Իրանը պատրաստ է ֆինանսավորել նոր ԱԷԿ-ի կառուցումը

21/07/2007

2007թ. հուլիսի 20-ին, իսկ Իրանական թվագրությամբ՝ 1386 թվի նույն ամսի նույն օրը Երեւանում ավարտվեց Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստը: Այս համաժողովում հայկական կողմի համանախագահ է նշանակվել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ իրանական կողմը ներկայացնում է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին: ԻԻՀ ԱԳ նախարար Մոթաքիից տեղեկանում ենք, որ մինչեւ տարեվերջ սպասվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցը Հայաստան: Մոթաքին դիվանագիտական ձեւակերպումներով ներկայացնում է, որ այցի շրջանակներում երկու երկրների նախագահները կանդրադառնան հարաբերությունների զարգացման ուղիներին եւ տարածաշրջանային խնդիրներին: Իսկ համաժողովի արդյունքում համաձայնություններ է ձեռք բերվել երեք խոշոր ծրագրերի շուրջ: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշում է, որ օրակարգային է Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ գծի կառուցումը, Արաքս ՀԷԿ-ի կառուցումը եւ երկու երկրների միջեւ երկաթուղային կապ հաստատելու հնարավորության քննարկումը: Բանակցությունների առաջին փուլում է նաեւ եռակողմ` Հայաստանի-Ռուսաստանի-Իրանի մասնակցությամբ Հայաստանի տարածքում նավթամշակման գործարան կառուցելու վերաբերյալ եռակողմ կոմիտեի ստեղծումը: Որքանո՞վ են լուրջ այս ծրագրերը եւ հատկապես երկաթուղու կառուցումը. մեր հարցին ի պատասխան՝ չորս օր շարունակ համաժողովի քննարկումներին մասնակցած պետական մի պաշտոնյա մեզ խորհուրդ տվեց ամեն ինչ սրտին այդքան մոտ չընդունել, այս ամենը դեռ խոսակցություններ են:

Համանախագահների հետ ասուլիսում իրանական «Իռնա» գործակալության լրագրողին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է արդյոք հայ-իրանական համագործակցությունը նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում, եւ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Իրանի միջուկային խաղաղ օգտագործման ծրագրերի շուրջ: Պարզվեց, որ ՀՀ Էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանն էլ է տիրապետում դիվանագիտական լեզվին, եւ պատասխանը ձեւակերպեց հետեւյալ կերպ. «Մենք հարգում ենք Իրանի ժողովրդի իրավունքները` միտված ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործմանը, եւ պատրաստ ենք համագործակցել նաեւ այս ոլորտում»: Ասուլիսի ընթացքում ակտիվացած հայազգի կին լրագրողներին Մոթաքին կոչ արեց հերթ տալ արական սեռի ներկայացուցիչներին, եւ ընձեռված, երկրորդ հարցի հնարավորությունից էլ օգտվեց «Ռեգնում» գործակալության արական սեռի ներկայացուցիչը: Լրագրողը հիշեցրեց, որ վերջերս Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Էնթոնի Գոդֆրին մտահոգություն էր հայտնել հայ-իրանական ապրանքաշրջանառության ծավալների աճի վերաբերյալ, եւ հարցրեց, թե հնարավո՞ր է արդյոք՝ ատոմային էներգետիկայի համագործակցության շրջանակներում իրանական կողմը միջոցներ հատկացնի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման համար: Մոթաքին իր պատասխանում ընդգծեց, որ Հայաստան-Իրան հարաբերություններն ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ, դրանք բխում են երկու երկրների շահերից: Միեւնույն ժամանակ՝ երրորդ երկիրն իրեն չպետք է թույլ տա միջամտել երկու երկրների հարաբերություններին: «Հայաստանի յուրաքանչյուր առաջարկ Իրանը պատրաստ է քննարկել: Իսկ հայկական կողմը ԱԷԿ-ի ֆինանսավորման խնդիր չի բարձրացրել, երեւի այդ ֆինանսների կարիքը չունի»,- ասաց ԻԻՀ ԱԳ նախարարը: