Եվս մեկ չբացահայտված գործ

12/05/2005

Մեր հարցին, թե անվանի նկարիչ Բաժբեուկ-Մելիքյանի դստեր տանից գողացված 21 գործերի հետաքննությունն ի՞նչ վիճակում է, գտնվե՞լ են, թե՞ ոչ, եւ ի՞նչ ընթացքում է գործը, ՀՀ ոստիկանության ծառայության Հասարակական կապերի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանը գրավոր պատասխանել է. «2005թ. սեպտեմբերի 6-ին Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի բնակարանից կատարված գողության փաստով հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է, իսկ գողացված 21 նկարների նկատմամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն 2003թ. սեպտեմբերի 11-ից հայտարարել է միջազգային հետախուզում»: Նկատենք, որ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 21 աշխատանքները դստեր՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տանից գողացել էին ոչ թե 2005թ. սեպտեմբերի 6-ին, այլ 2003թ. օգոստոսի 6-ին: «…Երեք նկարներ հատակին էին ընկած, իմ փոքրիկ ննջասենյակի պատի նկարներին է՛լ ձեռք չէին տվել, թերեւս չէին հասցրել։ Մոտակա հարեւաններից ոչ ոք տանը չի եղել։ Սարսափահար, անմիջապես ոստիկանություն դիմեցի, եկան գրառումներ կատարեցին, զննեցին, հարեւանների հետ զրուցեցին, եւ գործն ընթացքի մեջ է»,- դեպքից հետո պատմել էր Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, որի կարծիքով` կատարվածը կազմակերպված հանցագործություն էր։ Մինչեւ այսօր էլ մեծ վարպետը չունի տուն-թանգարան: Նրա ստեղծագործությունների մի մասը դստեր տանն էր գտնվում:

Ակնհայտ է, որ նկարները կարող էին գտնվել միայն իշխանությունների հետեւողականության շնորհիվ, սակայն, ինչպես տեսնում եք, դեպքից անցել է արդեն 1 տարի 7 ամիս եւ ոչինչ դեռեւս բացահայտված չէ։ Թերեւս այս հանցագործության հեղինակներն ու կատարողներն արդեն հասցրած կլինեն հեղինակի ստեղծագործությունները տեղափոխել Հայաստանից դուրս:

Ա. Ա.