Կայուն հետընթաց՝ երկնիշ աճի ֆոնին

24/08/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Լրատվամիջոցներից մեկը երեկ հրապարակել էր մի ուշագրավ նյութ։ Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարից փորձել են պարզել, թե ԿԸՀ նախագահն ինչքանով, ինչու եւ ինչ միջոցների հաշվին է ձեռք բերել իր նոր, ծառայողական ավտոմեքենան՝ «KIA-OPIRUS», ստացել են այսպիսի պատասխան՝ հարցը կենցաղային բնույթ ունի, ընտրական գործընթացներին չի վերաբերում, եւ իրենք չեն կարող պատասխանել։

Ցանկացած նորմալ երկրում այսպիսի պատասխանը սկզբում ծիծաղ կառաջացներ, իսկ հետո՝ լուրջ հետեւանքներ։ Որովհետեւ ծառայողական ավտոմեքենան կենցաղային բնույթի հարց չի, իսկ դրա ձեռքբերման գումարը Գարեգին Ազարյանը ժառանգություն չի ստացել։ Այդ գումարը վճարվել է հայաստանցի հարկատուների գրպանից, ովքեր իրավունք ունեն հարցնել, թե ինչպես է այն ծախսվում։ Նմանատիպ հարցերն այն միջոցներից մեկն են, որոնցով իշխանությունը հաշվետու է լինում ժողովրդին։ Իսկ դա, իր հերթին, այդքան չարչրկված կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցներից մեկն է։

Կոռուպցիայի մասին բոլորն են խոսում՝ ամենաընդդիմադիր գործիչներից սկսած՝ մինչեւ իշխանության ամենավերին օղակներում կանգնած մարդիկ։ Ընդ որում, եթե չիմանաս խոսողն ով է, չես տարբերի՝ ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանավոր։ Բայց դե, խոսելը մի բան է, գործելը՝ մեկ այլ։

Մյուս կողմից` հանրությանը հրամցվում են տպավորիչ տնտեսական աճի մասին տվյալներ՝ համոզելով, որ հաստատ քայլերով գնում ենք դեպի լուսավոր ապագա։ Օրինակ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 11.2 տոկոսով։ Այսպիսի հաշվարկներ կան. եթե Բանգլադեշը կարողանար իր կոռուպցիայի մակարդակը նվազեցնել, հասցնել Սինգապուրի մակարդակին, ապա այդ երկրի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կաճեր 1.8 տոկոսային կետով։ Հայաստանի համար նման հաշվարկներ չկան, չնայած որոշ գնահատականների համաձայն՝ բիզնեսի կոռուպցիոն ծախսերը մեր երկրում կազմում են ընդհանուր ծախսերի մոտ 10%-ը։ Բացի այդ, առանց այն էլ վագրաձեւ ենք աճում՝ էլ ինչի՞ համար է պետք կաշվից դուրս գալ՝ «ՍՈՍՏռ վՌոցՊՖ» 1-2 տոկոսի աճ արձանագրելու համար։ Առավել եւս, որ հայրենի վիճակագիրները պատրաստ են մի քանի տոկոս ավելի նկարել՝ պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու եւ ժողովրդին «դուխ տալու» ազնիվ մղումով։

Քննարկումներից մեկի ժամանակ, երբ խոսք էր գնում Հայաստանի տնտեսության եւ կոռուպցիայի հիմնախնդիրների մասին, արտասահմանցի մի մասնագետ ասաց՝ այդքան մի նեղվեք, բա Բանգլադե՞շն ինչ անի։ Իհարկե, նա չգիտի, որ բանգլադեշցիների եւ հայաստանցիների միջեւ կա մի մեծ տարբերություն՝ բանգլադեշցիները չեն հայտարարում, որ երբ իրենք մշակույթ ունեին, ուրիշները ծառերի վրա էին։ Փոխարենը, նրանք գլուխները կախ իրենց գործն են անում, եւ թեկուզ դանդաղ, բայց նվազեցնում են կոռուպցիան։ Իսկ մենք դեռ շարունակում ենք խոսել մեր փառահեղ մշակույթի ու երկնիշ աճի մասին ու գնալով մոտենում ենք Բանգլադեշին։

Եթե իշխանություններին հարցնեն՝ ի՞նչ եք արել մինչ այժմ կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ապա նրանք կթվարկեն արված քայլերի մի երկար ու տպավորիչ ցուցակ։

2003թ. վերջին ընդունվեց Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, հետո ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, Դատախազության կազմում էլ՝ կոռուպցիայի դեմ պայքարի բաժին։ Չխոսենք տարբեր միջազգային կազմակերպությունների, կոնվենցիաների ու պայմանագրերի մասին, որոնց մենք միացել ենք. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիա, Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ (ԳՐԵԿՈ), նույն խնդրով զբաղվող խորհրդարանական ԳՕՓԱԿ եւ այլն։ Ինչեւէ, ամենակարեւորը համարվում էր հենց Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որի մասին ընդունվելու ժամանակ այնպես էին խոսում, որ թվում էր՝ մեկ-երկու տարուց դառնալու ենք Շվեդիայի նման երկիր։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ այն պարզապես բարի ցանկությունների ժողովածու է՝ այլ փաստաթղթերից արտագրված գեղեցիկ բառերով։ Իսկ «Հակակոռուպցիոն ռազմավարություն» արտահայտության մեջ «հակա» նախածանցը կարելի է ընդհանրապես հանել, քանի որ 2003-ից ի վեր կոռուպցիան ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։ Եթե 2004-ին «Transparency International» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի ցուցանիշը 3.1 էր, ապա 2006-ին այն 2.9 էր։ Հիշեցնենք, որ որքան ցուցանիշը ցածր է, երկիրն այնքան կոռումպացված է։

Մինչդեռ մեր հարեւանները, որոնց մասին խոսելիս չարախնդում ենք ու ասում՝ մենք իրենցից հաստատ ժողովրդավար ենք եւ այլն, կայուն կերպով առաջընթաց են ապրում (տես նկարը)։ Չէ, այս համեմատությունն ամենեւին էլ նախանձ առաջացնելու փորձ չէ։ Պարզապես որոշ չափով բացատրում է, թե ինչու Հայաստանում ներդրումներ անում են հիմնականում ռուսները (որոնք գրեթե մեր օրի են), եւ ինչու Հայաստանի մասին միջազգային մամուլում խոսք գնալիս (հազարից մեկ) գրեթե միշտ հիշատակվում է կոռուպցիան։

Այն, որ վերջին 3-4 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում հետընթաց է նկատվել, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։ Գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները դրա մասին են վկայում։ «Պետության բոլոր մակարդակներում առկա կոռուպցիան շարունակում է խոչընդոտել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացումը»,- ասվում է «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության վերջին զեկույցներից մեկում։ Նման արտահայտությունների ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն իմաստ չունի. մարդիկ առանց այդ զեկույցների էլ շատ լավ տեսնում են՝ ինչ է կատարվում։ Եվ բացի այդ՝ ուզում ենք խուսափել «սխալ թարգմանություններից»։

Ստացվում է՝ իշխանությունները քափ ու քրտինք մտած աշխատում են կոռուպցիայի դեմ, իսկ կոռուպցիան ծաղկում է։ Դրսում էլ զարմանում են, որ իրենց տված խորհուրդներով քայլեր ենք ձեռնարկում, օրենքներ ընդունում, կառույցներ ստեղծում, բայց ոչ մի արդյունք չկա։ Իրականում զարմանալու պատճառ չկա, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար առաջարկվող բոլոր քայլերը՝ անկախ դատական համակարգ, ազատ լրատվամիջոցներ, հաշվետու կառավարություն, ակտիվ հասարակական սեկտոր եւ այլն, մնում են թղթի վրա։ Եթե այդ ամենը լիներ, կնշանակեր՝ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում։ Իսկ ժողովրդավարական լինելու համար հարկավոր է գոնե մեկ անգամ նորմալ ընտրություններ անցկացնել։ Այդ պատճառով էլ, երբ ԹԻ-ն հայաստանցիների շրջանում հարցում էր անցկացրել՝ թե ո՞րն է կոռուպցիայի դեմ պայքարի առաջին անհրաժեշտ քայլը, մարդիկ նշել էին մի բան, որը դժվար է գտնել կոռուպցիային նվիրված լուրջ աշխատություններում՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը։ Այսինքն, մարդկանց մեծ մասը հասկանում է, որ առանց լեգիտիմ, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության՝ անլուրջ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Իսկ արդար ընտրությունների անցկացման՝ ի պաշտոնե առաջին պատասխանատուն, ԿԸՀ-ն` իր ղեկավարով, անգամ «լայեղ» չի անում պատասխանել, թե ինչ միջոցներով եւ ինչու է ձեռք բերել նոր մեքենա, երբ հին «Ջիփն» օգտագործել են ընդամենը 2 տարի։ Այնտեղ զբաղվում են ավելի «լուրջ» խնդիրներով՝ մանավանդ կոնկրետ օրերին, երեկոյան ժամը 20։00-ից հետո…

Իսկ ընդհանրապես` կոռուպցիայի աճը երեւի պետք չի այդքան ծանր տանել: Բա այսքան «պլյուսի» մեջ մի մինուս է՞լ չլինի։