Դեռեւս անցած տարվա գարնանից Երեւանի քաղաքային իշխանությունները քանդեցին Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցները, հանեցին տրամվայի ռելսերը, խոստացան մինչեւ տարեվերջ շինարարությունն ավարտին հասցնել, բայց մոտ մեկ տարի թողեցին քանդած վիճակում:
Շինարարությունը պետք է իրականացվեր ամերիկահայ Քըրք Քըրքորյանի ֆինանսավորած «Լինսի» հիմնադրամի միջոցներով, բայց մեր իշխանությունները չհամբերեցին մինչեւ ֆինանսավորումը սկսվի եւ փողոցները նախօրոք քարուքանդ արեցին: Արդյունքում մի ամբողջ տարի խաթարվեց այդ երկու փողոցների երթեւեկությունը: Այս փողոցների շինարարությունը դեռ չավարտած՝ քաղաքային իշխանություններն այս տարի էլ Երեւանի տարբեր հատվածներում ձեռնարկեցին ստորգետնյա բազմաթիվ անցումների, ինչպես նաեւ՝ Սարալանջի փողոցի կառուցումը եւ Գետառը փողոց դարձնելու ծրագիրը: Այս պահին ստորգետնյա անցումներ են կառուցվում Խանջյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս, Բաղրամյան-Օրբելի, Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկներում, Կենդանաբանական այգու եւ Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց, շինարարություն է ընթանում նաեւ Բարեկամության հրապարակում: Ամբողջությամբ կամ մասամբ փակ են դեպի այս բոլոր կառուցապատվող հատվածները եկող փողոցները: Ինքներդ գիտեք, թե այս օրերին ինչ վիճակում է Երեւանի երթեւեկությունը: Մեքենաները ցանկալի վայրին մոտենալու համար շուրջերկրյա ճանապարհորդությանը մոտ գործողություն են կատարում, բացի այդ, քանդած փողոցներում վնասում են իրենց մեքենաները եւ ավելի երկար ճանապարհ անցնելով՝ ավելի շատ վառելիք են ծախսում ու վնասներ կրում: Իսկ մարդիկ կամ խուսափում են փողոց դուրս գալուց, կամ էլ քայլելիս կորցնում են կոշիկի կրունկը, ցեխոտվելու աստիճան փոշոտվում են, ստանում են վարորդների հայհոյախառն հանդիմանությունները եւ այս վիճակից դժգոհելով ու իշխանությունների հերն անիծելով՝ մի կերպ իրենց գցում են դեռեւս չքանդած որեւէ տարածք: Պարզ է, որ այս դեպքում փոխհատուցման մասին մտածելն անիմաստ է: Հատկապես, երբ Երեւանի քաղաքապետարանը ստեղծված իրավիճակի պատճառով անընդհատ ներողություն է խնդրում քաղաքացիներից եւ միաժամանակ զգուշացնում է, թե՝ «սիրելի քաղաքացիներ, այս բոլորը ձեզ համար է արվում»: Մեր քաղաքացիներն էլ հույսով սպասում են բարեկարգ ավարտին: Բայց այս դեպքում ի՞նչ անեն այն զբոսաշրջիկները, ովքեր այս տարի սխալվել եւ այցելել են Հայաստան: Բավականին սրտամաշ տեսարան է, երբ հետեւում ես, թե նրանք ինչպես են ցատկոտում քանդած փողոցների եւ փոսերի վրայով: Կարելի է համոզված լինել, որ հաջորդ անգամ նրանք Երեւանի փոսերի վրա ցատկոտելու համար մեծ գումարներ չեն ծախսի: Նրանցից գուցե միայն էքստրեմալ տուրիզմի սիրահարները գան:
Մի մտահոգություն եւս. միաժամանակ շինարարական աշխատանքներ են իրականացվում Երեւանի հյուսիսային հատվածը՝ Նոր Նորքի առաջին զանգվածները, Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքները կենտրոնին միացնող երեք՝ Մյասնիկյան, Ազատության, Կոմիտաս, նաեւ Բաղրամյան փողոցներում: Այս փողոցներով են Երեւանի կենտրոնին կամ հարավային հատվածին մոտենում նաեւ հյուսիսային շրջանների բնակիչները: Փաստորեն խաթարվել է Երեւանի հյուսիսը կենտրոնին եւ հարավին կապող ճանապարհների նորմալ երթեւեկությունը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ միանգամից քանդվեցին այսքան շատ փողոցներ, եւ Երեւանի քաղաքային իշխանություններն ինչո՞ւ որոշեցին միաժամանակ կառուցել այս բոլոր անցումները: Հնարավոր չէ՞ր արդյոք աշխատանքներն այնպես կազմակերպել, որ շինարարությունը մաս-մաս ընթանար, որպեսզի, օրինակ, Կոմիտասից «Ռադիոտուն» գնացող մեքենան միանգամից երկու կամ երեք՝ Արաբկիր կամ Զեյթուն եւ Կենտրոն համայնքներում չընկներ շինարարության, փոսերի ու խցանումների մեջ:
«Եթե մենք սկսում ենք մի ուղղության շինարարությունը, միեւնույն է, այդ ուղղությունով տրանսպորտային միջոցները սահմանափակվում են,- ասում է «Երեւաննախագիծ ինստիտուտի» տնօրեն Գուրգեն Մուշեղյանը, ով այս կառուցապատումների մեծ մասի նախագծերի հեղինակն է: -Եթե Խանջյանով սահմանափակում ենք երթեւեկությունը, ապա հարմար է, որ այդ ուղղությամբ պլանավորած բոլոր աշխատանքները միաժամանակ կատարենք: Նույնն էլ Բաղրամյան-Օրբելի եւ Բարեկամություն հատվածների դեպքում է: Եվ ամենակարեւորը՝ փողոցային ցանցը թույլ է տալիս, որ շինարարությունն արվի: Եթե փակվեր Խանջյանը եւ զուգահեռ՝ Ալեք Մանուկյանը, ապա հասկանալի է, կամ եթե փակվեր Բաղրամյանը եւ զուգահեռ՝ Գյուլբենկյան եւ Վաղարշյան փողոցները, ապա հասկանալի է, բայց Կասյանն ու Բաղրամյանը փակվում են, իսկ կողքի փողոցները ծանրությունը վերցնում են իրենց վրա: Կասյանը փակվել է, բայց երթեւեկությունն իրականանում է Հակոբյանով, Կիեւյան եւ Հրաչյա Քոչար փողոցներն աշխատում են: Օպերա կարելի է հասնել Գյուլբենկյանով եւ Բաղրամյանով: Բոլոր դեպքերում` բոլոր տեղերում կապ կա»:
Այս կառուցապատումների նախաձեռնողներն իրենց ծրագրերն արդարացնում են Երեւանի, հատկապես՝ կենտրոնի փողոցների երթեւեկությունը թեթեւացնելու եւ կարգավորելու պատճառաբանությամբ: Իսկ հետիոտնի համար անցումներ են կառուցում հատկապես շատ բանուկ եւ վտանգավոր հատվածներում:
«Դուք ինքներդ էլ գիտեք, թե որքան դժվար է անցնել Մյասնիկյան փողոցը` Գազանանոցի դիմացի հատվածով, կամ էլ Ազատության փողոցը՝ Հաղթանակի այգու դիմացով,- ասում է պարոն Մուշեղյանը: -Այդ հատվածներում փողոցն անցնելը վտանգավոր է, դրա համար էլ անհրաժեշտ է անցումներ կառուցել: Իսկ Սարալանջի փողոցը լուրջ նախագծային լուծում է եւ իրար է կապում Մյասնիկյան, Ազատության եւ Ավետիսյան փողոցները եւ Վաղարշյանով դուրս է գալիս Դավթաշենի կամուրջ»:
Հասարակության մեջ կարծիք է ստեղծվել, թե քաղաքային իշխանությունները ձեռնարկել են այս «փողոցային» շինարարությունը, որպեսզի մեծ գումարներ վաստակեն: Իսկ Սարալանջի փողոցն էլ կառուցում են, որպեսզի Հաղթանակի այգու շարունակության ծառահատված մասում նորակառույց առանձնատներով եւ դեռ չբնակեցված թաղամասն ունենա հարմար ճանապարհ: Իհարկե, Գ.Մուշեղյանը համաձայն չէ այս կարծիքի հետ: Նա երեւանցիներին հորդորում է համբերել մինչեւ եկող տարվա կեսը, հետո կհամոզվեն, թե որքան նպատակահարմար էր այդ անցումների ու փողոցների կառուցումը: Իսկապես, ժամանակը ցույց կտա, թե երեւանցիները հարմար կգտնե՞ն անցնել ստորգետնյա ճանապարհով, կամ էլ կենտրոն հասնելու համար կերթեւեկե՞ն ոչ թե ոլորապտույտ, այլ Սարալանջի ճանապարհով: Իսկ համոզվելու համար երկար ժամանակ չի մնացել. քաղաքային իշխանությունները խոստանում են 1 տարի հետո ապացուցել, որ իրենց նախաձեռնությունն արդարացի էր: