ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկությունն այն մասին, թե երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունում է եղել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն ասել է նաեւ, որ Վարդան Ղուկասյանը Դատախազություն է եկել սեփական նախաձեռնությամբ: Դատախազությունն այլ տեղեկություններ չի հաղորդում, քանի որ Վարդան Ղուկասյանը Դատախազություն է եկել որպես քաղաքացի եւ ոչ որպես պաշտոնյա: Իսկ Panorama.am-ը տեղեկացնում է, որ Վարդան Ղուկասյանին առաջարկել են 24 ժամում իրավապահներին հանձնել մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ «աչքի ընկած» որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, ով նշված դեպքից հետո հետախուզման մեջ է: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է սեփական նախաձեռնությամբ Գլխավոր դատախազություն ներկայացած Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ս. Տռուզյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ քրեական գործի, ինչպես նաեւ՝ 2007թ. մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված հարցերը, որում որպես մեղադրյալ ներգրավված է Վարդան Ղուկասյանի որդին: