Չախմախչյանը կոչ է անում` Մարկովիչին չթողնել Հայաստան

12/05/2005 Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ, Մոսկվա-Երեւան

Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Այցից առաջ «Ռիա նովոստիի» հրավերով Մոսկվայում են հայկական որոշ լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ: Այսպիսով՝ սա PR ակցիա է, որով հող է նախապատրաստվում Պուտինի այցի նպատակները եւ շոշափելիք խնդիրների շրջանակները հրապարակայնորեն մատուցելու համար:

Առաջին հանդիպումը, զարմանալիորեն, Լեւոն Չախմախչյանի հետ էր: Պարզվեց, որ ընդամենը մեկ-երկու օր առաջ Լ. Չախմախչյանը Հայաստանում էր, եւ նրան կանչել էին հայաստանյան լրատվամիջոցների հետ Մոսկվայում հանդիպելու համար: Կարծիք կա, որ հանդիպման նախաձեռնությունը Հայաստանի դեսպանատանն էր պատկանում: Սակայն Վ. Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի շրջանակներում պրն Չախմախչյանի հետ հանդիպումը ոչ մի կերպ չէր տեղավորվում, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ Կալմիկիայից ՌԴ խորհրդի սենատոր, «Արադես» հայ-ռուսական տնտեսական համագործակցության ասոցիացիայի համանախագահ, Ֆյոդորովի անվան կուսակցության առաջնորդ Լ. Չախմախչյանը չէ, որ պետք է ներկայացնի Ռուսաստանի՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկեր լինելու հեռանկարները կամ դիրքորոշումները: Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի հայ համայնքում նաեւ կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունների «շնորհիվ» համայնքը կիսվեց երկու մասի՝ Արա Աբրահամյանականների եւ Արադեսականների՝ ի դեմս Լեւոն Չախմախչյանի՝ երկուսին հանելով իրար դեմ: Եվ, փաստորեն, Արա Աբրահամյանի՝ օրերս Երեւան կատարած այցից ու իշխանությունների հասցեին քննադատական խոսքով «168 Ժամ»-ին տված հարցազրույցից հետո Լ. Չախմախչյանն է այցելում Հայաստան, այնուհետեւ` հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպում Մոսկվայում՝ բոլորովին այլ՝ իշխանամետ ակտիվությամբ: Ի՞նչ էր հատկապես ցանկանում հնչեցնել Լ. Չախմախչյանը: Հերթով անդրադառնանք վերոնշյալ կետերին:

 2004թ. ստեղծված «Արադես» հայ-ռուսական տնտեսական համագործակցության ասոցիացիայի համանախագահներն են հայկական կողմից` Լեւոն Չախմախչյանը, ռուսական կողմից՝ Նիկոլայ Ռիժկովը: Ըստ Լ. Չախմախչյանի, ասոցիացիայի հիմնադիրները դիմել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասոցիացիայի պատվավոր նախագահ դառնալու խնդրանքով եւ ստացել դրական պատասխան: Ռուսական կողմի համար նույն առաջարկով դիմել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն պատասխան առայժմ չեն ստացել եւ հուսով են, որ այն եւս դրական կլինի: «Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում չլուծված շատ խնդիրներ կան: Մենք հաճախ ենք հանդիպում գործարարների հետ, որոնք չգիտեն ինչպես ներդրումներ կատարեն Հայաստանում: Շատերը փակ աչքերով են հայկական բիզնես մուտք գործում եւ անհաջողությունների մատնվում»,- ասում է Լ. Չախմախչյանը՝ նշելով, որ իրենց կողմից աշխատանքներ են տարվում Փոթի-Նովոռոսիյսկ բեռնափոխադրման անցակետի գործունեության համար: Նա նշեց, որ ռուս մի ձեռներեց իր վրա է վերցրել երկրորդ տերմինալի վերագործարկման ֆինանսավորումը եւ հուսով է, որ բեռնափոխադրումների ծավալն այդպիսով կմեծանա: Որքան հայտնի է, սակայն, այդ անցակետի շուրջ հաշվարկներ դեռ վաղուց էին արվում, սակայն հետագայում հաշվարկները ցույց էին տվել, որ վերագործարկման համար նախատեսված ծախսերը մեծ են, իսկ Հայաստանը բեռնափոխադրումների գոնե 50% ծավալ չի կարող ապահովել: Լ. Չախմախչյանը պատմեց, որ «Արադեսը» Հայաստանի բուհերի 130 ուսանողների ամսական 25.000-ական դրամի չափով կրթաթոշակ է տալիս եւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի ակադեմիկոսների Հայաստան ամեն այցի ժամանակ իր ղեկավարած կուսակցության անունից 3000$-ի չափով պարգեւատրումներ է տալիս ծրարով: Նա, իհարկե, նշեց, որ պետք չէ այդ մասին գրել մամուլում եւ, որ պարգեւատրման այդ գումարը քիչ է, ի վիճակի լիներ՝ ավելին կաներ, բայցեւ պատմեց. «Կներեք անհամեստության համար, ես էլ եմ ակադեմիկոսներին ծրարի մեջ 3000-ական դոլար պրեմիա տալիս: Բայց ես դա անում էի` որպես Լեւոն Չախմախչյան, երբ «Արադեսը» դեռ չկար: Երբ որ Հայաստան եմ գալիս, զանգում եմ Ֆադեյ Տաճատովիչին, հարցնում, թե ում է ավելի ճիշտ համարում պրեմիա տալ, եւ կուսակցության անունից պատվոգրով 2-3000 դոլար գումար եմ հանձնում: Պրոֆեսոր Ջահուկյանին եմ օգնել, գիտեի, որ ծանր վիճակում էր, գումարն իր ընտանիքին եմ փոխանցել. նա դեռ կենդանի է, չէ՞»: Ցավոք այնպիսի երկրում ենք ապրում, որ հայտնի լեզվաբան, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի մասին, որը հազարավոր ուսանողների է կրթել, այսօր ոչ թե պետությունն է հոգ տանում, այլ մարդիկ, որոնք ծրարով գումար տալուց հետո չեն իմանում` նա ո՞ղջ է, թե՞ արդեն մահացել է:

Լ. Չախմախչյանին դուր չեկավ «168 Ժամի» հարցը, որով փորձում էի ճշտել «Արադեսի» ստեղծման բուն նպատակը, որովհետեւ եւ՛ Հայաստանում, եւ՛ Ռուսաստանի հայ համայնքում միանշանակ համոզված են, որ այն ստեղծվել է` ի հակակշիռ Ռուսաստանի հայերի միության, ավելի ստույգ՝ այդ միության նախագահ Արա Աբրահամյանի, որը, մեղմ ասած, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լ. Չախմախչյանը, բնականաբար, հերքեց դա, ասելով, որ «Արադեսը» եւ Հայերի միությունը բոլորովին տարբեր խնդիրներով են զբաղվում, որ իրենք միության գործերին չեն խառնվում, եւ որ Հայերի միության մեջ կան շատ հետաքրքիր եւ բանիմաց մարդիկ, որոնց ինքը հարգանքով է վերաբերվում:

Ըստ Լ. Չախմախչյանի, որն արդեն 16 տարի Հայաստանում չի բնակվում՝ «Մարդը, որն ապրում է Հայաստանից դուրս, իրավունք չունի փնովել կամ քննադատել Հայաստանի նախագահին, որովհետեւ նրան ժողովուրդն է ընտրել»: Նա նշեց, որ անգամ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր միջեւ լարված հարաբերություններ էին, ինքը երբեւէ չի փնովել կամ քննադատել նրան: «Ասեմ նաեւ, որ Հայաստանում ես Ռոբերտ Քոչարյանին այլընտրանքային թեկնածու չեմ տեսնում: Ես չգիտեմ, թե դուք ինչպես գիտեք Հայաստանի ընդդիմությանը, բայց ես շատ լավ գիտեմ: …Ստեփան Կարենի Դեմիրճյանին ես ճանաչում եմ մանկուց, որովհետեւ եղել եմ Կարեն Դեմիրճյանի առաջին օգնականը: Ստյոպան շատ լավ տղա է, լավ ընկեր է, բայց` ոչ ավելին: Եթե ես իմանամ, որ Ստեփան Դեմիրճյանը դարձել է Հայաստանի նախագահ, դա ինձ համար ողբերգություն կլինի: Բայց եթե ժողովուրդը նրան ընտրի, ոչ մի դեպքում չեք տեսնի, որ իմ որեւէ ելույթում Հայաստանի նախագահի մասին վատ արտահայտվեմ: Ես շատ լավ գիտեմ Ստեփան Կարենովիչին, նա Կարեն Սերոբովիչը չէ, դրանք տարբեր մարդիկ են»: Լ. Չախմախչյանը պատմեց նաեւ, որ 30-35 տարի ճանաչում է Արտաշես Գեղամյանին, որի հետ նույն շենքում հարեւաններ են եղել: Բայց եթե Ա. Գեղամյանն ընտրվի նախագահ, իր համար ողբերգություն չի լինի, քանի որ վերջինս «շատ պատրաստված եւ գրագետ, կայացած քաղաքական գործիչ է», սակայն 90-ականների եւ 2003-2005թթ. Ա. Գեղամյանը տարբեր մարդիկ են. «Նա շատ է փոխվել, եւ գործող նախագահի փոխարեն նրան չեմ տեսնում»: Արամ Զավենի Սարգսյանին ընդհանրապես նախագահի դերում չի տեսնում, քանզի խոր հիասթափություն է ապրել նրանից, երբ Ա. Սարգսյանը վարչապետ էր: Իսկ ահա Ռ. Քոչարյանը նրան դուր է եկել իրենց ծանոթության առաջին իսկ օրից. «Առաջին հայացքից երբ մարդն ինձ դուր է գալիս, մինչեւ կյանքիս վերջ այդպես է մնում»: Նա նշեց, որ Ռ. Քոչարյանը շատ մեծ գործեր է արել Հայաստանի համար, միայն թե իր PR-ով չի զբաղվում: Լ. Չախմախչյանը չէր դադարում անվերջ կրկնել՝ «Չկա երկրորդ մարդը, որեւէ մեկի անուն տվեք, եթե կա, որը կարող է Հայաստանի նախագահ դառնալ: Այդ ի՞նչը Ռոբերտ Քոչարյանն այնպես չի արել, որ մարդկանց փողոց են հանում: Թույլ տվեք մարդուն մինչեւ իր ժամկետի ավարտն աշխատի»: Հետաքրքիր է, ո՞վ է Լ. Չախմախչյանին իրավունք վերապահել նման հարցադրում կատարել, թե՝ ո՞վ կա, մի մարդու անուն տվեք Հայաստանից, որը կարող է Ռ. Քոչարյանին փոխարինել: «168 Ժամի» այս հարցը Կալմիկիայից ՌԴ խորհրդի սենատորին նույնպես դուր չեկավ: Եվ, քանի որ կարծում է, թե Հայաստանի նախագահն իր PR-ով չի զբաղվում, թերեւս իր վրա է վերցրել այդ գործը: Սակայն դժվար է ասել՝ իր PR-ն էր անո՞ւմ, թե՞ Ռ. Քոչարյանին էր արջի ծառայություն մատուցում:

Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով Հայաստանում հնարավոր հեղափոխության մասին լրատվամիջոցներից մեկի հարցին Լ. Չախմախչյանը պատասխանեց. «Իշխանության գալու այդ ձեւը ես չեմ ողջունում: Ես չգիտեմ, թե ինչպես այդ իրադրությունից դուրս կգան պարոն Սահակաշվիլին եւ պարոն Յուշչենկոն, որովհետեւ խոստանալ կարելի է ամեն ինչ, բայց այդ խոստումը դեռ կատարել է պետք: …Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխությունները հրահրված էին Արեւմուտքի կողմից: Կա մի հարավսլավացի PR մասնագետ՝ Մարկովիչ ազգանունով, որը հիմա ձգտում է գալ Հայաստան՝ լրագրողի անվան տակ. նա է կազմակերպել նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխությունները: Նա ուզում է գալ Հայաստան եւ ընդդիմության հետ հեղափոխություն կազմակերպել: Ես այդ ինֆորմացիան ունեի եւ ասացի դեսպան Արմեն Սմբատյանին, որ այդ մարդուն ոչ մի ձեւով չի կարելի թույլ տալ մուտք գործել Հայաստան»: Լ. Չախմախչյանն իր այս հայտարարություններին զուգահեռ` իր մասին ասում է՝ «Այն, ինչ ես ասում եմ՝ զուտ կարծիք է ռուսաստանյան քաղաքական գործչի, որը շատ մտահոգվում է իր երկրի համար»: Այդ դեպքում, Լ. Չախմախչյանը, որն իրեն ռուսաստանյան քաղաքական գործիչ է համարում եւ Կալմիկիայից ՌԴ խորհրդի սենատոր է, ինչո՞ւ է իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անել, անգամ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության դեր ստանձնել՝ ոմն Մարկովիչի մուտք արգելել, մինչդեռ մեր այցի ողջ ընթացքում Ռուսաստանի կառավարության անդամները, Վ. Պուտինի օգնականը եւ մյուսներն իրենց գնահատականներում շատ զուսպ էին եւ առանց ավելորդ պաթետիկ հայտարարությունների: Մեր հանդիպումներում հնչած ելույթներից ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումները Չախմախչյանի շուրթերով չեն արտահայտի:

Օրերս էլ տարածաշրջանի լրատվամիջոցներից մեկը գրեց, որ «Արադեսի» ներկայացուցիչը եւ Հարավային Ռուսաստանում Հայաստանի հյուպատոս Արարատ Գոմցյանը` հանդիպելով Կալմիկիայի նախագահի հետ, քննարկել են Հայաստանի եւ Կալմիկիայի տնտեսական համագործակցության մասին հարցեր եւ Հայաստանի իշխանությունների անունից նրան հրավիրել Հայաստան: Հետաքրքիր է, ինչո՞ւ են Կալմիկիայի նախագահին Հայաստանի իշխանությունների անունից պաշտոնական այցով Հայաստան հրավիրում «Արադեսի» ներկայացուցիչը եւ Արարատ Գոմցյանը: