Ինչպես են հայերն այսօր մեկնաբանում իրենց ասացվածքները

12/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում միշտ ձգտել է արդարության: Բոլոր ազգերի եւ ազգությունների հեքիաթներում, առակներում եւ ասացվածքներում բարին, գեղեցիկը, լավը միշտ գովաբանվում են, իսկ չարն ու խաբեբան՝ պատժվում: Ժամանակակից աշխարհում դա արտահայտվում է, օրինակ, Հոլիվուդի հայտնի ֆիլմերի «happy end»-ով:

Փորձենք պարզաբանել, թե որ հայկական ասացվածքներն են այսօր շատ օգտագործվում: «Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»: Մեր հայրենակիցների մեծ մասն այսօր Միացյալ Նահագներում, Ռուսաստանում եւ Եվրոպաներում է: Չգիտեմ, նրանց իրենց տերե՞րն են տարել այնտեղ, թե՞ գելերը, բայց այստեղ երբ դուրս ես գալիս փողոց, պարզ երեւում է, ում է տերը տարել եւ ում՝ գելը: Իսկ տերերին ուզում եմ հիշեցնել, որ մենք ուրիշ ասացվածքներ էլ ունենք, օրինակ` «Օձը տաքացնողին է կծում» կամ «Լավություն անողի գլուխը ծակ է»: Մնացել է հասկանալ` լավություն անելուց առա՞ջ է գլուխը ծակ լինում, թե՞ անելուց հետո է ծակվում:

Այսօր այլ կերպ է հասկացվում «Ինչ լինում է՝ ժեշտին լինի» ասացվածքը, որովհետեւ այնքան մարդու ուղեղ է ժանգոտել, որ կմտածեն` իրենց ես «նամյոկ» անում:

Առաջ մենք ավելի շատ հիշում էինք այս ասացվածքները. «Ով աշխատի, նա կուտի», «Լավ սկիզբը գործի կեսն է», «Շատի ետեւից ընկնես, քիչն էլ կկորցնես», «Տաշած քարը գետնին չի մնա»: Հիմա սրանք չեն գործում, որովհետեւ «շատի հետեւից ընկնողը միշտ ավելի շատ է ունենում», պարզ չի, թե ով է աշխատում եւ ով ուտում, տաշած քարերը վաղուց արդեն Հայաստանում չեն, իսկ լավ սկիզբն ուրիշներն են խլում, որովհետեւ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ընդ որում, սրանք այնքան են ուժեղացել, որ ոչ միայն մի ձեռքով երկու ձմերուկ են բռնում, այլեւ մի քանի դդում ու եմիշ էլ կարողանում են մյուս ձեռքով բռնել:

Օրինակ, ի՞նչ է նշանակում «Գնա մեռի` արի սիրեմ»: Հո մենք նեկրոֆիլ չե՞նք: Կամ` «Էշ մի սատկի` գարուն կգա»: Հանգիստ եղեք, հիմա էշերը չեն սատկում, հիմա «էշերը նենց են խրտնում, որ ձիուց բեթար է լինում»:

Օրինակ, հետաքրքիր է, երբ արտասահմանցիները հայերեն են սովորում, ինչպե՞ս են հասկանում «Էշն ինչ գիտի, նուշն ինչ է» կամ «Խոզի գլուխը ինչքան էլ դնես խալու վրա, մեկ ա, գլորվելու է, ընկնի ցեխը» արտահայտությունները: Ասեմ, որ այսօր մերոնցից էլ են քչերը հասկանում դա: Բայց, ինչպես ասում են` «լավ է ուշ, քան երբեք», որովհետեւ «ջրի բերածը ջուրն էլ տանելու է»:

Այսօր, երբ «գողը գողից գողանում է, Աստված վերից զարմանում», մենք չենք զարմանում, որովհետեւ «ո՞վ ա հետը ինչ տարել, որ դրանք տանեն»: Ու ինչքան էլ հետո «աղվեսը պոչին վկա բերի», մեկ է, «աղվեսն երկու ոտով ա թակարդն ընկնելու»: Դուք նկատե՞լ եք, որ «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը մեր այսօրվա արտագաղթի բանաձեւն է: Կոռուպցիայի դեմ անկապ պայքարողների, բարձրաստիճան ու «բարձրափիլաքյան» այրերի ուշադրությունն ուզում եմ հատուկ հրավիրել «Մեղր ծախողը մատը կլիզի» ասացվածքի վրա: Այս ամբողջ բառախաղի մեջ մի բան հաստատ է, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, դրա համար էլ լավ հիշեք «Աստված էլ բեթարից ազատի»-ն, որովհետեւ «մինչեւ չգա նորը, չի հիշվի հինը»: