Փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը երեկվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ մայրաքաղաքի շինարարության եւ բարեկարգման ծրագրերին: Վթարային բազմաբնակարան շենքերի շինարարության վերաբերյալ նա ասաց, թե թվով 8 շենքեր այս տարի վերանորոգվում են, որոնցից 2-ի աշխատանքներն ավարտված են, իսկ մյուս շենքերի ամրացման աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսին: «Ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները նույնպես կատարվում են, մոտ 4330 մետր երկարությամբ ոռոգման ցանց է իրականացվում Աջափնյակ համայնքում եւ 2000 գծամետրից մի փոքր ավելի իրականացվում է Շենգավիթի մագիստրալ գծի մասով: Աջափնյակում աշխատանքներն ավարտված են, իսկ Շենգավիթում կավարտվեն հոկտեմբեր ամսին»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը: Նա անդրադարձավ նաեւ Հանրապետության հրապարակի ջրավազանին, որտեղ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել սկսած 1986-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ ջրակորուստները շատ էին` քաղաքապետարանը մեկուսացրել է ամբողջ ջրավազանը: Շինարարական մասով աշխատանքներն ավարտված են եւ օգոստոսի վերջին կկատարվեն ֆրանսիական կազմակերպության կողմից իրականացվող շատրվանների ձեւավորման աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածում 1200քմ մակերեսով սքեյթբորտի խաղահրապարակ է կառուցվում, որի շինարարական աշխատանքներն, ըստ փոխքաղաքապետի, նույնպես մոտենում են ավարտին: Խաղահրապարակում արդեն իրականացվում են սարքավորումների մոնտաժային նախապատրաստական աշխատանքները: Վ. Վարդանյանն, ինչպես միշտ, ներկայացրեց մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ` այս տարի 130 փողոցներում 420.000քմ ասֆալտապատման եւ ճաքալցման աշխատանքներ կկատարվեն: «Ներկա դրությամբ մենք կատարել ենք աշխատանքի 92%-ը` 386.000քմ ասֆալտապատման աշխատանքները որոշ համայնքներում որոշակիորեն ավարտվել են: 30.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ են կատարվել»,- նշեց նա` վստահեցնելով, որ սեպտեմբերին համայնքները կավարտեն ասֆալտապատման աշխատանքները: Բացի դա, քաղաքի 4 փողոցներում` Սեբաստիա, Լենինգրադյան, Գայի եւ Սասունցի Դավիթ փողոցներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգման վարչության կողմից կառուցվում է 5 անցում, որոնցից 4-ն՝ Իսակով պողոտայում, իսկ 1-ը` Կենդանաբանական այգու դիմացի հատվածում: