Հին վերելակներ՝ նաեւ էլիտար շենքերում

24/08/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Սուր զգացողությունների սիրահարներին հանգիստ կարելի է խորհուրդ տալ նոր «զվարճանքներ» փնտրել երեւանյան վերելակներում: Ներկայացնելու կարիք չկա, թե ինչպիսի իրավիճակում են գտնվում բազմաբնակարան բարձրահարկ շենքերի վերելակները` թե անվտանգության եւ թե սանիտարահիգիենիկ պայմանների տեսանկյունից:

Վերելակների սանիտարահիգիենիկ պայմանների մասին մտածելը պետական մարմինները դեռեւս վաղաժամ են համարում եւ առաջին գործողությամբ փորձում են կարգավորել անվտանգության հարցերը: Երեւանի քաղաքապետի մի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքներով: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 3 մլրդ դրամ: Պետական այս հոգածությունը գրեթե երկու տարով հետ է մնացել այս խնդիրները կարգավորող համապատասխան օրենքներից: 2005-ին է ընդունվել «Տեխնիկական անվտանգության մասին» օրենքը, եւ արդեն երկու տարի է՝ գործում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, որի, ըստ էության, միակ գործառույթը վերելակների եւ ընդհանրապես արտադրական գործընթացում տեխնիկական անվտանգության փորձաքննությունն է: Պետությունը սահմանել է նաեւ վերելակների տեխնիկական անվտանգության չափանիշները, որոնք պարտավոր են պահպանել վերելակներ շահագործողները, որոնց դերում, որպես կանոն, հանդես են գալիս համատիրությունները: Հարց է ծագում՝ իսկ համատիրությունները պետությունից վերելակային տնտեսության մասով ինչպիսի՞ ժառանգություն են ստացել: Պետությունը պարտավոր էր Երեւան քաղաքում հաշվառված մոտ 4261 վերելակները վերանորոգել, բերել շահագործման համար պիտանի վիճակի, այնուհետեւ պահանջել պատշաճ շահագործում: «Տեխնիկական անվտանգության մասին» օրենքով շահագործողները պարտավոր են ամեն տարի դիմում ներկայացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին եւ յուրաքանչյուր վերելակի համար վճարել 2930 դրամ: Դրանից հետո կենտրոնի փորձագետները փորձաքննում են վերելակը` տալով դրական կամ բացասական եզրակացություն: Դիմում տալու գործը թաղապետարանների իրավասությունն է, եւ օգոստոսի 15-ի դրությամբ վերելակների փորձաքննման համար դիմում չեն ներկայացրել Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Ավան համայնքները: Դիմումների համար վերջնաժամկետ է համարվում սեպտեմբերի 1-ը: Օրենքը չի պարտադրում փորձաքննության համար դիմում ներկայացնել, սակայն դիմում չներկայացնելու պարագայում էլ տարեկան տուգանք է նշանակվում 1մլն դրամի չափով: Երեւանում գործող 4255 վերելակներից կենտրոնը դիմում է ստացել 2560-ի համար, որից էլ փորձաքննվել է 1048-ը: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Կազմակերպատնտեսական եւ պայմանագրային վարչության պետ Վլադիմիր Մովսիսյանից տեղեկացանք, որ դրական եզրակացություն է տրվել 898-ի վերաբերյալ, իսկ 53 վերելակ համարվել է շահագործման համար ոչ պիտանի: Վ. Մելքոնյանը մեկ վերելակի փորձաքննման համար համայնքներից գանձվող 2930 դրամը բավականին քիչ է համարում, նշելով, որ իրենց ծախսերն իրականում մոտ 30 հազար դրամ են կազմում: Ոչ առեւտրային կազմակերպություն համարվող այս կենտրոնն իր ծախսերը հոգում է մատուցած ծառայությունների դիմաց կատարվող վճարումներից, եւ ստացվում է, որ այն աշխատում է վնասով: Մովսիսյանն ասում է, որ վերջին ժամանակաշրջանում կենտրոնի գործերը համեմատաբար լավացել են, անգամ եղել են աշխատավարձերի մասնակի բարձրացումներ: 25 տարվա շահագործման երաշխիք ունեցող վերելակները մեր իրողությունում արդեն շահագործվում են մոտ հինգ տասնամյակ: Վերելակների որոշ կարեւոր հանգույցներ վերանորոգելու դեպքում կարելի է շահագործել եւս 8 տարի: Հավանաբար, այս հանգամանքն աչքի առաջ են ունեցել վերելակների անվտանգության չափանիշները գրողները: ԽՍՀՄ չափանիշներն ավելի խիստ են եղել, քան ներկայիս գործող նորմատիվներն են սահմանում: Տեխնիկական անվտանգության կենտրոնի գործունեությունից այնքան էլ ոգեւորված չեն, օրինակ, Նոր Նորքի թաղապետարանում: Կոմունալ բաժնի աշխատակիցը կենտրոնի փորձաքննությունը կաշառք տալու հերթական առիթ է համարում, երբ փողով գրվում են դրական եզրակացությունները: Նշենք, որ թաղապետարանների համար մեծ գլխացավանք է բացասական եզրակացություն ունենալը: Սա նշանակում է, որ առանց վերանորոգման աշխատանքներ կատարելու վերելակի հետագա շահագործողը տուգանվում է եւս 1մլն դրամի չափով: Տեխնիկական անվտանգության կենտրոնից տեղեկանում ենք, որ նորակառույց էլիտար շենքերում 99 տոկոսով տեղադրվում են նոր վերելակներ: Սակայն առկա են դեպքեր, որ տեղադրվել են օգտագործված եւ վերանորոգված վերելակներ, որոնք ստացել են կենտրոնի դրական եզրակացությունը: Զավեշտն այստեղ էլիտարի վերելակի անվտանգությունը չէ, այլ էլիտարի տիրոջ գծուծությունը:

Ի դեպ, Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանից տեղեկացանք, որ պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնավերանորոգվելու է 2464 վերելակ, իսկ 50 վերելակ էլ փոխարինվելու է նորով: Վ. Վարդանյանը նշում է, որ այս ծրագիրը միայն այս տարվա համար է եւ եկող տարվա համար հավանաբար միջոցներ չեն հատկացվի: Ստացվում է, որ կառավարությունն իր պարտականությունները կատարում է ճիշտ 50 տոկոսով: