ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք այցելությունից հետո հայտարարել էր, որ Ջերմուկում խոշոր ներդրումներ են կատարվելու, եւ քաղաքն առաջիկայում դառնալու է Հայաստանի լավագույն հանգստյան գոտիներից մեկը: Վարչապետը նաեւ տեղեկացրել էր, որ Ջերմուկում ճոպանուղի կառուցելու ծրագիր կա, ինչին հաջորդել էր մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե վերոնշյալ հայտարարությունը Ջերմուկի բնակիչների մոտ դժգոհություն է առաջացրել:
Մասնավորապես տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ջերմուկցիներն իրենց մտահոգությունն են հայտնել ճոպանուղի կառուցելու նպատակով մեծածավալ անտառահատումների կապակցությամբ: Վերջիններս իրենց անհանգստությունը հիմնավորել էին ծառահատումների հետեւանքով թթվածնի հնարավոր նվազմամբ եւ քաղաքային իշխանություններին մեղադրում էին քաղաքաշինական ծրագրերն իրականացնելու ընթացքում էկոլոգիական նորմերի հնարավոր խախտումներ թույլ տալու մեջ: Նման կանխորոշումները հաստատել էին նաեւ որոշ հասարակական եւ բնապահպանական կազմակերպություններ, ըստ որոնց` հատվելու է շուրջ 10000 քմ տարածք, որտեղ կան 60 եւ ավելի տարեկանից բարձր ծառեր: Ջերմուկում գտնվելու ընթացքում մենք փորձեցինք պարզել նախ ջերմուկցիների վերաբերմունքը նախատեսված քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ փորձեցինք ճշտել, թե ինչից են նրանք դժգոհ: Ջերմուկի բնակիչ, «Արմենիա» առողջարանի աշխատակից, բուժական մերսող Գարիկն ասում է՝ «Իսկ ո՞վ է դժգոհ: Ես չեմ կարծում, թե Ջերմուկում ապրող գոնե մեկ բնակիչ դժգոհ կլինի ճոպանուղու կառուցումից: Դա բացառվում է, որովհետեւ նախ եւ առաջ դա ձեռնտու է մեզ՝ Ջերմուկի բնակիչներիս: Ճոպանուղի կառուցելու դեպքում մեզ մոտ աշխատատեղեր կբացվեն, բացի այդ, տուրիստների հոսքը կշատանա, ինչը մեզ համար եկամտաբեր է, որովհետեւ նույն տուրիստը գնումներ է կատարում Ջերմուկի բնակչից: Էդ ծառահատումները Ծաղկաձորի նման առանձնատներ կառուցելու համար չեն արվում, դա արվում է քաղաքի համար: Այնպես որ` թող կեղծ հիստերիա չբարձրացնեն: Ինձ համար շատ տարօրինակ է, որ նման դժգոհություն հայտնում են անանուն մարդիկ, բողոք ներկայացնողը ոչ անունն է ասել, ոչ էլ ազգանունը: Թող ասեն բողոքողի անուն-ազգանունը, ու ես իրեն դատի կտամ, որովհետեւ առանց ներկայանալու` Ջերմուկի բնակչության անունից դժգոհություն են հայտնում: Ճոպանուղու կառուցումը մեր քաղաքի համար շատ շահավետ է, որովհետեւ շատերն աշխատանք կունենան, բացի դա, Ջերմուկը սովետական տարիներին լավագույն հանգստի գոտիներից էր, գոնե ինչ-որ չափով նախկին նշանակությունը կստանա»: Ի դեպ, նման կարծիք հայտնեցին մեզ հանդիպած գրեթե բոլոր ջերմուկցիները, որոնց մոտ տարակուսանք առաջացրեց մեր հարցադրումը, թե ինչո՞ւ են դժգոհ ճոպանուղու կառուցումից: Օրինակ՝ Կատյա տատիկն, ով 9 երեխա եւ 10-ից ավելի թոռներ, ծոռներ ունի, վստահեցրեց, որ Ջերմուկն առաջիկայում ստանալու է իր նախկին տեսքը: Նա հիշեց սովետական տարիների Ջերմուկը, որտեղ հանգրվանում էին աշխարհի տարբեր երկրներից եկող զբոսաշրջիկները: «Ջերմուկում ներկա դրությամբ մարդկանց զբաղվածությունն ապահովում են առողջարաններն ու Ջերմուկի մայր գործարանը: Ջահելությունն ուզում ա փախնի ստեղից, որովհետեւ աշխատանք չկա, իսկ ճոպանուղի ու նոր հանգստյան տներ կառուցելու դեպքում մեր ջահելները կսկսեն աշխատել: Ջերմուկցին առաջ ինքնավստահ մարդ էր, որովհետեւ մեր քաղաքը հայտնի քաղաք էր, իսկ հիմա տեսնում եք, էլի: Էս մի երկու առողջարանն ու գործարանը չլիներ՝ բոլորը կփախնեին քաղաքից: Առողջարաններն ավերվեցին, միջի սարքավորումները թալանվեցին ու քաղաքը քանդեցին, քաղաքից բան չմնաց, դարձրին Գյումրու կիսափլատակները: Ջերմուկը պետք ա վերականգնել»,- ասում է 80-ն անց Կատյա տատիկն ու թվարկում, թե իր ինը երեխաներից քանիսն են աշխատանքով ապահովված:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի խոսքերով՝ ճոպանուղի կառուցելուց բացի, նախատեսվում է վերաբացել մի քանի առողջարաններ: «Ռեզորտ» առողջարանի նախկին բազայի վրա մեծ ներդրումներ կատարելով՝ այն հիմնովին վերակառուցվում է: Ի դեպ, «Ռեզորտը» նախկինում Գյուղնախարարության առողջարանն էր, որը քայքայված վիճակում էր եւ հիմնավոր վերանորոգման կարիք ուներ: Վ. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ նախկինում 560 տեղանոց առողջարանին փոխարինելու է 260 տեղանոց կապիտալ վերանորոգված, միջազգային նորմերին համապատասխան առողջարան: Նշենք, որ Ջերմուկում ընդհանուր առմամբ գոյություն ունի թվով 10 առողջարան, որոնցից ներկայումս գործում են 7-ը: Մինչդեռ Ջերմուկի հանքային ջուրը, որի կենսական նշանակությունը կարեւորում են աշխարհի գրեթե բոլոր երկրների բնակիչները, կարող է մեծ թվով զբոսաշրջիկ բերել Հայաստան՝ այն դեպքում, եթե քաղաքի սպասարկման ոլորտն ինչ-որ չափով բարելավվի: Անդրադառնալով քաղաքում ճոպանուղի կառուցելու ծրագրին՝ քաղաքապետը նշեց. «Կառուցապատման աշխատանքներն արդեն սկսված են, սարքավորումները տեղադրվում են: Ճոպանուղին կառուցվում է մեր նախկին օդանավակայանի դիմացի սարի վրա, իսկ հետագայում կընդլայնվի: Ճոպանուղու երկարությունն ընդամենը 1 կմ է, իսկ ծաղկուղին՝ մի փոքր ավելի մեծ: Ճոպանուղու կառուցման աշխատանքները կավարտվեն մինչեւ նոյեմբերի վերջ»: Հարցին, թե հնարավո՞ր չէր ճոպանուղին կառուցել քաղաքի տափաստանային հատվածում՝ այդպիսով խուսափելով ծառահատումներից՝ Վ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Նախ՝ այդպիսի տարածքներ Ջերմուկում չունենք, բացի դա, հսկայական ծառահատումներ չեն կատարվել: Ամռանն այդ տարածքը նույնպես կգործի որպես տուրիստական ճոպանուղի: Սարի գագաթին կունենանք ենթակառուցվածքներ, որոնք Հայաստան կբերեն բազմաթիվ զբոսաշրջիկներ, կլինեն ռեստորաններ, սրճարաններ, տնակներ եւ այլն: Ամեն ինչ կանենք, որ բարձր սպասարկում ապահովենք»: Անդրադառնալով բնապահպանական որոշ կազմակերպությունների պնդումներին, թե ծառահատումների հետեւանքով էկոլոգիական խնդիրներ կառաջանան, քաղաքապետն ասաց. «Ինձ չի թվում, որ դրանից էկոլոգիան վնաս կկրի, որովհետեւ ծառահատումների չափագրման ընթացքում պարզվել է, որ հատված ծառերի 60%-ը չոր ծառեր էին: Դրանք եղել են անձեռնմխելի տարածքներ, հետեւաբար, այդ չոր ծառերը տեղափոխելը հնարավոր չէր: Մենք հիմա հատուկ տեխնիկայով ենք այդ ծառերը դուրս բերում»: Վ. Հովհաննիսյանը մեզ խորհուրդ տվեց հարցնել ցանկացած բնակչի եւ համոզվել, որ բոլոր ջերմուկցիներն էլ ոգեւորված են ճոպանուղի կառուցելու ծրագրից: Նա վստահեցրեց, որ ճոպանուղու տարածքը բնակելի տարածք չէ, հետեւաբար, որեւէ մեկը դրանից չի տուժում: «Եթե մի 100 ծառ ավելի ենք կտրում, ապա վստահաբար ասում եմ, որ դրա փոխարեն հազարավոր ծառեր ենք տնկելու»: Ճոպանուղու դիմացի տարածքում, այսինքն՝ նախկին օդանավակայանի տարածքում, կկառուցվի տուրբազա՝ առողջարաններ, սպորտկոմպլեքսներ, ձմեռային զբաղմունքի վայրեր:
Ի դեպ, ճոպանուղին կառուցվում է պետբյուջեի հաշվին, որը դառնալու է քաղաքի սեփականությունը: Պետության համար Ջերմուկում ճոպանուղի կառուցելն արժեցել է 1մլրդ դրամ: Միայն ճոպանուղու սարքավորումներն արժեն 1մլն 300.000 եվրո, որը դարձյալ բերվում է գերմանական «Լայթներ» ֆիրմայից (Ծաղկաձորի ճոպանուղին նույնպես «Լայթներ» ֆիրմայից է), հետ կնքած պայմանագիրը նման գումար է արժեցել: «Ծաղկաձորի փորձը ցույց տվեց, որ ճոպանուղին եկամտաբեր կառույց է, այսինքն՝ ինչ-որ մի կազմակերպությանը շահույթ չի բերի, այլ՝ օգուտ կտա քաղաքին, եկամուտ կբերի բյուջեին»,- վստահեցնում է Ջերմուկի քաղաքապետը: Նրա հավաստմամբ՝ ճոպանուղու աշխատակիցները կգործուղվեն Ծաղկաձոր վերապատրաստման, ինչպես նաեւ «Լայթներ» ֆիրմայի մասնագետների կողմից որակավորում կստանան: «Հիմա արդեն մտածում ենք դպրոցներում դահուկային սպորտը զարգացնելու մասին, մասնագետներ պիտի հրավիրենք, դահուկներ բաշխենք դպրոցներին: Պիտի ձմեռային սպորտդպրոց հիմնադրենք»,- ասաց Վ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե ցանկացած փոփոխություն սկզբում արժանանում է նաեւ բացասական գնահատականի, սակայն կատարվելիք աշխատանքները ցույց կտան, որ Ջերմուկի համար այս փոփոխությունները մեծ բարեփոխումներ են լինելու: