Դերասանուհիներ Նելլի Խերանյանն ու Լալա Մնացականյանը տարբեր բնավորությունների եւ խաղաոճի տեր մարդիկ են: Նելլին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասանուհիներից է, ում կարելի է տեսնել թատրոնի խաղացանկային ներկայացումներում:
Նա շատ խիստ եւ անվարան անձնավորություն է, համարում է, որ դերասանը պետք է աշխատի, լավ հանդիսատեսը պետք է թատրոն հաճախի, իսկ վատ հանդիսատեսը` տանը նստի: Նելլին չի դժգոհում Մայր թատրոնի հանդիսատեսի քանակից, նշում է, որ ներկայացումները խաղում են լեփ-լեցուն դահլիճներում (ինչը փոքր-ինչ կասկածելի է թվում), սակայն դժգոհ է հանդիսատեսի որակից: «Շատերը պարզապես տեղյակ չեն, թե ինչպես պետք է պահեն իրենց թատրոնում, խոսում են իրար հետ, զբաղվում բջջային հեռախոսով»,- ասում է նա` վստահ լինելով, որ հանդիսատեսին պետք է պարտադրվի լավ ներկայացումների դիտումը:
Իսկ Լալան, ով «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի է, հայտնի է ոչ միայն իր դրամատիկ դերերով, այլեւ` հումորային ներկայացումներով, համարում է, որ թատրոնը միայն դաստիարակչական ֆունկցիա ունենալ չի կարող: «Թատրոն մարդկանց զոռով չես բերի, դա սխալ է: Թատրոնը բարձր աստիճանի, էլիտար արվեստ է, ներկայացումներ դիտելու չեն գալիս դաստիարակվելու ու կրթվելու համար, այլ գալիս են արդեն պատրաստված»,- ասում է նա:
Թատրոնը մեր օրերում կորցրել է այն դերը, որն ուներ Խորհրդային տարիներին, երբ թատերասերները սպասում եւ գնում էին պրեմիերաներ դիտելու: Իրեն հուզող հարցերի արտացոլքը հանդիսատեսը գտնում էր բեմադրություններում, իսկ այժմ ինֆորմացիայի մեծ հոսքի ու միատարր մեկնաբանության պատճառով` փոխվել են շեշտադրումները: Եվ թատրոնը չի հասցնում ընկալել ու արվեստի լեզվով ներկայացնել այդ շեշտադրումները: Թատրոնը սկսել է կյանքից ետ մնալ, քանի որ կյանքն ուսումնասիրելու ռեժիսորական եւ դերասանական հայացքն է պղտորվել: Ն. Խերանյանը համարում է, որ Մայր թատրոնում ամեն բան հանգիստ ու լավ է, գլխավոր ռեժիսորի գեղագիտության համաձայն՝ նոր ներկայացումներ են բեմադրվում, հանդիսատեսն էլ գոհ է: «Աշխարհին հայտնի է Ռոբերտ Ստուրուայի թատրոնը, որը լիովին համապատասխանում է այդ ռեժիսորի գեղագիտությանը, իսկ մեր թատրոնը լիովին համապատասխանում է Վահե Շահվերդյանի գեղագիտական թատրոնին: Մի փորձեք քանդել ու փշրել ամեն ինչ, թող գոնե ակադեմիական թատրոնը մնա իր տեղում: Հանգիստ թողեք մեզ»,- ասաց նա: Սակայն մի դիտարկում անենք. երբ թատրոնում ամեն բան հանգիստ է, ուրեմն թատրոնը հոգեվարքում է, հանգստությունը ճահիճ է, որտեղից առողջ ու շողշողափայլ ձկներ չեն հայտնվում: Մայր թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանը, վերջերս հանդիպելով լրագրողների հետ, ասել էր, որ թատրոնում միջին որակի ներկայացումներ են ստեղծվում: Ն. Խերանյանն այդ կարծիքի հետ համաձայն չէ, նա համոզված է, որ Ակադեմիական թատրոնը «փորձադաշտ» լինելու իրավունք չունի, այն ավելի բարձր արժեքների մասին է խոսում բեմից: Լալա Մնացականյանը փորձեց հիշեցնել, որ թատրոնում ամենասարսափելին ձանձրույթն է: «Ինչի մասին ուզում ես` խոսիր, բայց թույլ մի տուր, որ հանդիսատեսը ձանձրանա: Հանդիսատեսը գալիս է թատրոն հարցեր լսելու եւ պատասխաններ որոնելու համար: Թատրոնի աշխատողներն էլ պետք է մտածեն` ինչպե՞ս պատասխանել հանդիսատեսին»,- ասաց նա: Լալան համարում է, որ դերասանի խաղից շատ բան է կախված, թատրոնում նա ամենից շատ գնահատում է էներգետիկ փոխանակումը, որը տեղի է ունենում դերասանի եւ դահլիճում նստածների միջեւ: «Եթե դերասանը խնայում է իր էներգիան, հանդիսատեսի հետ կապ չի ստեղծվում: Հարկավոր է ամեն օր «մեռնել» ու նորից ծնվել բեմում»,- ասում է նա:
Նելլին ափսոսում է, որ այսօրվա կուռքերը ոչ թե դերասաններն են, այլ` երգիչները, որոնք «սիլիկոնային հետույքներ եւ կրծքեր ունեն եւ առնվազն 15 անգամ ամուսնանում ու բաժանվում են»: Բոլոր հայկական հեռուստաալիքները պատրաստ են օրական մի քանի անգամ պատմել այդ «աստղերի» մասին, բայց ոչ ոք չի նկատում, որ հայ դերասանները մրցանակներ են շահում եւ փառատոների են մեկնում: Լալան համարում է, որ անկախացումից հետո նշանակություն ձեռք բերեցին երգարվեստն ու պարարվեստը, իսկ թատրոնը զրկվեց իր նշանակությունից: Երկու դերասանուհիներն էլ համաձայնեցին, որ պետությունը պետք է սատարի թատրոնին: Թատրոնում քանակը հաճախ որակի է հանգեցնում, մրցակցությունը ստիպում է սուր բեմադրությունների թեմաներ որոնել: Իսկ հիմա ակադեմիական թատրոնները (նաեւ՝ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը) մրցակցության եւ սրության կարիքը չունեն: Ակադեմիական թատրոնները վարձակալության են տալիս իրենց դահլիճները պոպուլյար երգարվեստի ներկայացուցիչներին, գոյատեւման պատրանք ստեղծում եւ պարտադրված քանակի եւ պարտադրված շրջանակներում ներկայացումներ բեմադրում: Պետությունը կարող է սատարել նրանց եւ որոշում կայացնել` միայն սեփական բեմադրությունները ցուցադրել: Այդ դեպքում շատերը կքայքայվեն: Կմնան առավել ճկուններն ու դիմացկունները, որոնք չեն խուսափի մրցակցությունից: Իսկ բեմում տեղի ունեցող հեղափոխությունը անպայման կանդրադառնա հանդիսատեսի վրա: Շոուն եւ ակադեմիզմը հակադրելով, մենք հիմա մարդկանց դրդում ենք դեպի շոուն, քանի որ ակադեմիզմը շատերի համար ձանձրույթի հոմանիշն է դարձել: Ցույց տվեք հանդիսատեսին ոչ ձանձրալի ներկայացում, որը նա կդիտի բերանը բաց եւ նույնիսկ կմոռանա բջջային հեռախոսի մասին, եւ նա պատրաստ կլինի կրկին գալ թատրոն եւ շնորհակալ կլինի այն մարդկանց, ովքեր թատրոնին են ծառայում: Ի դեպ, բոլոր ժամանակներում թատրոնի անձնակազմը ոչ թե աշխատակիցներ էին կոչվում, այլ` ծառայողներ: Այդ ծառայությունը շատ տանջալի եւ գեղեցիկ է, եւ միայն մեկ գնահատական ունի. հանդիսատեսի ուշադրությունն ու ծափերը: