Աստված հասնի

24/08/2007

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, որոշ տեղեկություններով, պատգամավոր դառնալուց հետո Գառնիում սկսել է առանձնատուն-ամառանոց կառուցել: Նա բավականին մեծ հողակտոր է ձեռք բերել ու գցել է առանձնատան հիմքերը: Ինքը` Կարեն Ճշմարիտյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատեց, որ Գառնիում հող ունի եւ ցանկանում է առանձնատուն կառուցել, սակայն ավելացրեց, որ հիմքային մասի աշխատանքներն ավարտելուց հետո դադարեցրել է շինարարությունը, որովհետեւ «թանկ է նստում»: «Գառնիում ես հող գնել եմ վաղուց: Միգուցե հետո բիզնեսով զբաղվեմ եւ կարողանամ տունը կառուցել»,- ասաց Կ.Ճշմարիտյանը, որի անունը, ինչպես հայտնի է, կապվում է մի շարք խոշոր բիզնեսների հետ` սկսած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, վերջացրած «Golden Palace» հյուրանոցով, որի սեփականատերը դե յուրե Ճշմարիտյանի հորեղբոր տղան է: Ի դեպ, Վահագնի թաղամասում առանձնատուն է կառուցում նաեւ պատգամավոր դարձած մեկ այլ նախկին նախարար՝ Վարդան Այվազյանը: