«Քաղաքական գործիչների մոտեցումներն ավելի թույլ են, քան վարորդներինը»

24/08/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայրաքաղաքի ավերակ դարձած փողոցների անանցանելի երթեւեկությունն անգամ տաքսու վարորդների ուշադրությունը քաղաքական խնդիրների մասին խոսելուց չի շեղում: Ընդհանրապես տաքսու վարորդները շատ հետաքրքիր վերլուծություններ են անում քաղաքականության մասին եւ որպես ՀՀ քաղաքացիներ՝ շատ հստակ արտահայտում են իրենց անձնական դիրքորոշումը:

Ինտելեկտուալները տաքսու վարորդ են աշխատում

Վարորդ Սուրենը չի ընդունում այն տեսակետը, թե մասնավորապես տաքսու վարորդները շատ քաղաքականացված են. «Սխալ մոտեցում է, որովհետեւ կարող է մի վարորդի հարցնեք մեր վարչապետի կամ արտգործնախարարի անունը` չիմանա: Մի անգամ դուք գրել էիք, որ վարորդները քաղաքականացված են, բայց ես չեմ ընդունում: Եթե դուք մի օր փորձեք վարորդների շրջանում հարցում անցկացնել, թե ով ինչ մասնագիտություն ունի` կհամոզվեք, որ մեր օրերում տաքսի է քշում մեր հասարակության ինտելեկտուալ հատվածը: Մեր սերվիսի վարորդների մեծ մասը բարձրագույն կրթության դիպլոմ ունի: Տնտեսագետ ունենք, ինժեներ ունենք, ռեժիսոր ունենք, տեխնիկ ունենք, մի խոսքով` բոլորն էլ ունեն մասնագիտություն, որը ժամանակին շատ հարգի է եղել: Օրինակ` ես մանկավարժ, բանասեր մարդ եմ ու էսօր սիրտս խառնում է, երբ անդաստիարակ մարդիկ նստում են մեքենա ու սկսում են իրենց անդուր ժարգոնով ինձ հրամայել: Ուզում եմ մի ապտակ տամ ու ասեմ` տղա ջան, ես որ քեզ նմաններին դաս էի տալիս ու խելք էի սովորեցնում` դու ո՞ւր էիր, որ էսօր քեզ դրել ես էս երկրի տեր ու տիրակալի տեղը»,- զայրանալով ասում է Սուրենն ու վստահեցնում, որ այսօրվա երիտասարդներից շատերը «ճիպոտի դաղոցի» պակաս ունեն: «Ուզում եմ ասել, որ վարորդները քաղաքականացված չեն, պարզապես վարորդ են աշխատում կարդացած, սովորած ու կիրթ մարդիկ: Դուք հարցեր եք տալիս մարդկանց, ովքեր մտածող են, ոչ թե բանվոր դասակարգ: Հավատացե՛ք՝ էսօրվա շատ վարորդներ չեն հարմարվում իրենց աշխատանքին, կաշկանդված են, ու, ինչպես ասում են` մենք մեր ափսեի մեջ չենք: Օրինակ` ես կարդում եմ ձեր թերթի հոդվածները ու եկել եմ էն համոզման, որ քաղաքական գործիչների մոտեցումներն ավելի թույլ են, քան վարորդ մարդկանց վերլուծությունները: Համեմատում եմ վարորդների մասին հոդվածների հետ ու գալիս եմ էն համոզման, որ մենք ավելի ռեալ մտածող ենք, ավելի ճիշտ վերլուծություն ենք անում, քան ԱԺ-ում հայտնված 8-ամյա կրթությամբ ու առած դիպլոմով վայ պատգամավորները: Բոլոր թերթերը նրանց հետ հարցազրույցներ են տպում ու հետո էլ ասում են, թե ժողովուրդը թերթ չի կարդում: Ժողովուրդն արդեն անգիր գիտի, թե որ պատգամավորը մի հարցազրույցի մեջ քանի անգամ «ինքնըստինքյան» բառը պիտի օգտագործի կամ էլ, թե` որ կուսակցության ղեկավարը քանի անգամ պիտի եվրոպական արժեքների մասին խոսի ու հետո էլ ծախվի եվրոպացիներին: Մարդիկ հոգնել են համատարած անգրագիտությունից: Ասում եք` քաղաքականացված ենք, բայց, եթե քաղաքականության համար եկած մարդիկ քաղաքականության «ա»-ն ու «բ»-ն չեն տարբերում, գոնե հասկացողները չխոսե՞ն էդ մասին: Ընդհանրապես, եթե մեր քաղաքական գործիչները խելոք լինեին՝ մեր վերլուծություններից շատ բան կսովորեին ու շատ ճիշտ եզրահանգումներ կանեին: Եթե հիշում եք, ընտրություններից առաջ ձեր հարցերը վերաբերում էին կուսակցություններին ու ընտրություններին: Եթե ուշադիր լինեք` կհամոզվեք, որ մեր եզրակացությունները ճիշտ էին: Իշխանության եկան էն մարդիկ, որոնք, մեր կարծիքով, պիտի գային»,- ասում է Սուրենն ու խորհուրդ է տալիս մի անգամ էլ անդրադառնալ տաքսու վարորդների մասնագիտություններին՝ հասկանալու համար, թե հասարակության ինտելեկտուալ զանգվածն ինչ աշխատանք է կատարում:

«Լեւոնը թող իշմար տա»

Վարորդ Ռուբենը զայրացած ասում է՝ «Բոլորը խոսում են քաղաքականությունից, բացի էն մարդկանցից, ովքեր պիտի խոսեն: Էսօր թերթերը գրում են, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին թեկնածությունը դնելու ա: Բոլորը Լեւոնի փոխարեն խոսում են, բացի իրանից: Ինքն էլ ոնց որ հայ ժողովրդին ծաղրի, բոլորն իրա փոխարեն խոսում են, բայց ինքը նստած գիրք ա գրում: Թող կանգնի, ասի՝ ժողովուրդ ջան, ես իմ թեկնածությունը դնելու եմ կամ չեմ դնելու: Պարտիզանի նման փակվել ա: Եթե ասում են՝ դնելու ա, ուրեմն՝ թող բարի լինի Տեր-Պետրոսյանը խոսա, ժողովրդի առաջ պատասխանատվություն զգա: Ի վերջո, նախագահ ենք ընտրելու: Նենց որ, եթե ինքն ուզում ա նորից մտնի քաղաքական դաշտ, թող խոսա կամ գոնե իշմար տա»,- խորհուրդ է տալիս Ռուբենը:

«Երեւանը մարմնավաճառների շուկա է դարձել»

Վարորդ Հովհաննեսը հումորով, գրագետ եւ նրբանկատ մարդ է: Երթեւեկելու ընթացքում նկատում է ամեն ինչ եւ չի զլանում նկատողություններ անել: Երբ հարցնում եմ, թե ինչ մասնագիտություն ունի` աչքերը փայլում են ու մի քիչ էլ տխրում է, որովհետեւ մասնագիտությամբ երգիչ է եւ երկար տարիներ աշխատել է Հանրային ռադիոյում. «Չեմ ուզում խոսել մասնագիտությունից, որովհետեւ մեջս շատ բան կա կուտակված: Եթե խոսեմ` շատ սուր բաներ եմ ասելու, բայց դեռ ուզում եմ լռել: Ռադիոյից դուրս եկա, որովհետեւ ուզում էի հայրենիքս պաշտպանելու համար իմ ներդրումն ունենալ: Գնացի կռվելու, իբր հերոսացա, հետ եկա, ու ինձ, ծիծաղելի թոշակով, ասեցին՝ ապրի: Էդ ծիծաղելի թոշակով չեմ կարող ապրել, Ռադիոյում էլ տեղ չունեմ ու հիմա այ սենց… տաքսի եմ քշում, որ 2 կոպեկ փող աշխատեմ»,- ասում է Հովհաննեսն ու խոր հոգոց հանելով՝ հասկացնում է, որ չի ցանկանում խոսել. ցավոտ է: Հետո, երբ փողոցներով երթեւեկելիս տեսնում է «գիշերային թիթեռնիկներին»` ասում է. «Նայե՛ք, էս մասնագիտությունն արդեն ամոթ չէ, բոլոր փողոցներում կանգնում են: Երեւանը դարձել է մարմնավաճառների շուկա, որ փողոցով երթեւեկում ես՝ սրանց շուկաներն են, բոլորն իրենց վաճառում են ու դա արդեն անում են առանց ամաչելու: Ահավոր է…»,- ասում է նա:

«Հայ աղջիկների ոտքերը սփյուռքահայ տեսնելիս թուլանում են»

Վարորդ Գուրգենն ասում է, որ ԱԺ ընտրություններից հետո մեզ մոտ «ռելաքս» է տիրում: «Մի քիչ ուրիշ բաներից խոսեք, էլի, թե չէ ընտրությունների ժամանակ՝ քաղաքականություն, ընտրություններից առաջ՝ քաղաքականություն, հետո էլ՝ քաղաքականություն, ու մեջն էլ բան չկա: Մարդ ենք վերջը, էդ կեղտոտ խաղերից հոգնում ենք: Եկեք խոսանք էն թեմայից, որ տուրիստներն էսօր նստում են մեքենա ու նենց են իրանց երեւակայում, կարծես արտասահմանի արքաներն եկել են մի 10-րդ կարգի պետություն: Սփյուռքահայերն իրանց նենց են երեւակայում, կարծես թագավորներ լինեն: Մեզ մոտ, որ էդ սփյուռքահայերից պատվեր ա լինում, ներվերս քայքայվում ա: Նստում են մեքենա ու սկսում են իրանց լավ տղու տեղ դնել, թե` աս ինչ է, ան ինչ է: Նենց արհամարհանքով են խոսում, ոնց որ տեղացիներով իրանց մի գլուխ պարտք ենք: Էն օրը մի սփյուռքահայ իծամորուք, շորտիկով ու նակոլկեքով մայմուն տղա իրա ընկերուհու հետ նստել ա մեքենաս: Չեք պատկերացնում` էդ աղջիկն ինչ ձեւ ա նվաստանում դրա առաջ: Դրա պահվածքից ես հասկացա, որ հայաստանաբնակ ա: Քիչ էր մնում ընկներ էդ տղու ոտքերը, մի խունջիկ-մունջիկ ա լինում, մի լպստում ա դրան: Նա ասում ա` գնանք թատրոն՝ ներկայացում դիտենք, սա էլ, թե` չէ, Մասիս ջան, արի գնանք կաֆե, մի բան ուտենք, սոված եմ: Տղեն ասում ա` գերագուր մը վերցնինք, ուտելով գնանք, սա էլ թե՝ չէ՛, ես տաք կերակուր եմ ուզում: Տենց էդ Մասիսին տարավ, որ «քցի», բայց ոնց էի ներվայնացել դրա ստոր պահվածքի համար: Ախր մեր հպարտ հայ աղջիկներն ինչի՞ են էսքան նվաստանում: Մտածում եմ` դրա համար էլ սփյուռքահայերին թվում ա, թե իրանք մեզնից մի գլուխ բարձր են»,- նեղսրտած պատմում է Գուրգենն ու հիշում իր մշտական ուղեւորներից մեկին: «Ես իրա ցավը տանեմ, 25 տարեկան աղջիկ ա, իրա ընտանիքի նեղ վիճակից մատուցողուհի ա աշխատում ու ամեն գիշեր մեզ պատվեր ա տալիս: Ինչ նամուսով, թասիբով երեխա ա, չեք պատկերացնում: Ինքը նենց դիրք, բնավորություն ունի, որ թող հըլը մեկը փորձի իրան թարս աչքով նայի: Մեր վարորդներն իրան լավ ճանաչում են, ու բոլորս էլ գիտենք, որ մեր պատվիրատուն, որ գիշերվա 12-ին կամ 1-ին ա տուն գնում, պատվի մեռած ա, իրա խաթրին կպնող չի լինի, որովհետեւ ինքը թույլ չի տա: Բայց աղջիկներ էլ կան, որ սփյուռքահայ են տեսնում, թե չէ` ոտքները թուլանում են»,- ասում է Գուրգենը:

«Քաղաքապետին դատի կտայի»

Վարորդ Խաչիկն, ինչպես միշտ, քաղաքականության մասին խոսելիս՝ ուշադրություն է դարձնում մեր քաղաքական գործիչների վարքագծին. «Ախր մի քաղաքական գործչի անուն տվեք, որն իր կենսագրությունով դրական մարդ ա: Բոլորի կյանքում ինչ-որ կրիմինալ կամ մութ պատմություն կա: Է, ժողովուրդը նման մարդկանց հանդեպ ո՞նց հարգանք ունենա: Եթե քաղաքականության մեջ են կեղտոտ կենսագրություն ունեցող մարդիկ, ուրեմն` մեր պետությունը ողբալի վիճակում ա, որովհետեւ վերին էշելոնը հանցագործներինն ա: Եթե օրենսդիր մարմնում կրիմինալ անցյալ ունեցող մարդիկ են նստում, ուրեմն` դրանց գրած օրենքները սուտ են, որովհետեւ կրիմինալը չի սիրում օրենք, կրիմինալն ունի իրա օրենքները: Դրա համար էլ բարձիթողի վիճակ ա, մի օր մեկին են խփում, մյուս օրը մեկի վրա կրակում են, էն մյուս օրն էլ մեկին սպանելու համար անմեղ երեխա ա կորում: Շատ ճիշտ խոսք կա, որ ձուկը գլխից ա հոտում: Եթե ուզում են Հայաստանը դարձնեն օրենքի երկիր, ուրեմն` պետք ա օրենք հարգող, պարկեշտ մարդիկ գան իշխանության: Օրինակ` նայե՛ք էս փողոցների վիճակն ու մի հատ հարց տվեք մեր նախագահին: Եթե վարորդին դնում են էս խայտառակ վիճակի մեջ ու, եթե վարորդը ելնելով փողոցի անտանելի վիճակից՝ մեկի մեքենային խփում ա, ի՞նչ խղճով են վարորդի վրա սանկցիա դնում»,- հարցնում է Խաչիկն ու մատնացույց անում գրեթե իրար կպած երթեւեկող մեքենաներին: «Եթե մեզ մոտ օրենք գործեր` ես մեծ սիրով քաղաքապետին դատի կտայի ու կասեի, որ էս պաշտոնյան լրիվ սահմանափակել ա քաղաքում երթեւեկելու իմ իրավունքը: Վարորդներին դրել են փակուղու մեջ ու ամեն օր էլ ելույթ են ունենում, թե՝ պահպանեք երթեւեկության կանոնները: Եթե փողոց չկա, ո՞նց պահպանես երթեւեկության կանոնները: Եթե ավտոբուսը քո վրայով ա երթեւեկում, եթե հետիոտնը մեքենայիդ քսվելով փողոց ա անցնում, որովհետեւ փողոց անցնելու ոտքի տեղ չեն թողել, ո՞նց պահես: Էս փողոցների ձեռքը մարդ խելագարվում ա, օրը մի 20 անգամ մեր փողոցներով երթեւեկես` հիվանդության բուն ա: Հետո էլ ասում եք` քաղաքականություն, էս չի՞ սրանց քաղաքականությունը, ինչպես միշտ մարդկանց իրավունքները տրորում են, ու ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի զգում: Եթե քաղաքականություն լիներ` Քոչարյանը Զախարյանին պիտի աքսորեր»: