CO-ի չեզոքացումը «չեզոքացված» է

24/08/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Օգոստոսը որոշ կառույցների ամենաաշխատանքային եւ ամենասիրած ամիսն է: Ի տարբերություն շատերի` նրանք հենց օգոստոսին են աշխատում ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

Խոսքն ավտոմոբիլային տրանսպորտի տեխզննման մասին է, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, իսկ հայերը որպես կանոն՝ ամեն ինչ թողնում են վերջին օրվան: Սակայն մինչեւ տեխզննում անցնելը` ավտոմեքենան դեռ պետք է ունենա CO (շմոլ) գազի արտանետումների նորմայի վերաբերյալ համապատասխան թույլտվություն: Շմոլ գազի թույլտվություն տվողներն ու տեխզննման կետերն ահա այս օրերին աչք չեն բացում կուտակված հերթերից: Բոլորին է ծանոթ այս կառույցների կոռումպացված գործելաոճը, եւ այստեղ միակ նոր բանն այն է, որ արդեն երկու տարի է` CO-ի թույլտվություն տալու իրավասությունը հանձնվել է մասնավոր հատվածին: Շմոլ գազի թույլտվություն ասվածը «կռիվ» է գցել երկու գերատեսչությունների` ՀՀ Բնապահպանության եւ Տրանսպորտի ու կապի նախարարությունների միջեւ: 2006թ. մայիսից CO գազի ստուգման թույլտվությունը համարվում է լիցենզավորված գործունեություն, եւ լիցենզավորման իրավունքը վերապահվել է Բնապահպանության նախարարությանը: Այս նպատակով նախարարությունը լիցենզավորել է մոտ 50 կազմակերպությունների, որոնք առանց համապատասխան ստուգումներ կատարելու CO գազի թույլտվություն են տալիս իրենց դուռը հասած ցանկացած տրանսպորտային միջոցի: Մեր տեղեկություններով, լիցենզավորված որոշ կազմակերպություններ անգամ չունեն համապատասխան չափող գործիքներ, եւ այս ֆոնին բնական է, որ շմոլ գազի արտանետումների մասով դեռեւս չկան մերժված տրանսպորտային միջոցներ: Թեպետ, ըստ լիցենզավորված կազմակերպությունների` CO-ի արտանետումները համատարած նորմայի մեջ են, սակայն Բնապահպանության նախարարությունը մյուս կողմից էլ ահազանգում է, թե համապատասխան ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ ավելացել է CO-ի արտանետումների քանակը: Որպես հարցի լուծում` բնապահպաններն առաջարկել են օրենքով ամրագրել, որ չի թույլատրվում առանց չեզոքացուցիչների ավտոմոբիլային տրանսպորտամիջոցների ներկրումը Հայաստան: Տրանսպորտի նախարարության տեխնիկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Լեւոն Չիթյանը նշում է, որ չեզոքացուցիչների տեղադրման առաջարկն առաջինն իրենք են 2005-ին ներկայացրել կառավարությանը, նշելով` ուսումնասիրել տեղադրման նպատակահարմարությունը: Կառավարության 2007-ին ընդունված մի համապատասխան որոշմամբ էլ` արգելվել է առանց չեզոքացուցիչների տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Կառավարության այս որոշումը փաստի առաջ է կանգնեցրել Հայաստանում առկա ռուսական «Գազ» եւ «Ժիգուլի» գործարանների արտադրության մեքենաների տերերին: Տրանսպորտի նախարարության չեզոքացուցիչ տեղադրելու մասին հարցումներին ռուսական գործարանները պատասխանել են, թե իրենց արտադրությունը մասնագիտացված չէ այդ ուղղությամբ, բացի այդ էլ` չեզոքացուցիչների տեղադրումը զգալի կբարձրացնի մեքենաների գները: Ըստ հաշվարկների` ռուսական արտադրության այդ մեքենաների վրա չեզոքացուցիչ տեղադրելու համար գործարանում կպահանջվի մոտ 10 հազար ռուբլի, իսկ Հայաստանում` մոտ 1000 դոլար, իսկ դա երբեմն կարող է գերազանցել տվյալ մեքենայի գինը: Առաջիկայում Կառավարությունը պատրաստվում է վերանայել իր իսկ ընդունած որոշումը, եւ ռուսական արտադրության վերոնշյալ մեքենաները կարող են ներմուծվել առանց չեզոքացուցիչների: Իսկ արտերկրների արտադրության մյուս մեքենաների վրա, այսպես թե այնպես, առկա են չեզոքացուցիչներ, սակայն սրանց խնդիրն էլ այն է, որ դրանք վատորակ բենզինի պատճառով շատ շուտ են շարքից դուրս գալիս: Արտերկրից Հայաստան ներկրվում են հիմնականում հին շարժակազմեր, եւ չեզոքացուցիչի առկայությունը դեռ չի նշանակում, որ այն չի սպառել իր շահագործման ժամկետները:

Հայաստան ներկրվող բենզինի որակը ստուգվում է հենց սահմանի վրա եւ, որպես կանոն, արձանագրվում է, որ այն ամենաբարձր որակական հատկանիշներն ունի: Բարձրորակ բենզին էլ ստանում են կամ թորելու ճանապարհով, կամ էլ տետրոէթիլկապարի խառնուրդով բարձրացնում են բենզինի օկտանային թիվը: Տեղական բենզինը գերադասում է երկրորդ տարբերակը, որը շարքից հանում է ոչ միայն մեքենաների չեզոքացուցիչները, այլեւ արտանետված կապարն ախտահարում է մարդկանց շնչառական ուղիները: Շրջակա միջավայրի պահպանմանը միտված պետական միջոցառումները կյանքի կոչելու համար` Հայաստանին պակասում է մի շատ «կարեւոր» բան. մեզանում չկա մի կազմակերպություն, որը վերանորոգում կամ տեղադրում է չեզոքացուցիչներ: Մինչ չեզոքացուցիչները կհասցնեն ինչ-որ մեկի բիզնեսը դառնալ եւ սրանից էլ ածանցվող կվերանայվեն CO-ի թույլտվություն տվողների ընդհատակյա գները, երկրում առկա սոցիալական իրավիճակն այս խնդրին վաղուց լուծում է տվել: Բենզինով աշխատող մեքենաների կեսից ավելին ներկայումս աշխատում են բնական կամ խտացված գազով, որոնք համարվում են էկոլոգիապես մաքուր վառելիք, եւ երկրորդ` երկուսուկես անգամ ավելի էժան են, քան բենզինը: «Հենց Բնապահպանության նախարարության կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ CO-ի արտանետումները 2005-ին ավելի քիչ են եղել, քան 1989-ին: Իրենց հաշվարկներում նրանք առաջնորդվել են եվրոպական չափանիշներով, որը մեր իրողության հետ չի համընկնում»,- ասում է Լեւոն Չիթյանը: Ողջունելի է շրջակա միջավայրին նվիրված պետական ցանկացած միջոցառում, եթե պետական այրերը դրան բիզնես անելու աչքերով չեն նայում: Մանավանդ, որ հասարակությունն էլ պատրաստ չի լայն բացել իր գրպանները:

Իսկ ահա եվրոպական երկրներ մուտք գործելու համար հայաստանյան բոլոր փոխադրամիջոցները համապատասխանեցվում են նրանց պահանջներին, որտեղ չեզոքացուցիչը պարտադիր ատրիբուտ է: