Շինիչ համագործակցության սկիզբը դրված է

21/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Գաղտնիք չէ, որ մեր երկրում ամեն քայլափոխի հանդիպող օրինախախտումները մեծապես պայմանավորված են ոչ թե համապատասխան բնագավառի օրենսդրության վատ որակով, այլ օրենքների պահանջների չկատարմամբ:

Հայաստանի օրենսդրական դաշտում կան բազմաթիվ լավ մշակված օրենքներ, մարդկանց իրավունքները պաշտպանված են օրենքներով ու Սահմանադրությամբ, սակայն մի բան է օրենքը, այլ բան՝ դրա կիրառումը: Այս հարցում «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը համակարծիք էին: Սակայն իրավիճակը փոխելու համար բանախոսները տարբեր ելքեր առաջարկեցին: Եթե Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ իրավիճակը փոխելու համար հարկ է պատժել մի քանի հոգու եւ ոչ թե միայն խոսել համակարգային փոփոխություններից, քանզի «առանց պատժի համակարգային փոփոխություններն էլ կմնան թղթի վրա», ապա Արծվիկ Մինասյանը շատ ավելի հանգիստ է վերաբերվում օրենքի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման հարցին, որովհետեւ, «եթե միշտ պատշաճ կիրառվեր, ի՞նչ էր անելու դատական համակարգը»: «Իշխանության երրորդ ճյուղը հենց նրա համար է, որ նման դեպքերում արդարադատություն իրականացնի»,- նշեց Ա. Մինասյանը: Ստացվում է, որ ըստ Ա. Մինասյանի, օրենքը երբեմն չի կիրառվում, որ դատական համակարգը «գործ ունենա» (այնտեղի աշխատողներն էլ են տուն պահում, չէ՞): Միեւնույն ժամանակ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ մեզանում օրինագծերի հիմնավորումները շատ հաճախ մակերեսային են, եւ օրենքն ընդունվելուց հետո հեռանում է հիմնավորումներից: ՀՅԴ-ական պատգամավորը կողմ է ՀՀ քաղաքացիների իրավահավասարությանն ու խտրականության բացառմանը, բայց նաեւ կարծում է, որ հասարակության անհանդուրժողականությունն այս կամ այն երեւույթի նկատմամբ պետք է լինի սահմանադրության շրջանակներում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ երբ ԱԺ-ում եւ կառավարությունում արտացոլվի հասարակության վստահության քվեն, այն ժամանակ էլ կարելի է խոսել «վստահության քվեով պայմանավորված իրավունքի մասին»: Սակայն նման «անշառ» թեմաներից խոսելուց հետո բանախոսները երեկ սահուն անցում կատարեցին «Ազատություն» ռադիոկայանի փակման, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նախագահի ընտրություններին եւ այլն: Եվ, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, նման դեպքերում ՀՅԴ-ն աչքի է ընկնում անսահման լղոզված, «հա՛մ նալին, հա՛մ մեխին» (որը դաշնակցական շրջաբերականներում ներկայացվում է «կողմ ըլլալով դեմ» ձեւակերպմամբ)«դիրքորոշմամբ»: Օրինակ՝ երեկ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Ա. Մինասյանը, ինչպես եւ մյուս դաշնակցականները, հայտարարեց, թե ՀՅԴ-ն եւ՛ իշխանություն է, եւ՛ ընդդիմություն: Բնականաբար լրագրողները փորձեցին հասկանալ, թե ի՞նչ է նշանակում՝ միաժամանակ եւ՛ իշխանություն, եւ՛ ընդդիմություն «լինել»: Պարզվում է, որ «ՀՅԴ-ն իշխանություն է», նշանակում է՝ ՀՅԴ-ն մշտապես պաշտպանում է իշխանության գործողությունները, իսկ երբ ՀՅԴ-ն չի պաշտպանում իշխանության առանձին գործողություններ, ուրեմն այդ պահին ՀՅԴ-ն իշխանություն չէ: Համենայն դեպս, նման «բացատրություն» տվեց Ա. Մինասյանը: Օրինակներ էլ բերվեցին: Այ, եթե ծիրանն այս տարի թանկացել է, դրա համար դաշնակցական նախարարն ու ՀՅԴ-ն պատասխանատու չեն: Իսկ հարցին, թե ՀՅԴ-ն պատասխանատո՞ւ է թոշակները եռապատկելու համար (ինչը խոստացել էր քարոզարշավի ժամանակ), Ա. Մինասյանը պատասխանեց, թե՝ «որեւէ նախարարություն ամբողջովին պատասխանատվություն չի կրում»: Ըստ նրա, ՀՅԴ-ական նախարարները պատասխանատու են իրենց վստահված ոլորտներում քաղաքականության մշակման եւ ներդրման համար: Մի խոսքով, քանի որ ՀՅԴ-ն պահպանողական կուսակցություն է, պատասխանատվության հարցում էլ ցուցաբերում է պահպանողական մոտեցում եւ հետեւում է իրենց կուսակցության տարիքի չափ հին վիրտուալ արտահայտությանը` կույս մնալով հաճույք է ստանում: Ինչեւէ: Այս «պարզաբանումներից» հետո սահուն անցում կատարվեց «Ազատություն» ռ/կ-ի հարցին: ՀՅԴ-ական Ա. Մինասյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետտուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին (որի ընդունման դեպքում Հանրային ռադիոյով դադարեցվելու էր «Ազատության» վերահեռարձակումը), եւ հավելեց, որ նախագիծը «Ազատություն» ռադիոկայանի դեմ չէր, պարզապես լրագրողների եւ որոշ պատգամավորների թեթեւ ձեռամբ դարձավ այդպիսին: «Դարձյալ Երվա՞նդն է մեղավոր այս պարագային մեջ»,- կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը: Պարզվեց, որ Ա. Մինասյանի արժանապատվությունն էլ է խոցվում, երբ Հանրային ռադիոյի եթերով վերահեռարձակվում են «Ազատության» հաղորդումները: Իսկ թե ինչու չէին դաշնակցականներն իրենց խոցված արժանապատվության մասին բարձրաձայնում նախորդ 10 տարիներին, երբ Հանրայինով հեռարձակվում էին «Ազատության» հաղորդումները, չասվեց: Անցնենք նախագահական ընտրությունների թեմային: Նախ՝ Հայաստանի նախագահի առաջիկա ընտրության մասին: Ա. Մինասյանը դարձյալ շեշտեց, որ այդ ընտրությանը ՀՅԴ-ն մասնակցելու է սեփական թեկնածուով, որը «պարտադիր չէ, որ լինի ՀՅԴ-ական»: Կարո՞ղ է այդ թեկնածուն լինել Վազգեն Մանուկյանը (այս մասին շատ է խոսվում): «Այսօր որեւէ անուն ո՛չ բացառում, ո՛չ հերքում ենք»,- ասաց Ա. Մինասյանը: Իսկ սեփական թեկնածու առաջադրելով, պարզվում է, ՀՅԴ-ն լուծում է այլընտրանք ապահովելու հարցը: Խոսքն այն նույն ՀՅԴ-ի մասին է, որը նախօրեին Արցախում կայացած նախագահի ընտրության ժամանակ պաշտպանում էր բազմաթիվ ուժերի միասնական թեկնածու Բակո Սահակյանին: Ինչ է, ԼՂՀ-ում այլընտրանքի կարիք չկա՞ր: Ըստ Ա. Մինասյանի, Բ. Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու ՀՅԴ-ի որոշումն առաջին հերթին բխում էր Ղարաբաղի այսօրվա եղած վիճակից «եւ, բնականաբար, համերաշխության, ավելի կայուն մթնոլորտ ձեւավորելու սկզբունքից է ելնում»: Բ. Սահակյանին ՀՅԴ-ն սատարել է նաեւ, ինչպես Ա. Մինասյանն ասաց, «նրա անձը հաշվի առնելով»: Ի դեպ, երեկ բանախոսներից որեւէ մեկը չբացառեց, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» կարող են մասնակցել մեկ թեկնածուով: «Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»,- ասացին նրանք: Այսինքն` բացառված չէ, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նաեւ ՀՅԴ-ի թեկնածուն: Այն, ինչն այսօրվա քաղաքական դասավորության պայմաններում շատ ձեռնտու կլինի իշխանությունների համար: