Հայտնի է, որ Երեւանի կենտրոնում ընթացող շինարարություններն էլիտար են որակված: Աջ ու ձախ բուսնող իրար կպած էլիտար շենքերի համար տարածքներ ազատելը մասնավորի համար բարդ խնդիր էր: Ուստի այդ գործն իր վրա վերցրեց պետությունը: Բայց պետական փաստաթղթերում «տարածք ազատել էլիտար շենքերի համար» արտահայտությունը, հարկավ, անհեթեթ կհնչեր, ուստի հորինվեց ավելի քաղաքակիրթ ու ընդունելի ձեւակերպում` «բացառիկ` գերակա հանրային շահ» արտահայտությունը: Հետո մայրաքաղաքի կենտրոնի բնակչության մի մասը դարձավ այդ արտահայտության զոհը: Նրանցից մեկի օրինակն իսկապես կարելի է հայտարարել հանրային: Հայտնի բան է` մեր մայրաքաղաքն ունի 2750 եւ ավելի տարիների պատմություն: Այդքան ծեր ու ընդունված բառակապակցությամբ ասած՝ Հռոմից հին քաղաքում հին շինություններ չեն պահպանվել: Հավանաբար դարեր շարունակ դրանք քանդվել են հերթական «գերակա հանրային շահը» կրողի ձեռամբ: Ճիշտ այնպես, ինչպես մեր աչքի առաջ քանդվեց 19-րդ դարի Երեւանը: Այսօր Երեւանի հենց կենտրոնում՝ Ուլնեցու (նախկին՝ Ջափարիձե) անունը կրող փակուղում այսօր ապրում է Երեւանի թերեւս ամենահին սեփականատերը` Հայրենական պատերազմի մասնակից Ներսիկ Խաչատրյանը: Նա ծնվել ու մինչեւ հիմա ապրում է նույն տանը: Տուն, որի սեփականատերը եղել է նրա պապը: Այդ մասին առաջին արխիվային փաստաթղթերը 1870թ. տվել են Ռուսաստանի Կայսրության Երեւանի նահանգի իշխանությունները: Ցարական Ռուսաստանի օրոք տրված փաստաթղթերը վկայում են, որ ծերունու պապին է պատկանում Դումայի փողոցի վրա գտնվող տան եւ կից 2138 քառ. մետր հողատարածքի նկատմամբ սեփակատիրական իրավունքը: Որքան էլ տարօրինակ է, նրա հորը՝ Թադեւոս Խաչատրյանին հաջողվել է սեփականության իրավունքը պաշտպանել նաեւ բոլշեւիկյան հեղափոխությունից հետո: 1928թ. հունվարի 30-ին Երեւան քաղաքի Տնտեսության վարչության կողմից տրված «Գույքային թերթում» նշված է, որ Ջափարիձե 1 հասցեի տունը, ըստ «1910թ. գնահատման համար 10 գրքի համար 122 թերթի», պատկանում է նրան: Հետո` 1933թ. հուլիսի 29-ին, հոր մահից հետո, ՀԽՍՀ Հանրապետական գլխավոր նոտարական գրասենյակը 25 ռուբլի պետմիասնական տուրք գանձելով՝ համար 4022 «ժառանգական վկայականում» արձանագրել է մոր՝ Վարսենիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը: Նույն վկայականում Ներսիկը, եղբայրը եւ քույրը նույնպես նշված են որպես ժառանգորդ: Եղբայրը զոհվել է Հայրենական պատերազմում: Հետո նա ու քույրը կարողացել են պաշտպանել իրենց սեփականատիրական իրավունքները: 1953թ. նրանց տունը վերագնահատվել է: Սեփականության այս վերահաստատումից հետո էլ 1970-80-ական թթ. քույր ու եղբայր պարբերաբար իրենց սեփականատիրական իրավունքը պաշտպանել են դատարանների միջոցով: Անգամ խորհրդային դատարանները հաշվի էին առնում սեփականության իրավունք արձանագրող փաստաթղթերը եւ այն, որ նրանք որպես սեփականատեր՝ բարեխղճորեն մուծել են բոլոր հարկերն ու տուրքերը: 83-ամյա ծերունին ասում է, որ ժամանակին ստիպված էր հսկայական գումարներ ծախսել ՀԽՍՀ ու ԽՍՀՄ իշխանություններին ու դատարաններին ուղղված դիմում-բողոքների ու հայցերի վրա: Բայց չի դժգոհում, որովհետեւ կարողացել է պահպանել սեփականատիրոջ իր իրավունքները: Նա այսօր անգիր արտասանում է ՀՀ Սահմանադրության այն հատվածը, որը մեջբերված է ՀՀ սեփականության վկայականում` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը» եւ, որ «Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը»: Սակայն Երեւանի ամենահին սեփականատիրոջ տունն ու տնամերձ տարածքը ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի որոշմամբ հայտնվել է երկարանուն մի ցանկում: Երկարանուն ու ազդեցիկ` «Ցանկ Երեւան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում Ձեռքբերողների եւ հասցեների վերաբերյալ»: Ցանկում անգամ նշված է «բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների» ձեռքբերողի անունը` Գագիկ Պապոյան: Եթե նկատեցիք, կառավարությունն այնքան է հարգում հանրային շահը ձեռքբերողներին, որ այդ բառը մեծատառով է գրում: Երեւի ի հեճուկս ոչ միայն սեփականատերերի, այլեւ Մայրենի քերականության: Բայց երեւի հիմքեր ունի: Հիմքեր, որ մեզ՝ սովորական քաղաքացիներիս, անհասկանալի է: Հին սեփականատերերից Ներսիկ Խաչատրյանն էլ չի հասկանում: Չի հասկանում, ու նամակ-դիմումներով հայենի պետության չինովնիկներին խնդրում է՝ իրեն՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակցին, հաշմանդամ թոշակառուին հնարավորինս պարզ ու մարդկային լեզվով բացատրել՝ ի՞նչ «հանրային գերակա շահի» մասին է խոսքը, կամ չեղյալ հայտարարել այն որոշումը, որն իրեն արգելում է օգտվել սեփականության տնօրինման սահմանադրական իրավունքից:
Ես առանց ամոթի ու սեթեւեթանքի ընդունում եմ, որ չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է քաղաքի որեւէ տարածք ճանաչել «բացառիկ` գերակա հանրային շահ» ներկայացնող, ու որեւէ անհատի լիազորել փող աշխատել այդ տարածքն իրացնելով: Հետեւաբար 83-ամյա ծերունու հարցին հայենի պաշտոնյաների փոխարեն չեմ կարող պատասխանել: Դա նրանց բացառիկ պարտականությունն է: