Բասկ ռոմանտիկ կինոռեժիսորը

24/08/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայաստան ժամանած ռեժիսոր Ռաուլ դե լա Ֆուենտեն ներկայացված էր որպես իսպանացի ռեժիսոր, սակայն նա իր զրուցակիցներին միշտ զուսպ հպարտությամբ ուղղում էր՝ ասելով, որ ինքը ոչ թե իսպանացի է, այլ՝ բասկ։

Լեռներով շղթայված Բասկերի երկիրն արդեն երկար տարիներ կանգնած է իր ազգային ինքնությունը պահպանելու եւ պաշտպանելու խնդրի առջեւ։ Փոքրաթիվ եւ հպարտ այդ ժողովուրդը փորձում է դիմակայել իսպաներեն լեզվի եւ իսպանական մշակույթի ինտերվենցիային. յուրաքանչյուր առիթ օգտագործելով՝ ընդգծում է իր ազգայինը։

Կինոն ազգայինն ընդգծելու հիանալի դաշտ է բացում, եւ երիտասարդ բասկ ռեժիսոր Ռաուլ դե լա Ֆուենտեն դա շատ լավ հասկանում է։ Երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում նա թերեւս ամենամարդամոտ ու «բաց» հյուրն էր, ով միշտ ներկա էր լինում իր «Քոչվորական tx» ֆիլմի ցուցադրումներին եւ պարտադիր շփվում հայ հանդիսատեսի հետ, պատասխանում հարցերին ու հանդիպման ոչ մի առաջարկ չէր մերժում։ Բասկ ռեժիսորի ֆիլմի հիմքում երաժշտությունն էր, խոսքերը կարեւոր չէին, կարեւորը հնչյուններն էին։ Իսկ ավելի ճիշտ՝ հնչյունների որոնումները։ Ռաուլն իր ֆիլմի ժանրը բնորոշում է որպես «ճամփորդական, երաժշտական ֆիլմ»։ Ֆիլմի հերոսները երկու բասկ երաժիշտներ են, ովքեր կտրում-անցնում են աշխարհը՝ նոր տպավորություններ ու ձայներ գտնելու համար, որոնք հետագայում ազգային պերկուսիոն գործիքի՝ չալապարտայի վրա պետք է կատարվեն։ Չալապարտան շատ հետաքրքիր գործիք է, այն փայտե քսիլոֆոն է, որը միանգամից երկու կատարող է պահանջում, քանի որ երաժշտական երկխոսություն է ստեղծում։ Նվագում են հերթով՝ լսելով մեկը մյուսին, միաժամանակ չի կարելի հարվածել գործիքին։ Չալապարտան կարծես աշխարհին ուղղված պատգամ ունի. այն հուշում է՝ լսի՛ր, որպեսզի լսվես։ Եվ Բասկերի երկրում ծնված այդ հարվածային գործիքը սկսում է ճամփորդել, որպեսզի թարմանա ու աշխարհի նոր ձայների հետ ծանոթանա։ Չալապարտան իր հայացքն ուղղում է դեպի դուրս, որպեսզի ավելի լավ հասկանա ինքն իրեն։ Բասկերը երաժշտական երկխոսության են հրավիրում տարբեր ազգերի ներկայացուցիչներին, հորդորում միասին կատարել հանպատրաստի կոմպոզիցիաները, իմպրովիզացիա անել, միաձուլել ազգայիններն ու նորը ստեղծել։ Ընդ որում՝ ամեն մի վայրում երաժիշտները զրոյից նոր գործիք են ստեղծում՝ օգտագործելով ձեռքի տակ հայտնված նյութերը՝ քարը, փայտը, նույնիսկ՝ սառույցը (Ֆիլմի դիտման ընթացքում ակամայից պատկերացնում ես, որ նման քայլ կարող էինք անել նաեւ մենք՝ արաբներին, մոնղոլներին, չուկչաներին առաջարկելով միասին մեր դուդուկի վրա նվագել այնպիսի երաժշտություն, որը միայն մերը չէ, այլ՝ երկու, երեք կամ չորս ազգերի մեղեդիներով ու հնչյուններից է հունցված։ Եվ դա ոչ թե որպես սրբապղծություն, այլ՝ որպես շատ բնական շփում է դիտվում)։

Ուշագրավ է չալապարտայի ճամփորդական քարտեզը, որն անցնում է Մոնղոլիայի, Ալժիրի, Հնդկաստանի, Լապլանդիայի, Մարոկկոյի տարածքով։ Ռաուլ դե լա Ֆուենտեն այդ քարտեզը գծել է` հեռահար նպատակների համար:

– Երկրների ընտրությունը պատահակա՞ն է արվել, թե՞ միտումնավոր։ Կարծես բոլոր երկրներում ներքին խնդիրները բավականին շատ են, դրանք տարբերվում են ապահով Եվրոպայից։

– Ընտրությունը պատահական չէր, այն բխում էր բասկերի մտածելակերպից։ Մենք, գտնվելով Իսպանիայի կազմում, մեծ խնդիրներ ունենք, որոնցից առաջնահերթը մեր ինքնության խնդիրն է։ Ես փորձել եմ չալապարտա նվագողների ճամփորդությունն այնպիսի երկրներով անցկացնել, որտեղ սրված են անկախության, ազատության պահանջները, որտեղ արտագաղթի ցավագին խնդիրներ կան։ Այսինքն՝ գտնել Բասկերի երկրին նման երկրներ Աֆրիկայում, Ասիայում եւ մեր մոլորակի հյուսիսային շրջաններում։

– Իսպանիայում ինքնության խնդիրներ ունեն եւ՛ բասկերը, եւ՛ կատալոնացիները։ Ձեր կարծիքով` ինքնության համար մղվող պայքարն ավելի ու ավելի սրվելո՞ւ է, թե՞ ընդհակառակը՝ նվազելու է։

– Ես գիտեմ, որ խնդիրներ կան, եւ դրանք պետք է անպայման լուծում ստանան։ Ես կարող եմ միայն որպես երաժիշտ եւ կինեմատոգրաֆիստ խոսել։ Իմ պայքարի միջոցը բասկերի երաժշտությունն ու մշակույթը ներկայացնելն է, այդ միջոցը շատ կարեւոր է, քանի որ այն ինտերնացիոնալ է։ Բայց իմ ժողովուրդը գերխնդիր ունի։ Այդ գերխնդիրը ոչ թե լոկ պայքարն է, այլ՝ միջազգային հանրության կողմից բասկերի խնդրի ճանաչումը։ Աշխարհը բասկերի մասին շատ քիչ բան գիտի, մենք ավելի շատ հայտնի ենք որպես տեռորիստներ ու խառնակիչներ, մինչդեռ այդպես չէ: Մենք հիանալի կուլտուրա եւ ավանդույթներ ունենք, որոնք աշխարհին հայտնի չեն։ Խնդիրը նրանում է, որ հարկավոր է մեր մշակույթը ներկայացնել համայն աշխարհին, այդպես մենք կարող ենք արագացնել մեր խնդիրների լուծումը։

– Գրեթե նույն խնդիրները մենք էլ ունենք։ Դուք ծանո՞թ եք Հայաստանի մշակույթին ու արտաքին խնդիրներին։

– Ես շատ բան չգիտեմ, գիտեմ միայն, որ Հայաստանում խորհրդային կարգեր են եղել, իսկ անկախությունից հետո դուք պատերազմել եք Ադրբեջանի հետ։ Բայց իմ այցելությունը Հայաստան պատահական չի եղել, ես շատ եմ ցանկացել ավելի խորը ծանոթանալ ձեր երկրի հետ։ Խնդրում եմ հարցազրույցից հետո պատմեք ձեր երկրի, մշակույթի ու լեզվի մասին։

– Մենք ձեզ նման փորձում ենք աշխարհին ներկայանալ մեր հարուստ մշակույթով՝ հասկանալով, որ դարերի միջով անցած կուլտուրան փոքր ժողովրդի ամենալավ այցեքարտն է, որը պետք է օգնի արդարացի ու իմաստուն ազգի կերպար ստեղծել։

– Դուք հասկանո՞ւմ եք որքան երջանիկ եք, որ անկախ երկիր ունեք։ Պետության բարեկեցությունը երկրորդական հարց է: Կարեւորը, որ ձեր սեփական սահմաններն ու ձեր լեզվով ազատ խոսելու հնարավորություն ունեք։ Մեզ՝ բասկերիս համար դա ամենամեծ երազանքն է։ Մենք փոքր երկիր ենք, որը գտնվում է մեծ երկրի կազմում եւ հնարավորություն չունի սեփական ուժերով լուծել իր խնդիրները: Մեզ անպայման երրորդ կողմի աջակցությունն է պետք։ Երբ երրորդ կողմ հայտնվի, մեր խնդիրը միջազգային ասպարեզ դուրս կգա, եւ հուսով եմ` իր դրական լուծումը կունենա։

– Ձեր ֆիլմը 4 տարվա աշխատանք է պահանջել։ Իսկ ընդհանրապես կինո նկարահանելու համար ավելի շատ ռոմանտի՞զմ է հարկավոր, թե՞ հաշվենկատություն։

– Իհարկե, ֆիլմ նկարահանելու համար առաջին հերթին պետք է ռոմանտիկ լինել։ Ես ինքս անհուսալի ռոմանտիկ եմ, թեեւ փորձում եմ իրականությունից չկտրվել ու չմոռանալ ֆիլմի բյուջեի ու աշխատակազմի մասին։ Հանդիսատեսը միշտ էլ ամենալուրջ ուղերձներն ընկալում է սրտով, զգացմունքներով. բանականությունը ֆիլմի ասելիքը հասկանալու համար լավ ուղեկից չէ։ Հարկավոր չէ ամեն բան փորձել ռացիոնալ բացատրել: Կան բաներ, որոնք պարզապես պետք է զգալ։ Իմ մոտեցումն այդպիսին է, եւ ես ռոմանտիկ հայացքի կողմնակիցն եմ։

– Կարծում եմ` ռոմանտիզմը ծնվում է բարձր սարերի գագաթներին նայելու պահին։ Երբ հայրենիքդ լեռներն ու քարերն են, ռոմանտիկ երաժշտություն ու ռոմանտիկ առասպելներ ես ստեղծում։ Դա հասկանալու համար պետք է ամեն վայրկյան սար տեսնել, եւ փորձել այնպիսի երաժշտություն ստեղծել, որը մեկ սարից մյուսին կհասնի։

– Ճիշտ այդ նպատակով էլ ստեղծվել է չալապարտան, այն 2 սարերի գագաթին գտնվող մարդկանց իրար հետ խոսելու հնարավորություն է տվել։ Այդ գործիքը դարեր շարունակ զրույցի միջոց է եղել։ Սարերն են ծնել այդ գործիքի անհրաժեշտությունը։

Մենք ձեզ նման լեռնային երկիր ենք եւ, կարծում եմ, ձեզ նման սիրում ենք բարձրություններ հաղթահարել։ Բասկերի պատմությունը ես ընկալում եմ որպես սարի գագաթին ամեն գնով հասնելու ցանկություն։ Բասկերը սիրում են լեռներ բարձրանալ, ճամփորդել ու տուն վերադառնալ։ Մենք խորհրդանշական լեռնաշղթա ունենք, որը բոլոր բասկերի համար սրբություն ու սիմվոլ է։ Այն Ալարար է կոչվում։ Գիտեմ, որ ձեզ համար նույն սիմվոլիկ նշանակությունն ունի Արարատ լեռը, որի անվանումը գրեթե նույնկերպ է հնչում։ Մենք ընդհանրապես շատ նման բաներ ունենք. ես այստեղ իմացա, որ բասկերեն եւ հայերեն լեզուների մեջ նման բառեր կան։ Դա շատ զարմացրեց ինձ։

– Իսկ մեր ազգային գործիքին՝ դուդուկին, ծանո՞թ եք։ Այն ավելի թախծոտ ու մեղմ է հնչում, քան չալապարտան։

– Դուդուկի հետ Հայաստանում ծանոթացա, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրից։ Կարծում եմ` թախիծը յուրաքանչյուր գործիքի հնչյունների մեջ է լսվում։ Բասկերը կարողանում են ուրախությունն ու թախիծը մեկ ստեղծագործության մեջ ցուցադրել, այդ հակադրությունը հատուկ է մեր կուլտուրային, որը նոստալգիկ տարրեր է կրում։ Իսկ ավելի ցայտուն այդ նոստալգիան երեւում է մեր պոեզիայում։

– Նորը փնտրելը պարտադի՞ր եք համարում, թե՞ բավական է պահպանել ազգայինը։

– Բասկերը երկար ժամանակ քոչվորներ են եղել, եւ իմ ֆիլմի հերոսները ճամփա են ընկնում, որպեսզի թափառական, քոչվոր այլ ժողովուրդների հնչյունները գտնեն: Բասկ երաժիշտները չեն ցանկանում միայն իրենց երկրով սահմանափակվել։ Կարծում եմ, դա միայն օգնում է ազգայինն ավելի լավ հասկանալու համար։ Յուրաքանչյուր վայր իր յուրահատուկ հնչյունն ունի, եւ չալապարտան այն յուրացնում է։ Ընդհանրապես չալապարտան խորը փիլիսոփայություն ունի, այն միշտ ձգտում է դիալոգի։ Իմ ֆիլմում չալապարտան միայն պատրվակ է, որն իրականում կուլտուրաների, մտածելակերպի երկխոսություն է ստեղծում։ Գործիքը մարդկային շփումների սկիզբ է դնում, ֆիլմում այն կոմունիկացիայի սիմվոլ է։

– Կինոն ձեր մասնագիտությունն է։ Այն ապրուստի միջո՞ց է, թե՞ ուղղակի հաճույք։

– Կինոյին ես նորմալ, այսինքն՝ դժվար ուղիով եմ հասել։ Սկզբում նկարահանման հրապարակում որպես բանվոր եմ աշխատել, լարեր ու տեխնիկա եմ տարել-բերել։ Ես հասկանում էի, որ պրակտիկայի կարիք ունեմ եւ պետք է հետեւեմ վարպետների աշխատանքին։ Իսկ հետո, երբ իմ առաջին ֆիլմերն էի նկարահանում, գումար չէի պահանջում, երջանիկ էի ինձ զգում միայն այն բանի համար, որ աշխատում եմ այդ ոլորտում։ Բայց հիմա, երբ արդեն հասել եմ Քրիստոսի տարիքին եւ 33 տարեկան եմ, ուղղակի պարտավոր եմ իմ աշխատանքով գումար վաստակել։ Կինոն հաճելի հոբբի կարող է լինել երիտասարդ տարիքում, իսկ հասուն տղամարդու համար պետք է ապրուստի միջոց լինի։

– Իսկ կնո՞ջ համար։

– Համոզված եմ, որ կինն ու տղամարդը նույն իրավունքներն ունեն, սակայն տարբեր են նրանց թուլությունները։ Եվ երբեք չենք կարող նույն տեսանկյունից նայել ու գնահատել եւ՛ կնոջը, եւ՛ տղամարդուն։ Երբ նայում ես կնոջը, աչքերդ այլ կերպ են նայում, իսկ տղամարդուն՝ բոլորովին այլ։ Դա այդպես է, կարծես յուրահատուկ շղարշ ես գցում աչքերիդ եւ հետո միայն նայում, գնահատում եւ հավատում աչքիդ տեսածին։

– Կինոն հաճախ հերոսացնում է մարդկանց՝ նրանց դարձնելով վառ, վեհ մտքերով տոգորված։ Ձեր ֆիլմում կարծես ընդհակառակն է, դուք զրույցի համար գտել եք ամենասովորական մարդկանց, որոնք ապրում են հեռավոր վայրերում, զրույցի ընթացքում շփոթվում են, ամաչում։ Հերոսները փոխվե՞լ են։

– Հիմա հերոսների պակաս աշխարհում չկա, ես 4 տարի շարունակ ճամփորդել եմ աշխարհով ու բազմաթիվ հերոսներ եմ գտել։ Դրանք սարքված, արհեստական հերոսներ չեն։ Հերոսը թույլ, պարզ ու սովորական մարդն է, որը բնավ էլ հերոս կոչվելու բարդույթով չի տառապում։ Ինձ համար հերոս եղել է իմ հայրը, ով կրթություն չէր ստացել, բայց մեծ սիրտ ուներ ու պատրաստ էր իր ուրախությունը կիսել բոլորի հետ։ Մարդիկ միշտ էլ սիրում են չափազանցնել իրենց ցավերը, եւ նույն կերպ էլ չափազանցնում են իրենց դերն ու նշանակությունը։ Շատերը կարծում են, որ անլուծելի պրոբլեմների բեռ են կրում իրենց ուսերին, բայց իրականում սխալվում են։ Ամբողջ աշխարհում է այդպես. մարդիկ մտածում են, որ ավելի շատ պրոբլեմներ ունեն, քան իրականում ունեն։