Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը երեկ ներկայացել է իրավապահ մարմիններին: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազությունը: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մայիսի 24-ին` մայիսի 20-ին Գյումրիում նրա եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդու` Ռուստամ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այսպիսով, Վարդան Ղուկասյանը, թերեւս, իշխանությունների հետ ձեռք բերած ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում հանձնել է որդուն: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ղուկասյանը հանդիպել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ. ըստ որոշ տեղեկությունների, նույն օրը նա հանդիպել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Հայտնի չէ, թե վերջիններս ինչ են խոստացել Վարդան Ղուկասյանին, որը անցած կիրակի օրը Գյումրիում համաքաղաքային մատաղ էր կազմակերպել: Ի դեպ, երեկ մեր թղթակցի հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասել է, թե նախապես չի իմացել, որ իր որդին «ներկայանալու» է իրավապահ մարմիններին: Ճիշտ այնպես, ինչպես գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո (որի մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել) նա ասել էր, որ նման հանդիպում տեղի չի ունեցել:
ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, երեկ իր ոտքով իրավապահ մարմիններին է ներկայացել մայիսի 20-ին Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության հիմնական մասնակիցներից մեկը` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ մայիսի 24-ից հայտարարված էր հետախուզում: Այս գործով հետախուզման մեջ շարունակում են մնալ երկու հոգի` Ռուստամ Սարգսյանն ու Տիգրան Գասպարյանը:
Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ու երեկ նրան անմիջապես տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նրան մեղադրանք է առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի
1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Երեկ մեզ հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ի տարբերություն նախորդ դեպքերի, քչախոս էր ու անընդհատ ասում էր` նոր բան եմ սովորել` «չէ, չէ, չէ»: Ղուկասյանի ասելով, իրավապահներին հանձնվելուց առաջ ինքն իր որդուն ոչ տեսել է, ոչ էլ հետը զրուցել է: «Նորմալ է, գնացել` հանձնվել է, ինչ էլ արել է` պատասխան կտա կամ Աստված գիտի: Ինչ որ արել է` արդեն ինքը գիտի, իրավապահները կնայեն: Այդքան բան»,- ասում էր Ղուկասյանը, որի հավաստմամբ՝ ինքը տեղյակ էլ չէ, թե ով է իր տղային համոզել, որ նա գնա ու հանձնվի, որովհետեւ անձամբ ինքն, իր ասելով, այդ դեպքից հետո իր տղայի հետ որեւէ բառ չի փոխանակել:
Վարդան Ղուկասյանը երեկ մեզ հետ զրույցում կրկին հերքում էր, թե իրեն կանչել էին Գլխավոր դատախազություն ու պահանջել որդուն հանձնել իրավապահներին: «Չէ, նման բան չի եղել, ինձ նման բան չեն ասել, որ պիտի բերեք ձեր տղային հանձնեք»,- ասում էր Ղուկասյանը: Իսկ հարցին, թե՝ չե՞ք հանդիպելու ձեր տղային, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դե, ընթացքում եթե առիթ եղավ` կտեսնեմ»: Նրա ասելով՝ ինքը դեռեւս չի դիմել համապատասխան մարմիններին` որդուն տեսակցելու թույլտվություն ստանալու համար:
Քանի որ Վարդան Ղուկասյանը մեր նախորդ հարցազրույցում վստահեցնում էր, թե Գյումրիում իր տղային «շա՜տ» են սիրում, ուստի երեկ հենց իրենից էլ փորձեցինք ճշտել, թե իր որդու ձերբակալությանն ինչպե՞ս են վերաբերվում գյումրեցիները, եւ ընդհանրապես ի՞նչ մթնոլորտ է այժմ Գյումրիում: «Շատ լավ, նորմալ են ընդունում»,- ասաց նա: Մեր զարմանքին, թե ինչպե՞ս կարող է սիրել մեկին ու չտխրել` իմանալով, որ իրենց սիրելի համաքաղաքացուն ձերբակալել են, ի պատասխան, Վարդան Ղուկասյանն ասաց. «Այո, վերին աստիճանի շատ են սիրում իմ տղային Գյումրիում: Շատերից շատ: Դա արդեն իրենցից (գյումրեցիներից.- Լ.Ս.) պետք է իմանաք, թե ինչ տրամադրություն ունեն»:
Հիշեցնենք, որ սույն քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Կ.Ղուկասյանը (Վարդան Ղուկասյանի եղբորորդին), Տ.Կարապետյանը եւ Ն.Սոլոյանը կալանավորվել էին ավելի վաղ: