Հովհաննես պապը՝ պետություն փնտրելիս

24/08/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ Սահմանադրության հոդված 3. «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

80-ն անց Հովհաննես պապը ՍՍՀՄ փլուզումից հետո պետություն է փնտրում: Ամիսներ առաջ այս պապիկը կատարակտ հիվանդության պատճառով գրեթե կորցրել էր տեսողությունը: Շոշափելով եկել, հասել էր խմբագրություն, որ կարողանար վրդովմունքն ինչ-որ մեկի մոտ արտահայտել: Աչքը վիրահատելու համար նրանից 25.000 դրամ գումար էին պահանջում, իսկ այդքան գումար, ինչպես ինքն է ասում՝ Սովետից հետո չի տեսել: 12.000 դրամ թոշակ է ստանում, որի մեծ մասը տալիս է կոմունալ ծառայությունների դիմաց: Հովհաննես պապը նախարարությունների, կուսակցությունների ու մարդկանց անունների մի մեծ ցուցակ էր թվարկում, որոնց դիմել է 25.000 դրամ տրամադրելու խնդրանքով, սակայն բոլորն էլ մերժել են: Ասում էր՝ «Մի պետության մեջ այսքան բարձրագույն մարմիններ կան, որոնք, սակայն, մի կույր բուժելու ցանկություն չունեն»: «168 Ժամի» «Կուրացող ծերունին մեկ տարի է 25.000 դրամ է փնտրում» հրապարակումը մեծ արձագանք ունեցավ: Խմբագրություն զանգահարեցին մարդիկ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին նյութապես աջակցել ծերունուն: Հովհաննես պապը Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում վիրահատվեց, մի աչքի տեսողությունը վերականգնվեց, սակայն բժիշկը նրան տեղեկացրել էր, որ պարտադիր կերպով պետք է երկրորդ աչքն էլ վիրահատել, այլապես տեսողությունը կորցնելն անխուսափելի է: Վիրահատությունից հետո Հովհաննես պապիկը ժամանակ առ ժամանակ գալիս է խմբագրություն: Ասում է՝ «Կարոտել եմ ձեզ, իմ հարազատները դուք եք: Մեր երկրում ծերերը տեղ չունեն»: Ընդհանրապես նա բավականին կիրթ եւ հետաքրքիր մարդ է, նրա հետ կարելի է ամեն ինչից խոսել: Իրականում Հովհաննես պապիկների նմանների համար պետություն է պետք, որպեսզի նման ծայրահեղ իրավիճակներում պետությունը պաշտպանի իր երկրի ծերերին: Ասում է՝ «Հասկանո՞ւմ ես, ես աներես մարդ չեմ, ես ամոթի մեռած եմ, բայց, երբ աչքերիդ լույսը խավարում է՝ ամեն ինչի պատրաստ ես»: Հովհաննես պապն ամոթից կմկմալով է խոսում, կաշկանդված է, որ կրկին մեզ է դիմել, մեզ էլ կաշկանդում է էն հանգամանքը, որ 80 տարեկան ծերունին պետություն է փնտրում, չի գտնում ու գալիս է մեզ մոտ՝ մի քիչ կիսվելու, թեթեւանալու: Ասում է՝ «Էն ժամանակ բժիշկն ասեց, որ անպայման մյուս աչքն էլ պետք է վիրահատենք, որ չկուրանաս, մտածում էի՝ մի լույս կբացվի, բայցգ չկա, տարբերակ չկագ»: 80-ամյա ծերունին աննկարագրելի ընկճված է: Աչքը վիրահատելու համար կրկին 25.000 դրամ է պետք, որպեսզի ոսպնյակ գնեն: Ասում է՝ «Ուր պտտվում, պտտվում եմ, միակ լուսավոր կետն այստեղ է: Ամոթից մեռնում եմ, բայց ուրիշ տարբերակ չունեմ: Եթե դիմեմ Սոցապ նախարարություն, պիտի մի քանի ամիս սպասեմ ու հետո էլ պարզ չէ` 3000 դրամ կտա՞ն, թե՞ ոչ: Էդ 3000 դրամից ավելի եմ ամաչում: Ախր ո՞նց կլինի, որ թոշակառու հիվանդ մարդը լույսը կորցնում է ու չգիտի՝ ում դիմել: Ախր, էս ի՞նչ երկիր է, էս ի՞նչ անարդարություն է, էս ի՞նչ անտեր պետություն է»:

Մեր երկրի ծերերը որբի պես էս կառույցից էն կառույց աջակցություն են խնդրում: Նրանք ծեր են, հիվանդ, ու նրանց պետք է պաշտպանի մեր պետություն կոչվածը, որին նրանք փնտրում են ու այդպես էլ չեն գտնում: