Մանր խնդիրներ՝ մեծ ճամփաբաժանից առաջ

24/08/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Քաղաքական դաշտում տեղի ունեցող խմորումների հիմնական ենթատեքստն, անշուշտ, առաջիկա նախագահական ընտրություններն են, եւ արդեն ասօրվանից կուսակցությունները տարբեր «դաշինքներ» են ձեւավորում, որպեսզի հնարավորինս մեծ դիվիդենտներ շահեն այդ ընտրությունների արդյունքում։ Խոսքը, բնականաբար, ոչ թե նախագահ ընտրվելու, այլ գործընթացի մերձակայքում մանր-մունր «բազարներ» անելու մասին է։ Ի վերջո, որքան մեծ լինի տվյալ խումբը, այնքան լուրջ կտոր կպոկի ապագա իշխանություններից։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից՝ կառաջադրվի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ։ Եթե առաջադրվի, քաղաքական դաշտում միանգամից բոլորովին նոր իրավիճակ կստեղծվի, եթե չառաջադրվի, ընդդիմության մեջ դաշինքային «նոր ֆորմատներ» կձեւավորվեն։ Իսկ այդ «եթե»-ի պատասխանը երեւի պարզ կդառնա առաջիկա մեկ-մեկուկես ամիսների ընթացքում։

Հիմա անդրադառնանք ընտրությունների բովանդակային մասին։ Հայաստանի առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, եւ ճիշտն ասած՝ արտաքին աշխարհի համար Հայաստանը կարեւորվում է այնքանով, որքանով չկարգավորված հակամարտության կողմ է։ Երեւի նկատել եք, որ միջազգային լրատվամիջոցները Հայաստանին անդրադառնում են առավելապես ղարաբաղյան խնդրի համատեքստում։ Հետեւաբար, այս ընտրությունների առանցքային խնդիրը հենց այն է, թե ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա Հայաստանն այս հարցում, եւ ի՞նչ ուղղությամբ պիտի ընթանա երկիրը նոր նախագահի օրոք։

Միանգամից ասենք. տարբերակները շատ չեն։ Ավելի ճիշտ՝ ընդամենը երկուսն են։

Առաջին. Հայաստանը ղարաբաղյան հարցում ոչ մի էական զիջում չի անում, ձգձգում է բանակցային գործընթացը եւ պահպանում է ստատուս-քվոն։ Սա, իհարկե, լավ տարբերակ է, բայց՝ մի պայմանով. պետք է բազմաթիվ հարակից միջոցառումներ իրականացնել։ Մասնավորապես, «մոբիլիզացնել ազգային ողջ ներուժը», ստեղծել ահավոր մրցունակ տնտեսություն, արմատախիլ անել կոռուպցիան, պայմաններ ստեղծել, որպեսզի յուրաքանչյուր հայ ընտանիքում առնվազն չորս երեխա ծնվի, հետո անհրաժեշտ կլինի երկաթի հանքեր հայտնաբերել եւ տանկ արտադրող մի քանի գործարաններ հիմնել, հետո անհրաժեշտ կլինի Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը դարձնել դրական (որպեսզի բանակը միշտ մնա տարածաշրջանում ամենամարտունակը) եւ այլն։ Այս խոսքերի մեջ որեւէ հեգնանք չկա։ Սրանք իսկապես անհրաժեշտ միջոցառումներ են, առանց որոնց «ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը» բացարձակապես անիմաստ է եւ չափազանց վտանգավոր։

Երկրորդ տարբերակ. Հայաստանը ղարաբաղյան հարցում գնում է ցավալի զիջումների, կարգավորում է հարաբերությունները հարեւանների հետ եւ դառնում է «միջազգային լրատվամիջոցներից մոռացված» սովորական պետություն։ Սա, իհարկե, վատ տարբերակ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պետք է ցավալի զիջումներ անել։

Բայց ամենամեծ պրոբլեմը սա չէ։ Իրականում ամենամեծ պրոբլեմն այն է, որ Հայաստանը ստիպված է ընտրություն կատարել այս երկու ուղիների միջեւ եւ որեւէ մեկով առաջ ընթանալ, բայց առայժմ ոչ մեկն էլ չի ընտրել։ Իհարկե, մենք ղարաբաղյան հարցում որեւէ զիջման չենք գնում եւ հպարտանում ենք, որ առայժմ պահպանում ենք ստատուս-քվոն, բայց «հարակից միջոցառումներ» չենք իրականացնում։ Մասնավորապես, կոռուպցիան արմատախիլ չենք անում (հակառակը՝ կոռուպցիայի ծավալներն աճում են), արտաքին առեւտրի հաշվեկշիռը դրական չենք դարձնում (հակառակը՝ «մինուսն» ավելանում է), տնտեսության մրցունակությունը չի աճում, տանկի գործարաններ չենք հիմնում (հայ-ռուսական հարաբերություններն էլ օրեցօր վատանում են), բնակչության թիվն էլ չի աճում։

Մեծ հաշվով, խնդիրն այն չէ, թե այս երկու տարբերակներից որը պետք է ընտրել։ Խնդիրն այն է, որ անպայման պետք է որեւէ բան ընտրել։ Եթե որսորդը հետապնդում է ջայլամին, ջայլամը կամ պետք է փախչի, կամ շրջվի եւ հարձակվի որսորդի վրա։ Համենայն դեպս, գլուխն ավազի մեջ խոթելը հնարավոր բոլոր տարբերակներից ամենաանհեթեթն է։