Այս օրերին մեր երկիրը գտնվում է ընտրական թոհուբոհի մեջ: Ու, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, մեր երկրում ընտրական պրոցեսներն ուղեկցվում են ընտրակաշառքներով, ստորագրություններ կեղծելով, անձնագրեր հավաքելով, իրար հետ թշնամանալով, «իրար տակ փորելով» ու բազմաթիվ այլ նմանօրինակ ոչ այնքան հաճելի բաներով:
Տվյալ դեպքում խոսքը բնակիչների կողմից իրենց ընտանեկան բժիշկներին ընտրելու գործընթացի մասին է: Մեր երկրի առողջապահական համակարգում այս շրջանում մեծ փոփոխություններ են իրականացվում: Դրա բաղկացուցիչներից է նաեւ ընտանեկան բժիշկների ինստիտուտի ներդրումը: Բազմաթիվ բժիշկներ անցած 1-1,5 տարվա ընթացքում վերապատրաստվել են ու ստացել ընտանեկան բժշկի որակավորում: Ընդ որում` «վերապատրաստվել» ասվածն էլ այս դեպքում խիստ չափազանցված է, քանզի դրանք եւս իրականացել են «ավանդական» մեթոդներով, զուտ ձեւական, «պտիչկա» դնելու համար (դրանց տված «օգուտն» այն է եղել, որ «վերապատրաստելու» եւ համապատասխան որակավորման մասին վկայող փաստաթուղթ տալու համար ոմանք տարբեր արտարժույթների կամ իրերի տեսքով «մաղարիչ» են ստացել): Արդյունքում մեր երկրի առողջապահական համակարգում քիչ թիվ չեն կազմում ողբալիորեն անգրագետ «բժիշկները»: Իսկ, այսպես կոչված, ընտանեկան բժիշկների «վերապատրաստման» գործընթացը դեռ շարունակվում է: Դրան զուգահեռ՝ այս օրերին հանրապետությունում ընթանում է բնակիչների հավաքագրման գործընթաց: Ի՞նչ է սա նշանակում: Մեր պետությունը որոշել է մեր երկրում ներդնել ընտանեկան բժշկի ինստիտուտը: Զգալի թվով բժիշկներ այդ նպատակով վերը նշված ձեւերով «վերապատրաստվել են» եւ ստացել ընտանեկան բժիշկ աշխատելու իրավունք: Նախատեսված է, որ յուրաքանչյուր ընտանեկան բժիշկ պետք է սպասարկի ամենաքիչը՝ 1000, առավելագույնը՝ 2300 հիվանդի: Ընտանեկան բժշկի աշխատավարձն էլ գոյանալու է՝ ելնելով նրա մոտ գրանցված անձանց քանակից: Իսկ քանի որ մեր երկիրն էլ ժողովրդավարական երկիր է (համենայնդեպս, Սահմանադրության մեջ այդպես է նշված), բժշկի ընտրությունը եւս լինելու է ժողովրդավարական սկզբունքներով. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում, թե ով պետք է լինի իր ընտանեկան բժիշկը: Եվ այս օրերին էլ ընթանում են հենց այդ «ընտրությունները»: Բնականաբար, ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրման համար համապատասխան մարմիններին որոշակի գումարներ են հատկացվել, որոնք նպատակ են ունեցել տարբեր միջոցներով բնակչությանն իրազեկել ներդրվող համակարգի մասին, նրանց ներկայացնել բժիշկների այն ցանկը, որից բնակիչը պետք է ընտրի իր բժշկին, եւ այլն:
Իրազեկման գործընթացը նախատեսված է եղել սկսել ապրիլի 1-ին, սակայն այն այդպես էլ չի սկսվել, իսկ գումարները, հասկանալի է, թե ինչ են եղել: Համենայնդեպս, այդպիսին է վիճակը Տավուշի մարզում: Օրինակ՝ Դիլիջան քաղաքում եւ շրջակա գյուղերում վիճակն այս առումով պարզապես ողբալի է. մարդիկ ոչնչից տեղյակ չեն: Ու ընտանեկան բժշկին ընտրելու գործընթացը, գոնե նշված տարածաշրջանում, մի իսկական շիլաշփոթ է առաջացրել: Ամենաաբսուրդն ու որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվողն էլ այն է, որ տվյալ տարածքի բժիշկներն իրենք են ստիպված ինչ-որ մարդկանց վարձել, ովքեր իրենց փոխարեն տուն առ տուն կշրջեն ու կգրանցեն տվյալ բժշկին ընտրող անձանց տվյալները, որովհետեւ «մյուս բժիշկների համար աշխատողները» գրանցում են միայն այն մարդկանց, ովքեր «ընտրում են» իրենց ուզած մարդուն (պարզ ասած՝ տնետուն շրջողները մոտավորապես ընտրական հանձնաժողովի անդամի դերում են, իսկ մեր երկրում շատ կարեւոր է, թե ովքեր են ընդգրկված հանձնաժողովներում): Ընդ որում, այս ամենն ուղեկցվում է ՀՀ ընտրական գործընթացներին բնորոշ բոլոր կեղտոտ տեխնոլոգիաներով: Օրինակ՝ A բժշկի համար տնետուն ընկած մարդիկ իրենց պարտքն են համարում նաեւ իրականացնել B բժշկի հակաքարոզչություն, կեղծ լուրեր տարածել, կամ, ինչպես ընդունված է ասել՝ «սեւ PR» անել: Իսկ մարդկանցից ոմանք էլ առաջնորդվում են «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով, ու միեւնույն մարդը գրանցվում է եւ՛ A, եւ՛ B, եւ՛ նույնիսկ C բժշկի մոտ (հասկանալի է, թե ինչու): Արդյունքում ստեղծվել է տհաճ իրավիճակ ու կատարյալ շիլաշփոթ: Թե ինչպե՞ս է այն շտկվելու, առայժմ պարզ չէ: Քանի որ առողջապահական համակարգի չինովնիկներից շատերը դեռեւս վայելում են ամառային հանգիստը, մեզ չհաջողվեց պարզել, թե ինչպես են նրանք պատրաստվում կարգավորել այս իրավիճակը: