանձնել «Շարմ» ընկերությանը, որն, ինչպես հայտնի է, կարճ ժամանակով ղեկավարում էր «Կենտրոն» վերանվանված «Ա1+» հեռուստաընկերությունը: Սակայն, ինչպես միշտ, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետիչը հրաժարվում է խոստովանել, որ իր հեռուստաընկերությունն իշխանությունները ցանկանում են վերցնել իր ձեռքից: Երեկ մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետիչը, ով այդպես էլ ամառային հանգստի չի մեկնել` նախընտրելով հանգստանալ մինի նախընտրական զբոսանքների ընթացքում` ժողովրդին ավտոբուսներով Սեւան տանելով, հայտարարեց. «Ոչ, ոչ, ոչ, հարյուր-հազարավոր անգամներ՝ ոչ, ես ոչինչ չեմ վաճառում: Դա շատերի երազանքն է, գրում էիք, թե ԱԺ ընտրություններին պարտվելուց հետո ես իմ ամեն ինչը ծախելու եմ, այստեղից քոչեմ, բայց, ինչպես տեսնում եք` ես այստեղ եմ: Ավելի շուտ ասեմ, որ Հայաստանում շատ ու շատ բաներ կվաճառվեն, բայց «ԱԼՄ»-ն` ոչ»: Տիգրան Կարապետիչը, թերեւս, դեռ լավ չի հասկացել, որ եթե իշխանությունները որոշել են իր ձեռքից վերցնել «ադամանդներ» հայտնաբերող ու «ռասկրուտկա» անող հեռուստաալիքը, ուրեմն` կվերցնեն, առանց հարցնելու` Տիգրան Կարապետիչը համաձա՞յն է, թե՞ ոչ: Ի դեպ, մեր տեղեկություններով` «ԱԼՄ»-ում բաժնեմաս ունի նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է «Հ2»-ին, ապա, մեր տեղեկություններով, իշխանությունները որոշել են այն վաճառել գործարար Միխայիլ Բաղդասարովին, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերության մասին ասում են, որ նոր սեփականատերն է դառնալու «ԲԱՄՕ» ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանը: Նշենք, սակայն, որ ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների՝ «Կենտրոնի» վերաբերյալ հնարավոր է, որ իշխանությունները վերանայեն իրենց դիրքորոշումը, իսկ մյուսների դեպքում` քիչ հավանական է: Իսկ թե ինչո՞ւ են իշխանություններն այս հնարավոր փոփոխություններն առայժմ գաղտնի պահում` դժվար է կռահել: Գուցե պատճառն այն է, որ դեռ չեն կողմնորոշվել՝ որն ում վստահել: