Կնոջ լավագույն զարդը

21/07/2007

Մազերի վիճակը շատ բանով կախված է գլխի մաշկի խնամքից, ուստի պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերել մազերին։

Գլխի մազավոր մասի մերսում։ Այսպիսի մերսումը լավացնում է գլխի մաշկի արյան շրջանառությունը եւ բարերար է ներգործում նյարդային համակարգի վրա։ Լավացնում է ճարպագեղձերի եւ քրտնագեղձերի գործունեությունը, ուժեղացնում է մազերի աճը։ Կանոնավոր մերսումը տալիս է լավ արդյունքներ։ Անհրաժեշտ է սովորել կատարել ինքնուրույն մերսում։ Կարեւոր է, որպեսզի մերսելիս մատները չսահեն գլխի մաշկի վրայով, այլ ընդհակառակը, սեղմվեն դրան։ Մերսելիս պետք է մասնակցեն երկու ձեռքի բոլոր մատները։

Գլուխը թեքեք առաջ։ Երկու մեծ մատները սեղմեք մեկը մյուսի վրա գլխի հետեւի մասում եւ ափերով բռնեք դրա կողքի մասերը։ Մյուս մատներով, որոնք ամուր սեղմված են գլխի մաշկին, կատարեք մի քանի շրջանաձեւ շարժումներ։ Միեւնույն տեղում 10-12 շարժումից հետո մատները տեղաշարժեք վերեւ եւ շարունակեք այդպես, քանի դեռ մատները չեն հասել ճակատի մազերի սահմանին։ Եթե մազերը շատ չոր են, լավ է մերսումից առաջ դրանց քսել մազերի աճի ուժեղացման համար նախատեսված հատուկ յուղ կամ կրեմ։

***

Մազաթափության դեմ շատ լավ միջոց է սոխը։ 1 թեյի գդալ մեղրը, 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ ձեթը (ցանկալի է՝ գերչակի), 2 թեյի գդալ օճառահեղուկը (շամպուն) եւ 1 ճզմած սոխի հյութը խառնել իրար, քսել գլխի մաշկին, գլուխը կապել պոլիէթիլենային գլխաշորով, վրայից՝ որեւէ տաք բանով, պահել 1-2 ժամ, այնուհետեւ լվանալ օճառահեղուկով։