Անհրաժեշտ զուգադիպություն

24/08/2007

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով երեկվանից 6 օրով դադարեցվել է Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, այդ ժամանակահատվածում Հայաստանում սպառողների գազամատակարարումը կապահովվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում պահեստավորված գազի հաշվին: Միաժամանակ, «Երեւանգազ» ընկերությունն էլ տեղեկացրել է, որ կրկին օգոստոսի 20-ից Երեւանի գրեթե բոլոր համայնքներում (Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն համայնքի Կիլիկիա, Նորագյուղ, Կոնդ, Կոզեռն թաղամասեր, Խորհրդարանի, Գ. Լուսավորիչ, Պարոնյան, Մաշտոց, Սարյան, Բաղրամյան, Անտառային, Դեմիրճյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Լեո, Բրյուսով, Արշակունյաց փողոցներով պարփակված թաղամասեր, ինչպես նաեւ՝ Կոտայքի մարզի Զովունի եւ Քասախ գյուղեր) մինչեւ օգոստոսի 23-ն իրականացվելու են գազաբաշխման ցանցում գործող գազատարների վրա ներմիացման աշխատանքներ, ինչի պատճառով դադարեցվելու է նշված բնակավայրերի սպառողների գազամատակարարումը: Հետաքրքիր է, որ «ՀայՌուսգազարդից» հայտարարել են, թե նշված անջատումները կապված են պլանային աշխատանքների հետ եւ պայմանավորված չեն ՀՀ մուտք գործող գազի ժամանակավոր դադարեցմամբ: