Հեռուստատեսությունները սովորաբար նոր եթերաշրջանը սկսում են սեպտեմբերին, եւ հենց աշնան սկզբից էլ փորձում են նոր հաղորդաշարեր հեռարձակել:
Ուշագրավ է, որ որոշ ալիքներ, արդեն ավանդական դարձած երաժշտական եւ պարային մրցույթներից, հեռուստատեսային կամ էստրադային «աստղեր» պատրաստելուն միտված շարունակական ծրագրերից բացի, առաջին «քարերն» են դնում ազգային սերիալների եւ հեռուստատեսության բազայի վրա նկարահանվող ֆիլմերի կառույցների հիմքում: Այս տարի միանգամից երկու խոշոր ալիք սեփական կինոարտադրանքով հանդես կգա: «Հ1» հանրային հեռուստաընկերությունը` օգտագործելով «Երեւան» ստուդիայի կինոբազան, նկարահանում է լիամետրաժ խաղարկային ֆիլմ, իսկ «Արմենիան»` հիմնվելով արդեն սեփականաշնորհված «Հայֆիլմ» կինոստուդիայի հզորությունների վրա, 120 մասանոց սերիալ է նկարահանում:
«Հ1»-ն ու «Երեւան» ստուդիան արդեն ավարտել են պայմանական վերնագիր ունեցող «Արջերն ու սկյուռները» ֆիլմի նկարահանումները, հիմա ֆիլմը մոնտաժվում է: Ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ֆիլմը բնորոշեց՝ որպես «շատ երկրային, հողեղեն, հասկանալի եւ պարզ մի սիրային պատմություն»: Ֆիլմի գրական նյութն անգլիացի դրամատուրգ Ջոն Օսբորնի «Ե՛տ նայիր զայրացած» ըմբոստ ու բազմաշերտ պիեսն է, որը բազմաթիվ փոփոխություններ է կրել եւ ադապտացվել մեր իրականությանը: «Ֆիլմի հիմքում սիրային դրամա է, որը, հուսով եմ, բոլորին հասկանալի կլինի: «Աջ ձեռքով ձախ ականջը բռնելու» փորձեր չենք արել»,- ասաց Հ.Քեշիշյանը: Ֆիլմի աշխատանքային անվանումը փոխվելու է, այն էկրան կբարձրանա տարվա վերջում: Երիտասարդ դերասաններից` Խ.Լեւոնյանից, Ն.Հովհաննիսյանից, Ն.Պետրոսյանից, Ա.Մարգարյանից բացի՝ ֆիլմում նկարահանվել է «հրավիրված աստղ» Հրաչյա Հարությունյանը:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունն իր սերիալի նկարահանումները դեռ նոր է սկսել: Հատուկ նկարահանումների համար «Հայֆիլմ» կինոստուդիայում միանգամից ինը տաղավարներ են ստեղծվել, որոնք ներկայացնում են սրճարան, վարսավիրանոց, բանտախուց, հերոսների բնակարաններ: Սերիալը նկարահանվում է սերիալներին հատուկ կանոններով. ուրվագծվում են հիմնական սյուժետային գծերը, սակայն սցենարն անընդհատ լրացվելու եւ փոփոխվելու է: Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը գտնում է, որ «ամբողջական սցենար գրելն անիմաստ է», քանի որ կյանքն ինքը փոփոխական է: Սերիալը կառուցվելու է գլխավոր հերոսուհու` 30-35 տարեկան կնոջ կերպարի շուրջ: Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը մարմնավորելու է երջանկություն որոնող կնոջը, ով ապրում է մեր օրերում, հիշում անցյալն ու երազում պարզ եւ մաքուր կանացի երջանկության մասին: Սերիալը դեռ անվանում չունի, սակայն հեղինակները համոզված են, որ վերնագրում անպայման տեղ է գտնելու «երջանկություն» բառը: «Սերիալը ծայրից ծայր ռոմանտիկա է լինելու, աշխատելու ենք կենցաղը շատ ցույց չտալ եւ փորձելու ենք այնպես անել, որ սերիալում պատկերված կյանքը հասկանալի եւ ընդունելի լինի հանդիսատեսի համար»,- ասաց Դ.Բաբախանյանը: Սերիալի տարածքում ապրելու են նախանձողները, դավաճանները, հավատարիմ ընկերներն ու միամիտները: Սերիալում հայտնի դերասաններ եւ հնչեղ անուններ քիչ են լինելու: Հատուկ սերիալի համար երաժշտություն է գրել երգիչ Հայկոն: Շուտով շաբաթը երեք օր հայ հանդիսատեսը կարող է հետեւել հայկական սերիալային կյանքին եւ հայկական երջանկության որոնումների ականատեսը դառնալ: Բրազիլական ու մեքսիկական կրքերի կողքին բորբոքվելու են հայկական կրքերը: Հաշվի առնելով նաեւ «Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածները» սերիալը, կարելի է արձանագրել, որ «սառույցը շարժվում» է, եւ սերիալների միջոցով վերակենդանանում է կինոպրոցեսը, իսկ դերասանները դերեր են ստանում: Բացվում է մի տարածք, որտեղ մրցակցություն է հնարավոր, իսկ դա նշանակում է, որ հեռու չեն այն ժամանակները, երբ կարելի է խոսել հեռուստատեսային արտադրանքի որակի ու գեղարվեստական ճաշակի մասին: