Մարգինալության հարկ

24/08/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Մի անգամ մտածում էի, թե Coca-Cola-ի ինչի՞ն է պետք գովազդը, չէ՞ որ ապրանքը հիմնավորապես հաստատված է համաշխարհային շուկայում։

Ամերիկայից Եվրոպա, Ասիայից Աֆրիկա ու Ավստրալիա՝ մեծուփոքր ամեն ոք գիտե զովացուցիչ այդ ըմպելիքը։ Նույնն է նաեւ Pepsi-ի դեպքում. եւ՛ ճանաչված է, եւ՛ հաստատված, բայց ահռելի գումար է ծախսում գովազդի համար։ Իրար հե՞տ են մրցում. դժվար թե, քանի որ երկուսն էլ բավական կայուն սպառող ունեն։ Գոնե ես իմ շրջապատում նկատել եմ հավատարիմ Coca-Cola խմողների եւ գրեթե նույնչափ Pepsi-ի սիրահարների։

Այսպես չէի հասկանում երկու հսկաների գովազդի իմաստը, մինչեւ մի օր աչքովս ընկավ մի հետաքրքիր հոդված ապրանքի հանրայնացման մասին։ Ամերիկացի լրագրող Ջերեմի Հոփքինսն ասում էր, թե սպառողի հիշողությունը դավաճանելու հատկություն ունի, եւ եթե անընդհատ նրա աչքին ու ականջին չես հրամցնում ապրանքանիշի անունը, մարդը սկսում է այլ բան փնտրել։ «Սրբապղծությունից» չվախենալով՝ նա ասում էր, թե Marlboro հայտնի ծխախոտը եթե մի ամիս չգովազդես, կարող է կորցնել սպառողների զգալի մասին, քանի որ Marlboro ծխողներից քչերն են այդ ապրանքին կապված յուրահատուկ, դուրեկան համի համար։

Այս ամենը միտս եկավ այն բանից հետո, երբ «Առավոտում» կարդացի մարքսիստ Դավիթ Հակոբյանի ասուլիսի լուսաբանումը՝ կատարված շատ սիրելի Աննա Իսրայելյանի ձեռամբ։ Եվ այդ նյութը կարդացի ոչ միայն այն պատճառով, որ ստորագրված էր՝ Աննա Իսրայելյան, (Աննայի հոդվածները միշտ էլ կարդում եմ), այլ՝ որովհետեւ ինձ շատ հուզեց առաջին տողը. «Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին դիմելով իբրեւ «իմ լրատվության զինվորներ»…»՝ ինչ-որ բան ասաց։ (Առավոտ, 11.08.07, «Ինչպիսին պիտի լինի արքայազնը»)։

«Իմ լրատվության զինվորներ»։ Հիանալի է, ինքնատիպ, բայց նաեւ մի քիչ ցնցող։ Մտաբերեցի երկու տարի առաջ գրած «Մոռանալ Հերոստրատին» հոդվածս, որտեղ հիշելով Ջոն Լենոնին կյանքից զրկած Մարկ Չափմանին եւ տաճարն այրած Հերոստրատին, եզրակացրել էի, որ Տիգրան Ուրիխանյանին մարդ, ավելի շուտ` քաղաքական գործիչ սարքել են լրագրողներն, ընդ որում՝ ձրի։ Եվ եթե Տիգրան Ուրիխանյանը երբեւէ իր ասուլիսներից մեկի մասնակիցներին չի դիմել «Իմ լրատվության զինվորներ» բառերով, ոչ թե համեստությունից է, այլ պաթետիզմի պակասից։

Եվ այսպես, եթե, ըստ Ջերեմի Հոփքինսի, Coca-ն, Pepsi-ն կամ Ֆիլիպ Մորիսը վախենում են սպառողին կորցնելուց, մոռացվելուց եւ շուկայից դուրս մղվելուց, ինչո՞ւ նման տագնապներ չպետք է ունենան հայ քաղաքական գործիչները։

Մի ժամանակ որ ալիքը պտտում էիր՝ կամ Ռիկի Մարտինն էր, կամ Էնրիկո Իգլեսիասը, կամ էլ Ֆիլիպ Կիրկորովը։ Էդ տղերքը «լրատվության զինվորների» աշխատանքի արդյունքն էին։ «Լրատվության զինվորները» տեսան, որ հասարակությունն էլ չի հետաքրքրվում, անցան ուրիշների մոտ զինվորության։ Հիմա, որ Ռիկի Մարտինն, Էնրիկո Իգլեսիասն ու Ֆիլիպ Կիրկորովն անցել-գնացել են, ո՞նց կարող է հավերժ մնալ, ասենք, Մանուկ Գասպարյանը։ Կարող է մնալ միայն հայ լրագրողների ու խմբագիրների բարության շնորհիվ։ Նրանք անվճար, անվարձահատույց գովազդում են «Մանուկ Գասպարյան» քաղաքական ապրանքանիշը՝ չնայելով անգամ, որ մայիսի 12-ին այս մարդը զրոյի մոտերքում ինչ-որ բան է ստացել սպառողից։

Նույնը կարելի է ասել Արամ Գ. Սարգսյանի մասին։ Եթե Ստեփան Դեմիրճյանին չգովազդես, վաղը-մյուս օրը մեկը գուցե ասի՝ էն Սերոբիչի տղեն ի՞նչ եղավ։ Կամ՝ եթե Արամ Զ. Սարգսյանին չգովազդես, մեկը գուցե հիշի՝ Վազգեն Սարգսյանի ախպերն ի՞նչ եղավ։ Բայց Արամ Գ. Սարգսյանին «լրատվության զինվորներն» այսօր համառորեն գովազդում են՝ չիմանալով, որ չգովազդելու դեպքում նրան հիշելու համար բռնելու տեղ էլ չի գտնվելու։

Սույն քաղաքական գործիչը, ինչո՞ւ չէ, նաեւ ընդդիմադիր հանդի անդամներից շատերն այս կամ այն ակումբը գնալով, այստեղ ու այնտեղ լրագրողների հանդիպելով, չեն էլ մտածում, որ խադավիկ Հարութը կամ շոֆեռ Ռաֆոն կամ վադապրավոդչիկ Վանիկը կամ «լրատվական վաշտ» չունեցող շատ ու շատերն ավելի կազմակերպված ու խելոք դատողություններ են անում, քան՝ իրենք։ Բայց իրենք մեղավոր չեն կամ մեղավորն իրենք չեն։

Չեմ կարծում, թե Դավիթ Հակոբյանի հարցազրույցը կամ Մանուկ Գասպարյանի հետ հանդիպման մասին ռեպորտաժն ընդլայնում են լսարանն այնքան, որ ստացված գումարով կարելի լինի հազիվ գոյատեւող այս կամ այն թերթում ինչ-ինչ հարցեր լուծել։ Դրա համար առաջարկում եմ թերթերում սահմանել մարգինալության հարկ։ Օրինակ՝ եթե մի «Երազի» մեջ տեղավորվող կուսակցության առաջնորդն ուզում է մտքեր արտահայտել, վճարում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը՝ բաժանած իր կուսակցության անդամների թվին։ Բայց որպեսզի խմբագիրը վստահ լինի, որ թիվն անկեղծ է, վճարման անդորրագրի հետ ներկայացնում է նաեւ կուսակիցների ստորագրությունները։

Այդ ժամանակ ընթերցող լսարանը ստիպված չի լինի կուլ տալ ու մարսել մտքեր, որոնք դուրս են մղվում «օղբաթ» մարդկանց, սպորտսմենների, կոմերիտականների ու հոգեկան հիվանդների ուղեղից։ Իսկ եթե, այնուամենայնիվ, մարգինալության հարկը վճարողներ գտնվեն, ուրեմն թող հարստանան ու բարգավաճեն մեր թերթերը, եւ թող ամեն լրագրող իր հաջորդ արձակուրդն անցկացնի Կանարյան կղզիներում կամ Բադեն Բադենում։