«Մեր կյանքի էպիզոդները» շարքը որոշեցի սկսել այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում մենք փորձում ենք քննարկել գրեթե ամեն ինչ` սկսած Բուշի իրաքյան վարվող քաղաքականությունից, վերջացրած Հայաստան-Թուրքիա սահմանի բացման խնդրով` միեւնույն ժամանակ չնկատելով մեզ անմիջականորեն առնչվող, առաջին հայացքից մանր թվացող խնդիրները: Այսօր, երբ մեր գլոբալիզացվող աշխարհում անգամ ամեն ինչ բաղկացած է բազմաթիվ մանրուքներից, չնկատել եւ հաշվի չնստել այդ մանրուքների հետ` առնվազն միամտություն է:
Ստացվեց այնպես, որ այս ամառ հանգիստս անցկացրի Թուրքիայում, որտեղ առաջին անգամ էի լինում: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ժամանակին մեր հարգարժան պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը հեռուստաեթերով հայտարարեց, թե ինքը չի հավատում, որ թուրքը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ, որովհետեւ թուրքերը վայրենի եւ բարբարոս ժողովուրդ են: Կցանկանայի, որ տիկին Պետրոսյանը մեկներ Թուրքիա եւ համոզվեր, որ գոնե այսօր Թուրքիայում ինքը չի հանդիպի այնպիսի «կենդանիների», որոնք «վխտում են» Երեւանի փողոցներում եւ պատրաստ են իրենց ջիփերով տրորել յուրաքանչյուրին: Որովհետեւ 15 միլիոնանոց Ստամբուլում ես այդպես էլ չլսեցի ոչ մի ավտոմեքենայի ազդանշան, այն դեպքում, երբ Ստամբուլի կենտրոնական մասի փողոցները շատ ավելի նեղ էին, քան Երեւանինը: Բայց մի կողմ թողնենք կենցաղային կուլտուրայի խնդիրները (դրանց մենք կանդրադառնանք ավելի ուշ եւ ավելի հանգամանալից): Մի հետաքրքիր բան նկատեցի այդ երկրում: Բոլորը, անկախ իրենց քաղաքական եւ սոցիալական պատկանելությունից, անվերապահորեն հարգում են իրենց պետական խորհրդանիշերը: Համենայնդեպս, այնտեղ արեւից գունաթափ եղած դրոշ, որը ծածանվում էր գրեթե ամենուրեք, ես այդպես էլ չտեսա: Իսկ Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում մեր եռագույնը կամ արեւից գունաթափված է ու արդեն պուտպուտիկավոր է դարձել, կամ էլ` ընդհանրապես գոյություն չունի:
Իսկ ինչ վերաբերում է մեր օրհներգին, ապա համոզված եմ, որ մեր էստրադայի բազմաթիվ «հայրենասեր» աստղերը, որոնք հոլովակներում իրենց այս խաչքարից այն խաչքարին են «խփում», այդ օրհներգի ոչ երաժշտությունը գիտեն, ոչ էլ` առավել եւս, բառերը: Եվ հենց այդ պատճառով էր, որ Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ օրհներգը կատարեց Աննա Մայիլյանը, այլ ոչ թե Հրաչ Քեշիշյանի սիրած երգիչ-երգչուհիներից մեկը (hամ էլ` օրհներգի վրա դժվար է մոմերով տեսահոլովակ նկարել): Եվ այս պարագայում կարեւոր չէ` այդ օրհներգը նրանց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Քանզի դա պետության խորհրդանիշն է: Իսկ մեր սպորտսմենները պետական օրհներգը հնչելու պահին նմանվում են ակվարիումի ձկների, որոնք միայն անիմաստ շրթունքներն են շարժում: Չնայած ի՞նչ պահանջես էստրադայի եւ սպորտի մեր «աստղերից», երբ անգամ մեր պետության ղեկավարները երբեք չեն երգում այդ օրհներգը: Ես շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանցից, ովքեր ստիպեցին, որ գոնե բոլոր հեռուստատեսություններն իրենց հաղորդումները սկսեն եւ ավարտեն պետական օրհներգով: Եվ իհարկե հատուկ շնորհակալություն Ավետ Բարսեղյանին, որի շնորհիվ ազգի 80 տոկոսն իմացավ, որ մեր պետական դրոշի գույներն են` կարմիրը, կապույտը եւ ծիրանագույնը (չնայած ֆիզիկայում ծիրանագույն սպեկտր գոյություն չունի):
Պատկերացնում եք, չէ՞, թե ինչքան մարդ Ռուսաստանում, Թուրքիայում կամ Միացյալ Նահանգներում իրեն կհամարեր «հայրենասեր» միայն այն բանի համար, որ գիտի իր պետության օրհներգը, ճանաչում է դրոշն ու զինանշանը, եթե նրանց մտածելակերպը մերի նման լիներ: Սակայն այնտեղ դա ընդամենը տվյալ պետության քաղաքացի լինելու պատվավոր փաստն է արձանագրում: Ի դեպ, համոզված եմ, որ մերոնց մեծ մասը շատ ավելի լավ գիտի ԱՄՆ-ի կամ Թուրքիայի դրոշը կամ Ռուսաստանի օրհներգը, քան մեր սեփական խորհրդանիշերը: Կարծում եմ` դրա պատճառն այն է, որ նրանք իրենց պետությունն են սիրում, իսկ մենք` դեռ մեր հայրենիքը:
Սա, իհարկե, մանրուք է, մի փոքր էպիզոդ մեր ամենօրյա կյանքից: Շատերը կմտածեն, որ հազար ու մի խնդիր թողած՝ ես խոսում եմ ինչ-որ խորհրդանիշերից: Բայց փաստը մնում է փաստ, որ անգամ աշխարհի ամենամեծ ալմաստը բաղկացած է ածխածնի բազմաթիվ մանր ատոմներից: