Ծեծել են նախկին պատգամավորին

24/08/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Անցած շաբաթ Երեւանում արձանագրված հերթական «ռազբորկայի» արդյունքում ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը, որը բազմաթիվ կոտրվածքներով ներկայումս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ շրջանառվող լուրերի, միջադեպը կապված է եղել մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ: Սահակյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 16 ընտրատարածքում, որտեղ պարտվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Տիգրան Ստեփանյանին: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն էլ, որը Սամվել Սահակյանի ընտրվելու համար բավական մեծ գումար է ծախսել, ըստ նույն լուրերի, իր փողերը փորձում է ստանալ Տիգրան Ստեփանյանից, որի հետ, ըստ ամենայնի, նախնական պայմանավորվածություն է ունեցել: Սամվել Սահակյանն էլ ծեծի է ենթարկվել փողերը վերադարձնելու վերաբերյալ ծավալված հերթական վեճի արդյունքում: Եվ չնայած Սամվել Սահակյանը հերքում է, որ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի, այդուհանդերձ ասում են՝ Հրանտ Վարդանյանը խոստացել է համարժեք պատասխան տալ: Թե ում` ցույց կտա ժամանակը:

Օգոստոսի 14-ին, երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում Չարբախ թաղամասի թիվ 79 դպրոցի մոտ ծեծի են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր, «Մասիս Տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը ու նրա որդին` Մանվել Սահակյանը:

Նույն օրը, ժամը 21:10-ին Սամվել Սահակյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունք: Ըստ Ս.Սահակյանի բուժող բժշկի` Վահրամ Համբարձումյանի, հիվանդի մոտ առկա է եղել փակ գանգուղեղային վնասվածք, քունքոսկրի գծային կոտրվածք, քթի մեջքի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ եւ բթամեջքի կոտրվածք: Այս վնասվածքները, բժշկի գնահատմամբ, համարվում են թեթեւ աստիճանի ծանրության: Դեռեւս հայտնի չէ, թե որքան ժամանակ Ս. Սահակյանը կմնա բժիշկների հսկողության տակ, քանի որ նախկին պատգամավորին բուժող բժիշկը նշեց, որ օգոստոսի 24-ին Ս. Սահակյանը նորից պետք է համակարգչային հետազոտության ենթարկվի, որից հետո միայն պարզ կդառնա, թե նա ինչ բուժում պետք է ստանա։ Վերջինս երեկ մեզ հետ զրույցի ընթացքում վստահեցնում էր, որ իր ինքնազգացողությունն արդեն նորմալ է, ճիշտ է` քիչ, բայց արդեն կարողանում է խոսել, քայլել:

Ս. Սահակյանի հավաստմամբ, իր հետ կատարվածը զուտ կենցաղային դրդապատճառներ է ունեցել, եւ լուրերը, թե միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա` իրականությանը չեն համապատասխանում: Մեր տեղեկություններով, սակայն, միջադեպը կապված է եղել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Հիշեցնենք, որ Սամվել Սահակյանն իր թեկնածությունն առաջադրել էր Մասիսի շրջանի թիվ 16 ընտրատարածքում, որտեղ հաղթել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Տիգրան Ստեփանյանը: Ըստ որոշ լուրերի, «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուից փորձել է ամեն գնով ետ ստանալ այն գումարները, որոնք նա ծախսել է ընտրությունների ժամանակ Ս. Սահակյանին պատգամավոր դարձնելու համար: Ստեփանյանի թիմակիցները հրաժարվել են «փոխհատուցել» Հրանտ Վարդանյանի ծախսերը, սակայն վերջինիս կողմնակիցները շարունակել են հետապնդել Ստեփանյանի թիմակիցներին, ինչի արդյունքում էլ` Ս. Սահակյանը հայտնվել է հիվանդանոցում: Բայց երեկ, ինչպես արդեն նշեցինք, Ս. Սահակյանը հերքում էր այդ վարկածը` ասելով, թե իր հետ տեղի ունեցածը զուտ կենցաղային վեճի արդյունք է: «Ճիշտ է` հիմա շատ են նման դեպքերը, բայց ինձ հետ կատարվածն էլ է եղել երթեւեկության պատճառով: Երկու մեքենաներով իրար շատ մոտ էինք գնում` կողք կողքի, դրանից էլ ծագեց վեճը»,- պատմում էր Սահակյանը: Նրա ասելով, իր մեքենայի մեջ, բացի իրենից, եղել է եւս մի հոգի, այսինքն` իր որդին: Մյուս մեքենայում եւս, վարորդից բացի, մեկ ուղեւոր է եղել: Սկզբում վեճն անցել է «հավասար պայմաններում», սակայն, ըստ Սահակյանի, քիչ անց մյուս կողմին միացել են եւս երկու հոգի: «Սկզբում երկուսով էին, հետո էլի երկուսն ավելացան ու այսպես էլի…»,- ցույց տալով գլխի, թեւերի վնասվածքներն՝ ասում էր Ս. Սահակյանը: Նա չէր ուզում այդ մասին երկար խոսել եւ կրկնում էր` «բան չի եղել, կանցնի` կգնա»: Ինչպես եւ՝ որ կատարվածն ընտրությունների հետ կապ չունի: «Ես պարզել եմ, թե ովքեր են եղել այդ տղաները. նրանք սովորական, միջին խավի արհեստավորներ էին: Քաղաքական ոչ մի բան չկա, դրանք սուտ բաներ են: Ասում եմ` կենցաղային կռիվ էր»,- ասում էր նախկին պատգամավորը: Նշենք, որ Ոստիկանության աշխատակիցները եղել են իր մոտ, հարցաքննել են, սակայն նա դեռեւս տեղյակ չէր, թե Ոստիկանությունն այս գործի առնչությամբ ինչ քայլեր է ձեռնարկել: «Ոստիկանության աշխատակիցները եկել են ինձ մոտ, զրուցել են, բայց չգիտեմ, թե ինչ են արել»,- ասում էր նա:

Սահակյանին բուժող բժիշկ Վահրամ Համբարձումյանը մեր հարցին, թե ի՞նչ վիճակում է հիվանդանոց տեղափոխվել Ս. Սահակյանը, պատասխանեց, թե տեղյակ չէ, որովհետեւ հիվանդին ընդունելու պահին ինքը հիվանդանոցում չի եղել: «Ես այդ պահին այստեղ չեմ եղել, հիվանդին ընդունել է հերթապահ բժիշկը, դրա համար չեմ կարող ասել, թե ինչ վիճակում էր: Հիմա ընդհանուր վիճակը բավարար է, մենք կրկնակի կոմպյուտերային տոնոգրաֆիկ հետազոտություն պետք է անենք երեք օր հետո, որպեսզի տեսնենք` փոքրիկ կանտուզիոն օջախ կար` ներծծվե՞լ է, թե՞ ոչ: Ես իրեն տեսել եմ դեպքի հաջորդ օրն առավոտյան: Այդ ժամանակ նա եղել է հարաբերական բավարար վիճակում: Նրան չեն վիրահատել, ստանում է դեղորայքային բուժում»,- ասաց Վ. Համբարձումյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ս. Սահակյանին, բացի Ոստիկանության աշխատակիցներից, ուրբաթ օրն այցելել են նաեւ դատաբժիշկները: Երեկ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ օգոստոսի 14-ին, ժամը 19:55-ին Չարբախի Ոստիկանություն ահազանգ է եղել, որ Չարբախի թիվ 79 դպրոցի մոտ 18:30-ի սահմաններում Սամվել Սահակյանն ու իր որդին` Մանվել Սահակյանը, վիճաբանության են բռնվել երկու հոգու հետ, ովքեր ոտքերով, ձեռքերով եւ փայտով հարված են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ հավաստեցին, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ եւ, ելնելով նախաքննության գաղտնիությունից, առայժմ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել: