«Մեզ մոտ չեն ծխում անգամ «Մարլբորո»: Ժամանակին միջազգային չվերթեր իրականացնող օդանավերի վրա նման մակագրություններով էր արվում «Մարլբորո» ծխախոտի գովազդը: Արդեն դասական դարձած, լակոնիկ եւ ամեն ինչ մի տողով ասող գովազդային տեքստերին հիմա փոխարինում են երկարաշունչ, դատարկ ու տգետ տեքստերը, որոնք հնչում են հիմնականում գեղեցկատես օրիորդների շուրթերից: Իսկ օրիորդներն էլ, հասկանալի է, ունեն մինիմում հագուստ, մաքսիմում երկար ոտքեր, երկիմաստ հայացք եւ հաճախ գովազդվող ապրանքը ներկայացնում են ոչ ադեկվատ շարժումներով` շփոթության մեջ գցելով սպառողին, որը դժվարանում է հասկանալ` կոնկրետ ի՞նչ ծառայության կամ ապրանքի գովազդ է ներկայացվում: Վերջերս մեր եթերում շատ հաճախ է ցուցադրվում իտալական պաղպաղակը գովազդող մի հոլովակ: Գովազդի «մեխն» անբռնազբոս մի օրիորդ է, որը թե՛ վերելակով իջնելիս, թե՛ մեքենայում եւ թե՛, Աստված գիտի` որտեղ, առանց ձանձրանալու եւ առանց ուշադրություն դարձնելու իրեն ուղղված բազմաթիվ այլայլված տղամարդկանց հայացքներին` լպստում է երկար եղունգներ ունեցող իր մատները: Նրա համար միեւնույն է, որ այդ գործողությունը կարող է ազատ մեկնաբանությունների առիթ դառնալ, որ մատները բերանը տանելը եւ հաճույքով լպստելը կարող է վերագրվել լրիվ այլ վիճակի: Սակայն իրականում օրիորդի նպատակները բավական անմեղ են` նա լպստում է մատների վրա հայտնված պաղպաղակը` տհաճ օրինակ ծառայելով գովազդին հետեւող փոքրիկներին:
Թե ինչու է պոտենցիալ գնորդին առաջարկվող ապրանքը, ծառայությունը մատչելի, հասկանալի է դառնում, երբ այն ներկայացվում է կիսամերկ գեղեցկուհիների շուրթերով, կամ գովազդի տեքստն ընթերցվում է մարմնի խորքերից եկող ծորուն ձայնով եւ էրոտիկ ակնարկներով, Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Պողոսյանն այսպես է մեկնաբանում. «Ինչո՞ւ եք զարմանում: Ասենք, գովազդվում է որեւէ մթերք: Պետք է այնպես ազդեն մարդկանց զգայարանների վրա, որ նա գնի այն: Էրոտիկան նույն ձեւով է ազդում մարդկանց զգայունության վրա, որքան գունավոր փաթեթավորված, գեղեցիկ ձեւավորված սննդամթերքը: Խոստովանեք, որ դա ավելի հաճելի է, քան փնթի ձեւով մատուցվող ուտեստը: Եթե գովազդներում էրոտիկան ազդում է սպառման վրա, ինչո՞ւ չօգտագործել այդ գործիքը: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Այլ է խնդիրը, երբ դա արվում է այն ապրանքի դեպքում, որոնք օգտագործում են երեխաները, կամ, երբ որեւէ գովազդում օգտագործվում են սեռական փոքրամասնություններին հատուկ էլեմենտներ: Դա չպետք է թույլատրել: Իսկ ինքը` էրոտիկան, առողջ զգացում է, որը բնորոշ է մարդուն: Եթե մենք գնանք խորհրդային պուրիտանիզմի ճանապարհով, որ՝ սա չի կարելի, նա չի կարելի, դա էլ է սխալ: Պարզապես ամեն ինչ հաճելի է իր չափի մեջ»:
Գեորգի Պողոսյանը հիշեց իրեն դուր չեկած գովազդի մի օրինակ, երբ վաճառվող մեքենան պոտենցիալ գնորդին ավելի ցանկալի դարձնելու նպատակով այն գովազդում էին կիսամերկ գեղեցկուհիները` սպունգով ակտիվորեն լվանալով թե՛ մեքենան, թե՛ միմյանց. «Ինձ, օրինակ, դուր չի գալիս, երբ մեքենա վաճառելու նպատակով կիսամերկ աղջիկները լվանում էին այդ մեքենաները: Նրանք փոխանակ մեքենան լվանան, օճառը քսում են միմյանց վրա, իրենց մարմնի այն տեղերին, որոնք, իրենց կարծիքով, շատ գրավիչ էին: Բայց, չեմ թաքցնի, որ այդ աղջիկները շատ վատ տեսք ունեին: Գիտե՛ք, եթե կինը պառկում է լվացվող մեքենայի կապոտի վրա ու սկսում է ինչ-որ անհասկանալի շարժումներ անել, տնքալ եւ այլն, մտածում ես, որ, ի վերջո, մեքենայի կապոտի վրա կարող է փոս առաջանալ, որը շտկելու համար հետո պետք է ահագին փող ծախսես»:
«Իսկ եթե Ձեզ, բժի՛շկ, վերելակում հանդիպեր մատներն ակտիվորեն լպստող մի օրիորդ, ի՞նչ կմտածեիք»: «Եթե լուրջ եք հարցնում, պատասխանեմ այսպես` դա անդուր տեսարան է: Եթե կինը չգիտի` ինչ է անձեռոցիկը, կամ ձեռքերը չի լվանում, ավելի լավ է այդ կնոջ հետ գործ չունենալ:
Գիտեք, դա ավելի շատ ամերիկացիների մոտ է ընդունված: Նրանք ուտում են, հետո սկսում են մատները լպստել: Զզվելի տեսարան է: Ես համարում եմ, որ նրանք, ովքեր, անկախ նրանից, թե որքանով է համեղ պաղպաղակը կամ որեւէ այլ տեսակի սնունդ` սկսում են լպստել մատները, վատ են դաստիարակված: Ա՛յ, էստեղ էրոտիկա չկա: Մատները լպստելը նշանակում է, որ մարդը հրաժարվել է օճառ կամ անձեռոցիկ օգտագործելուց եւ չի տիրապետում հիգիենայի տարրական կանոններին: Սա գովազդի հաջող օրինակ չէ»:
Հ.Գ. Գեորգի Պողոսյանը, առիթից օգտվելով, մի քանի խոսք ուղղեց նաեւ ամառվա տապից փրկությունը չափազանց բաց եւ թափանցիկ հագուստով մեղմել փորձող կանանց. «Եթե կինը սիրուն է եւ մարմինը բացել է այնքանով, որքանով դա ընդունված է, եւ ոչ ավելի, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Ես համարում եմ, որ նրանք, ովքեր չափազանց սուր են ընկալում բաց հագնված կանանց, ունեն սեքսուալ պրոբլեմներ: Բայց այդ հարցերում բավարարված նորմալ մարդուն դուր է գալիս բաց հագուստը: Ես միայն դեմ եմ կանանց սպիտակեղենի մի ձեւին, եւ սա, ի դեպ, որպես գինեկոլոգ եմ ասում: Գիտե՛ք, երբ կանայք հագնում են երկու-երեք թելիկներից կազմված ներքնազգեստ, որն անհետանում է հայտնի կլորությունների մեջ, եւ կարծում են, թե դա շատ սեքսուալ է, չարաչար սխալվում են, քանի որ դա տղամարդու մոտ առաջացնում է ցավի զգացմունք եւ խղճահարություն այն կնոջ հանդեպ, որը հագել է այդ սոսկալի ներքնազգեստը: Իսկ մնացածը չափի մեջ շատ գեղեցիկ է: Շատ գեղեցիկ են կարճ փեշերը, սակայն, եթե կանայք հագնում են կարճ զգեստ, հետո սկսում ձգել փեշերը, տհաճ է եւ անհասկանալի. եթե քեզ կարճ հագուստով հարմար չես զգում, ինչո՞ւ ես տգեղ շարժումներով ազդում դիմացինների նյարդերի վրա»: