Աջակցելու են

21/07/2007

Եվրամիությունը մտադիր է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ գործադրելով կողմերի միջեւ վստահության վերականգնմանն ուղղված ջանքեր: Այս մասին երեկ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ տեղեկացնելով, որ տվյալ հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպման ժամանակ: «Փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը նախատեսված են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Եվրամիության գործողությունների ծրագրով»,- ասել է Սեմնեբին: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը «անչափ հուսադրող» է որակել հայ եւ ադրբեջանցի մտավորականների խմբի այցը Lեռնային Ղարաբաղ: «Դա հսկայական քայլ է դեպի խաղաղություն, հուսով եմ, որ նման օրինակներ էլի կլինեն»,- շեշտել է նա: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին երկու երկրների մտավորականների խումբը՝ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի նախաձեռնությամբ, այցելել էր Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ եւ հանդիպել երեք երկրների նախագահների հետ: Փիթեր Սեմնեբին հաստատել է, որ մտադիր է այցելել LՂ, սակայն դժվարացել է հստակ ժամկետներ նշել: Հարավային Կովկասի երկրների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Հայաստանում եղել է այս տարվա հունիսի կեսերին: Երեւանից Սեմնեբին պետք է ուղեւորվեր Ստեփանակերտ, սակայն կեսճանապարհին փոխել էր երթուղին եւ վերադարձել Երեւան: