Եթե ձերբակալեն՝ կնստեմ

12/05/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ելույթներից մեկում բոլոր «զերծարարներին, կեղծարարներին ու քրեածին տարրերին» սպառնացել էր. «Այնպես մի՛ արեք, որ հետո գանք, Փարաքարը փակենք ու հավաքենք»: Այս արտահայտությունից հետո նրան ամենուրեք սկսեցին անվանել «Փարաքարը փակող Արամ»:

Սակայն վերջերս համառ լուրեր էին տարածվել, թե ՀՀ Գլխավոր դատախազությունում կայացած փակ, գաղտնի նիստերից մեկում Արամ Կարապետյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել, որը պետք է իրականացվեր մարտի 13-ին՝ Ռուսաստանից նրա վերադառնալուն պես: Հենց օդանավակայանից, որի ճանապարհը նա խոստացել էր ինքն անձամբ փակել: «Արդեն երկրորդ դեպքն է` փորձում են Փարաքարն իմ դեմ փակել,- ասաց Ա. Կարապետյանը՝ մանրամասնելով,- մի անգամ փորձեցին Փարաքարը փակել, երբ ես թռնում էի, բայց ես թռա, մի անգամ էլ, երբ գալիս էի, բայց ես եկա»:

Մեր տեղեկությունների համաձայն, Ա. Կարապետյանին ձերբակալելու պատճառ են ընտրվել նրա հեղափոխական կոչերը, որոնց գործողությունների սկզբնաժամկետ է հայտարարվել ապրիլ ամիսը: «Դեռ աշխարհի որեւէ երկրում չեմ տեսել, որ իշխանափոխության կոչերի համար մարդուն դատեն կամ բռնեն, եթե, իհարկե, այն 18-րդ դարի քարանձավային երկիր չէ: Նմանատիպ գործընթաց քաղաքական դաշտում չկա: Բացի այդ, ուժի կիրառումը քաղաքականության մեջ ամենավերջին եւ վատթարագույն մեթոդն է, որը հայտնի է դեռեւս Պլեխանովի աշխատություններից: Քաղաքականության մեջ պետք է պայքարել քաղաքական մեթոդներով»,- ասում է Ա. Կարապետյանը: Իսկ ինչ վերաբերում է Դատախազության կայացրած դեռեւս գաղտնի որոշմանը, ապա «Նոր ժամանակների» նախագահն ասաց. «Ես ինքս էլ հենց սկզբից իմ բոլոր ելույթների մեջ ասել եմ, որ դա որեւէ բան չի տա, որեւէ հանգամանք չի կարող կանգնեցնել այն, եւ հեղափոխական գործընթացները շարունակական են լինելու, որովհետեւ հիմնական հիմքը՝ բնակչության վատ ապրելը եւ կառավարման համակարգը դրանից չի փոխվելու: Դրա համար ես շատ նորմալ եմ ընդունում այդ ամենը: Եթե հետագայում նմանատիպ գործողությունների որեւէ հիմք կլինի եւ կձերբակալեն՝ թող ձերբակալեն, բայց դա, կրկնում եմ, քաղաքականության մեջ ամենավատթարագույն ելքը կլինի»: Արդեն որոշե՞լ եք, թե ինչպիսի քայլեր պիտի իրականացնեք ձերբակալությունից հետո: Մեր այս հարցին ի պատասխան, Ա. Կարապետյանն ասաց. «Մեր քայլերը հստակ են՝ նստելու եմ: Անձամբ ինքս գնալու եմ ու բանտ եմ նստելու, չեմ կարող պետական մեքենայի դեմ Մահաթմա Գանդիի կամ Ջավահարլալ Ներուի նման փայտով պայքարել: Այսինքն՝ խաղաղ ձեւով բռնության դեմ պայքարել: Ի՞նչ պիտի անեմ՝ պիտի նստեմ: Չեմ կարծում, թե իշխանությունները դա կմարսեն»: Ըստ Ա. Կարապետյանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ երկրների իր գործընկերներն այս խոսակցություններին տեղյակ են ու, իր իսկ խոսքերով, նորմալ են վերաբերվում, որովհետեւ «հիմա, ինչպես տեսնում եք, ես Հայաստանում եմ ու դեռ խոսում եմ ձեզ հետ»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչի՞ համար է ինքը ցանկանում իշխանափոխություն իրականացնել, երբ չունի ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության փաստաթուղթ, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ես նման որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ համապատասխան փաստաթուղթ: Եվ եթե որեւէ մեկը կապացուցի, որ ես ՀՀ քաղաքացի չեմ եւ մեկ այլ երկրի քաղաքացի եմ, հենց այդ օրը ի ցույց բոլորի կհրաժարվեմ քաղաքական գործունեությունից: Նաեւ, եթե որեւէ մեկը փաստաթղթերով կապացուցի՝ այդ տասը տարվա ցենզով, որ ես իրավունք չունեմ նման գործունեություն ծավալել, ապա նորից որեւէ խնդիր չեմ տեսնում, պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից»: