Անբարեխիղճ օղի

24/08/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի առեւտրային գործունեությունը հաճախ է արժանանում ոչ միայն հասարակության, այլեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրությանը:

Ինչպես հայտնի է, նրա նախ՝ «Ֆլիտֆուդ», իսկ անցած տարվանից արդեն՝ «Սալեքս գրուպ» ընկերությունները զբաղվում են լայն սպառման ապրանքների՝ շաքարավազի, երշիկեղենի, կարագի, սառեցրած մսի, բուսական ու կենդանական յուղի, օղու, սուրճի ներկրմամբ եւ արտադրմամբ: Հանձնաժողովն այս ընկերություններին պարբերաբար ուշադրություն է դարձնում, որովհետեւ դրանք ժամանակ առ ժամանակ «անբարեխիղճ մրցակցություն» են թույլ տալիս, կամ լավագույն դեպքում` գտնվում են գերիշխող դիրքում: Նախ՝ «Ֆլիտֆուդը», հիմա արդեն՝ «Սալեքս գրուպը» գերիշխող է շաքարավազի ներկրման գործում. շաքարավազի ավելի քան 90 %-ը ներկրում է այս ընկերությունը: Իսկ երեկ ՏՄՊ հանձնաժողովն «անբարեխիղճ մրցակցություն» թույլ տալու պատճառով այս ընկերությանը տուգանեց 1 մլն դրամով: «Սալեքս գրուպը» «Խլոպցի» անունով օղի է արտադրել եւ իրացրել, որի շիշն ամբողջությամբ նմանեցրել է ուկրաինական «Իմիջ հոլդինգ» ընկերության կողմից արտադրվող «Խորտիցա» օղու արտաքին տեսքի տարբերակիչ առանձնահատկություններին: Արտադրող ընկերությունը նկատել է այդ կեղծիքը եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի միջոցով բողոք ներկայացրել ՏՄՊ հանձնաժողովին:

Հանձնաժողովն օղու շուկայում անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզել է, որ «Սալեքս գրուպ» ընկերությունը միեւնույն ժամանակ արտադրում եւ իրացնում է «Մոսկովսկայա», «Ստարայա Ստոլիցա» եւ «Գժիլկա» անվանումներով օղի: Հանձնաժողովը պարզել է, որ այսպիսի անվանումներով օղիներ այդ ընկերության անունով գրանցված չեն, պիտակների վրա բացակայում են սերտիֆիկացման մասին նշումները եւ շփոթության աստիճան նմանեցված են այլ ապրանքանիշերին: Դա հակաօրինական գործունեություն է: Այդ ապրանքանիշերը սեփականության իրավունքով պատկանում են այլ ընկերությունների: Փաստորեն` «Սալեքս գրուպը» միանգամից նմանակել է 4 տեսակի օղի: Եվ քանի որ ընկերությունը նույն տեսակի խախտումն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է թույլ տվել, ապա այս անգամ տուգանվեց 1 մլն դրամով: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համաձայն, եթե ընկերությունն առաջին անգամ է խախտում թույլ տալիս, տուգանվում է 500.000 դրամով: Հանձնաժողովը նաեւ պարտադրեց ընկերությանը՝ նմանակված օղիները 1 ամսվա ընթացքում հանել շրջանառությունից: Ինչպես նշեցինք, առաջին անգամը չէ, որ հանձնաժողովն անբարեխիղճ մրցակցության համար տուգանում է «Սալեքս գրուպին»: Մայիսին այս ընկերությունը տուգանվել էր մեկ այլ ապրանքանիշ նմանակելու համար. այն արտադրում եւ իրացնում էր «Խլեբնայա» օղի, որը շփոթության աստիճան նմանեցրել էր ռուսական «Խլեբնայա դորոգա» օղուն:

Իսկ ավելի վաղ՝ 2004-2005թթ. «Սալեքս գրուպի» նախահայր «Ֆլիտֆուդը»` նորից նույն խախտումներով, արտադրել եւ իրացրել է նույն՝ «Մոսկովսկայա», «Ստարայա Ստոլիցա» եւ «Գժիլկա» անվանումներով օղիները: Ընդ որում` այս անգամ էլ «Ֆլիտֆուդն» էր նույն խախտումը կատարել երկու անգամ: Պարզ է, որ հանձնաժողովն այս խախտումների համար էլ նույն չափով տուգանել է ընկերությանը: Բայց, ինչպես տեսնում եք, այս զգուշացումներն ու տուգանքներն ամենեւին էլ արգելք չեն դարձել, որ այս ընկերությունները շարունակեն կեղծել տարբեր ապրանքներ: Ի՞նչ է եղել, որ` ընկերությունները կմուծեն տուգանքները եւ հանգիստ կկեղծեն: Ի վերջո, իրենց ստացած շահույթը սահմանված տուգանքներից հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի է:

Տուգանելուց բացի, հանձնաժողովն այս ընկերություններին միշտ պարտադրել է նմանակված ապրանքները հանել շրջանառությունից, բայց նրանք կարծես թե բանի տեղ չեն դրել հանձնաժողովի որոշումները: Դրա ապացույցն է այն, որ ընկերության ներկայացուցիչները ոչ մի անգամ չեն բարեհաճել ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին: Նաեւ տպավորություն է ստեղծվում, թե հանձնաժողովի այս որոշումները ձեւական բնույթ են կրում, եւ, որ այդ որոշումները կայացվում են հասարակությանն ինչ-որ բան ցույց տալու համար` բոլորովին էլ նպատակ չունենալով կասեցնել այս ընկերությունների անօրինական գործունեությունը: Հակառակ դեպքում` այդ օղիները շրջանառությունից դուրս կհանվեին: Տեղեկացնենք, որ այս գարնանը «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին եւ կրկնակի բարձրացվեցին ու շրջանառության 1-2 %-ի հասցվեցին գերիշխող դիրքը շարաշահող, հակամրցակցային համաձայնություն թույլ տվող ընկերությունների տուգանքի չափերը, սակայն անփոփոխ մնաց անբարեխիղջ մրցակցության տուգանքի չափը: Իհարկե, միամիտ կլիներ կարծել, թե այս ընկերությունները նույն խախտումը միշտ անում են, որովհետեւ 1 մլն դրամը շատ փոքր գումար է: Այստեղ, ինչպես նաեւ շատ-շատերի դեպքում, գործում է նաեւ մեկ այլ ստվերային հայտնի արտոնություն: Խոսքն իշխանությունների «դաբրոյի» մասին է, որի պարագայում արդեն ՏՄՊ հանձնաժողովն անզոր է:

Իսկ որպեսզի մեր ընթերցողն ավելի լավ պատկերացնի «Ֆլիտֆուդ» եւ «Սալեքս գրուպ» ընկերությունների տնտեսական գործունեությունը, տեղեկացնենք, որ դրանք, Ս.Ալեքսանյանի սեփականությունը լինելուց բացի, փաստաթղթային ձեւակերպումով օտարերկրյա ներդրում են: Ասում են` կոնկրետ «Սալեքս գրուպը» ձեւակերպված է աֆրիկյան ինչ-որ սեւամորթի անունով: Իսկ մեր երկրում օտարերկրյա ներդրողներն ունեն հարկային արտոնություններ: «Ֆլիտֆուդն» իր գոյության ընթացքում ունեցել է շահութահարկի 100% արտոնություն, իսկ երբ այդ արտոնության ժամկետը լրացել է, Սամվել Ալեքսանյանը բացել է «Սալեքս գրուպը» եւ իր բիզնեսը տեղափոխել այս ընկերություն: Հիմա «Սալեքս գրուպը» նույնպես ունի շահութահարկի 100% արտոնություն:

Հ.Գ. Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անբարեխիղճ մրցակցության համար 500.000 դրամով տուգանեց «Էրեբունի ալկո» ընկերությանը: Ընկերությունն արտադրել եւ իրացրել է «Ուկրաինսկայա վոդկա» անունով օղի: Նման ապրանքանիշ գրանցված չէ Հայաստանում: 500.000 դրամով տուգանվել է նաեւ օղի արտադրող մեկ այլ՝ «Ֆավորիտ ալկո» ընկերությունը, որն արտադրել եւ իրացրել է «Կրեմլյովսկայա» անվանումով օղի: Այս ապրանքանիշն էլ գրանցված չէ այս ընկերության անունով: Հանձնաժողովն իր երեկվա նիստում տեղեկատվություն չտրամադրելու համար 500.000-ական դրամով տուգանեց նաեւ ցորենի շուկայում գործող Սեւանի հացամթերքների արտադրական միավորում եւ «Գնդիկ-բոքոնիկ» ընկերություններին: