Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում երեկ սկսվել է «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների գործի քննությունը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Մաքսային պետական կոմիտեի տրամադրած ինչ-որ նյութերի հիման վրա 2005թ. մարտին ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել խարդախության, մաքսանենգության, հարկեր եւ տուրքեր վճարելուց խուսափելու ու փողերի լվացման մեղադրանքներով: Նույն տարվա հոկտեմբերին ԱԱԾ-ն այս երկուսին ձերբակալում է: Իսկ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց այն ժամանակ, երբ նրանք հայտարարեցին, թե ՄՊԿ-ն իրենցից կաշառք է պահանջում: Ի սկզբանե կարծիք էր ստեղծվել, թե «Ռոյալ Արմենիայի» գործը շինծու է, եւ ՄՊԿ-ի պատվերն է: Մեղադրող կողմը Գ.Հակոբյանի եւ Ա.Ղազարյանի համար առաջին ատյանի դատարանում 12 եւ 11 տարվա ազատազրկում էր պահանջել: Գ.Հակոբյանի եւ Ա.Ղազարյանի դատավարությունը տեւեց բավականին երկար ժամանակ: Սակայն այս տարվա հուլիսի 16-ին Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանը սենսացիոն վճիռ կայացրեց եւ արդարացրեց ընկերության ղեկավարներին: Ամենայն հավանականությամբ, Պ.Օհանյանն այս վճիռը կայացրել էր՝ առանց համաձայնեցնելու իշխանությունների հետ, ինչի վկայությունն էր այն, որ կարճ ժամանակ անց Հայաստանի Գլխավոր դատախազությունը Պ.Օհանյանի վճիռը բողոքարկեց՝ գտնելով, որ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարներին ներկայացված մեղադրանքները պետք է ուսումնասիրվեն պատշաճ կերպով, եւ նրանք պետք է ազատազրկում կրեն: Երեկ Վերաքննիչ դատարանում դատավարությունն ընդհատվել է, քանի որ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը դատին չէր ներկայացել: Իսկ «ՌԱ»-ի իրավաբան Գեւորգ Մինասյանը երեկ տեղեկացրել է, թե Գ.Հակոբյանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ այժմ բուժում է ստանում Իսպանիայում: Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 29-ին: