Մասիս Մայիլյանն պատրաստվում է շնորհավորել Բակո Սահակյանին

21/07/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԼՂՀ նախագահական ընտրություններում նախնական արդյունքներով պարտված թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանն ընդունում է իր պարտությունն ու պատրաստվում է հեռախոսով շնորհավորել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին: Բայց Մայիլյանը դա կանի միայն այն բանից հետո, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:

Մասիս Մայիլյանը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե ինքն ընտրություններին մասնակցել է «հանուն Արցախի երիտասարդ ժողովրդավարության», որտեղ իր դերակատարումը զուտ այլընտրանքային լինելն էր: «Մենք մեր առջեւ դրած հիմնական խնդիրներից մեկը կատարել ենք, այն է՝ իրապես այլընտրանքային ընտրության անցկացում, եւ, այս հանգամանքով պայմանավորված՝ ԼՂՀ ժողովրդավարական իմիջի պահպանում: Եվ մեր ներդրումն այս ամենում ամենածանրակշիռն էր, ինչն արդեն իսկ հաղթանակ է:

Մեր թիմն իրենից կախված ամեն ինչ արել է՝ մեր քաղաքացիներին իրական ընտրության հնարավորություն տալու եւ ընտրություններն օրինականության շրջանակներում անցկացնելու համար: Ընտրախախտումների հարցում մեր սկզբունքային դիրքորոշումն ու օպերատիվ արձագանքը հենց այդ նպատակն էին հետապնդում՝ ապահովել օրինականության հաղթանակը մեր երկրում»,- ասված է Մասիս Մայիլյանի տարածած հայտարարության մեջ: Մայիլյանը, ում թիմակիցները մինչ երեկ հայտարարում էին, թե նա ԼՂՀ-ում լուրջ մրցակից չունի, իր հավաքած 8000 քվեն համարում է լուրջ հաղթանակ: «Առկա իրավիճակում եւ ռեսուրսների անհամադրելիության պայմաններում իմ կողմից հավաքած 8000 քվեն համարում եմ լուրջ ձեռքբերում: Քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը եղել են բազմաթիվ խախտումներ: Իմ նախընտրական շտաբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չորս անգամ դիմել է մինչեւ հուլիսի 19-ը եւ մոտ 20 անգամ՝ հուլիսի 19-ին՝ ընտրությունների օրը: Ամենատարբեր խախտումներն, ինչ խոսք, ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բայց նաեւ հարկ է ասել, որ դրանք որոշիչ չեն եղել»,- նշում է Մասիս Մայիլյանը: Իսկ երեկ մեզ հետ զրույցում պարտված թեկնածուն նշեց, որ ինքն արդյունքները չի բողոքարկելու: «Մենք խախտումների մասին մեր տվյալները տվել ենք ԿԸՀ-ին եւ ակնկալում ենք իրենց պատասխանը: Իրենք պետք է հետամուտ լինեն, որ մեղավորները պատժվեն»,- ասաց Մասիս Մայիլյանը` ընդգծելով, որ իրենց կողմից արձանագրված խախտումներն ամեն դեպքում չէին կարող որոշիչ նշանակություն ունենալ վերջնական արդյունքների վրա: «Մենք այլընտրանք ենք առաջարկել մարդկանց: Մեր բնորոշմամբ՝ դա եղել է ընտրություն այսօրվա եւ վաղվա միջեւ: Բնակչության զգալի մեծամասնությունը նախապատվությունը տվել է այսօրվան: Հասկանում ենք, որ առկա մթնոլորտը լրջորեն ազդել է մարդկանց տրամադրության վրա, բայց, միեւնույն ժամանակ, չենք կարող չընդունել, որ դա գիտակցական վերաբերմունք էր: Մարդիկ կարող էին այլ կերպ վարվել, բայց դա չարեցին: Դա նրանց իրավունքն է: Մենք հարգում ենք այդ իրավունքը եւ ընդունում նրանց ընտրությունը: Ես հարգում եմ իմ ժողովրդի ընտրությունը»,- նշեց Մ. Մայիլյանը: Իսկ հարցին` արդյոք ինքը շնորհավորելո՞ւ է Բակո Սահակյանին, Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Այո, շնորհավորելու եմ: Ուղղակի օրենքով 24 ժամ է նախատեսված, որպեսզի ԿԸՀ-ն վերջնական արդյունքները հրապարակի: Դրանից հետո զանգելու` շնորհավորելու եմ»:

Մասիս Մայիլյանը, ով հանուն «արցախյան երիտասարդ ժողովրդավարության» հրաժարվել էր ԱԳ փոխնախարարի պաշտոնից, առայժմ չգիտի, թե ինչով է զբաղվելու: Դեռեւս չի էլ որոշել` իր հետագա քաղաքական գործունեությունը շարունակելու է ընդդիմությա՞ն դաշտում, թե՞ ոչ: «Չգիտեմ` ընդդիմություն կդառնա՞մ, թե՞ չէ: Հիմա պետք է մի քիչ հանգստանամ, վերլուծեմ կատարվածը: Հետո` ոչ մի տարբերակ էլ չի բացառվում»,- նշեց Մայիլյանը: Հարցին, թե առաջադրվելուց առաջ չէ՞ր հաշվարկել իր հնարավորությունները, նա պատասխանեց. «Հաշվարկել էինք, բայց ադմինիստրատիվ ռեսուրսը շատ ուժեղ էր օգտագործվում, այս անգամ այն աննախադեպ չափերի էր հասնում: Այստեղ նաեւ ուրիշ գործոններ էլ կային, իհարկե, դրա համար էլ արդյունքները չհամապատասխանեցին մեր հաշվարկների հետ»: ԱԳ նախկին փոխնախարարի ասելով, ինքն ի տարբերություն իր մրցակից ԱԱԾ պետ Բակո Սահակյանի՝ չի օգտագործել իր` թեկուզ համեստ, վարչական ռեսուրսները: «Չէ, ես ոչ մի ադմինիստրատիվ ռեսուրս չեմ օգտագործել, որովհետեւ ես այդպիսի ցանկություն չեմ ունեցել: Առաջին` չեմ օգտագործել, որովհետեւ դա օրինական չէր, երկրորդ` ես վաղուց արձակուրդում եմ: Բացի այդ` Արտգործնախարարությունում ի՞նչ վարչական ռեսուրս: Կարո՞ղ է՝ ինձ վարչակազմը չի ենթարկվում, կարո՞ղ է ԱԳՆ-ն շրջաններում ստորաբաժանումներ չունի… Եթե ասում եմ` Բակո Սահակյանն օգտագործել է իր վարչական ռեսուրսները, դա չի նշանակում, թե Բակո Սահակյանն ինքն է օգտագործել: Ոչ, ես ասում եմ, որ վարչական ռեսուրսներն իր օգտին են օգտագործվել: Եվ գիտեք, թե ովքեր էին իրեն սատարող ուժերը, այնպես որ` այստեղ համեմատելու բան չկա»,- նշեց Մայիլյանը: Բակո Սահակյանն ընտրություններից առաջ հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում` «քաղաքական կուլտուրայից» դրդված՝ պետք է կառավարության անդամներ նշանակի հենց իր թիմակիցներին: Հարցին, թե՝ կաշխատե՞ք Բակո Սահակյանի թիմում, արդեն գրեթե գործազուրկի կարգավիճակ ունեցող Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Նախ՝ ինձ ոչ ոք չի առաջարկել, երկրորդ` ես պետք է տեսնեմ, թե ում է իր շուրջը հավաքում Բակո Սահակյանը, այնուհետեւ կայացնեմ իմ որոշումը»: