ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը փնտրում է գոնե մեկ համարձակ պատգամավորի, ով ծաղկեպսակ կդնի ԱԺ Նիստերի դահլիճում ու վրայի սեւ ժապավենի վրա կգրի` «Իմ ու Հմայակ Հովհաննիսյանի անունից»:
– Այս խորհրդարանի ընդդիմությանը պետք է համարել կոմպրատորական, այսինքն` արտաքին շահերը սպասարկող: Նրանք հայամետ չեն, եւ դա հստակ երեւաց ԱԺ հենց առաջին նիստում, որտեղ քննարկվում էր «Ազատությունը» փակելու համար ներկայացված տխրահռչակ օրենսդրական փաթեթը:
– Ընդդիմությունն ի՞նչ կապ ունի այդ փաթեթի հետ, նրանք դե՞մ էին դրան:
– Այստեղ կարեւորը նրանց, այսպես ասած, «դոշ» տալը չէր: Կարեւորն այն է, թե նրանք ի՞նչ էին ասում ու ի՞նչ նպատակով: Եթե նրանք ասում են, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը գտնում է, որ «Ազատությունը» պետք է հեռարձակվի հանրային ռադիոյով, դա ի՞նչ է, եթե ոչ` արտաքին ուժերի շահերի սպասարկում: Մեկ այլ բան կլիներ, եթե նրանք դա ասեին իրենց ընտրողների անունից` ընդգծելով հայ հասարակության շահագրգռվածությունը: Դրանք տարբեր բաներ են: Մարդիկ քննարկումների ժամանակ չէին էլ փորձում հիմնավորել, որ «Ազատությանն» այսօր այլընտրանք չկա, որովհետեւ ազգային անկախ ԶԼՄ-ները մեզանում չեն կայացել: ԱԺ ընդդիմության խնդիրը պետք է դա լիներ, եւ, համենայնդեպս, չպետք է վկայակոչեր արտաքին ատյաններին: Եթե արտաքին ատյաններին է վկայակոչում, ուրեմն` կոմպրատորական է: Խորհրդարանական ազգային ընդդիմություն մենք այսօր չունենք: Ես այսօր անկախ եմ եւ՛ «Դաշինք» կուսակցությունից, եւ՛ Սամվել Բաբայանից, եւ՛ ցանկացած մեկ այլ կուսակցապետից, դրա համար կարող եմ հանգիստ հայտարարել, որ ԱԺ ընտրությունները ձախողված էին: Այս պատկերը տեսնելով` այսօր արդեն հաստատ համոզված եմ, որ սխալ եմ արել, որ մեծամասնականով չեմ առաջադրվել ու իմ ընտրողներին չեմ մոբիլիզացրել` զրկելով նրանց իմ օգտին քվեարկելու հնարավորությունից: Այդ քննարկումներն ինձ վիրավորել են:
– Փաստորեն` ձեր արժանապատվությունն էլ է վիրավորված, բայց ոչ թե Հանրային ռադիոյով «Ազատության» հեռարձակումից, այլ` ԱԺ «կոմպրատորական» ընդդիմությունից:
– Ոչ միայն արժանապատվությունս: Ես գտնում եմ, որ մենք այսօր ԱԺ չունենք: Ինձ վիրավորել են այդ երկարաշունչ քննարկումները, որոնք մի քանի օր տեւեցին: Դրանք վիրավորեցին մեր ազգային արժանապատվությունը: ԱԺ մեծամասնությունը չէր հասկացել այն խնդիրը, որն ինքը պետք է լուծեր, իսկ ընդդիմությունը լրիվ օտարի շահերն էր պաշտպանում: ԱԺ մեծամասնությունը նախ չպետք է հերքեր այն պարզ ճշմարտությունը, որ, այո, այդ փաթեթը վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանին: Չի կարելի փորձել 21-րդ դարում հերքել Արիստոտելի կողմից հայտնաբերված տրամաբանության օրինաչափությունները: Մասնավորապես տարրական տրամաբանության այն բնագավառը, որը կոչվում է սիլոգիզմների մասին տեսություն: Եթե բոլոր ռադիոընկերությունները հրաժարվում են եթերաժամ տրամադրել «Ազատությանը», նշանակում է` դա վերաբերում է «Ազատությանը»: Իսկ Տիգրան Թորոսյանը ջանքեր էր թափում Արիստոտելի հայտնի տրամաբանական քառակուսին հերքելու համար: ԱԺ մեծամասնությունը հայտարարում է, թե «Ազատությունը» սպառնում է մեր ազգային անվտանգությանը` դա խայտառակություն էր: Նրանք պետք է ասեին, որ մեզանում այսօր «Ազատությանն» այլընտրանք կա, որ մեզանում կա բազմազան լրատվամիջոցների դաշտ, որոնք ապահովել են մեր լրատվության բնագավառում պլյուրալիզմի չափանիշները: Պետք է ասեին` «Ազատությունը», որ ստեղծվել էր հեռարձակվելու համար տոտալիտար կարգերի լուծի տակ տառապող ժողովուրդների համար, բնականաբար, կատարել է իր դերը նաեւ մեր երկրում: Պետք է ասեին` շնորհակալ ենք ձեզանից, «Ազատություն» ռադիոկայան, քո առաքելությունը Հայաստանում այլեւս ավարտված է, լավ կանեք, եթե դուք հիմա ձեր առաքելությունն ուղղեք դեպի Իրաք, Իրան, Պակիստան կամ այն երկրներ, որտեղ արեւմտյան արժեքային համակարգը մերժվում է: Վերջում էլ առաջարկեին, որ Երեւանի փողոցներից մեկն անվանակոչվեր «Ազատություն» ռադիոկայանի անվամբ` որպես երախտիքի նշան: Բայց սրա փոխարեն՝ վեր են կենում, հորթի հրճվանքով գովաբանում են «Ազատություն» ռադիոկայանն ու ասում, որ «Ազատությանն» այսօր այլընտրանք չկա: Օրինակ` Մանվել Բադեյանի ելույթը. հա՛մ ասում է՝ «Ազատությանն» այլընտրանք չկա, հա՛մ ասում է` այս փաթեթը պետք է ընդունենք: Լավ, եթե այլընտրանք չկա, ինչո՞ւ եք ուզում անցկացնել այդ փաթեթը: Սա նշանակում է, որ ԱԺ մեծամասնությունը չէր հասկացել, թե ինչ խնդիր պետք է ինքը լուծի: Իսկ ընդդիմությունն էլ պետք է հակառակն ապացուցեր` ասելով, որ Հայաստանի անկախացումից հետո որեւէ առաջընթաց չի գրանցվել այդ ոլորտում: Վեր են կացել` անկապ հայտարարում են, որ Պետդեպարտամենտին պետք է, որ «Ազատությունը» Հանրայինով հեռարձակվի: Եթե «Ազատության» հայկական խմբագրությունն ու նրա հեռարձակումները Հանրային ռադիոյով պետք է ծառայեն ոչ թե մեր քաղաքացիներին ավելի ճշմարիտ ու համակողմանի ինֆորմացիա տրամադրելու առումով, այլ պետք է ծառայեն ԱՄՆ շահերին, ապա, բնականաբար, «Ազատությունը» չպետք է հեռարձակվի Հանրայինով: Որովհետեւ Հանրային ռադիոյով պետք է հեռարձակվեն այնպիսի հաղորդումներ, որոնք մեր հանրության շահերին են համապատասխանում:
Հրանտ Մարգարյանի արժանապատվությունը խոցված է, որովհետեւ «Ազատությունը» շարունակում է հեռարձակվել Հանրային ռադիոյով, իսկ իմ արժանապատվությունը խոցված է այս ԱԺ-ում կայացած քննարկումների բովանդակությամբ: Ես խորին վիրավորվածություն եմ վերապրում, եւ այդ քննարկումները ցույց տվեցին, որ մենք ԱԺ չունենք, ու դա ողբերգություն է: ԱԺ բիզնեսմենները հորթի հրճվանքով գովաբանում էին «Ազատություն» ռադիոկայանը, որովհետեւ այդ օրը Գոդֆրին ԱԺ-ում է, իսկ իրենք բիզնեսներ ունեն դրսում:
– Երբ պատգամավոր էիք, նման դեպքերում ԱԺ-ում թաղումներ էիք կազմակերպում, ծաղկեպսակ էիք դնում ԱԺ ֆոյեում ու հայտարարում, որ ԱԺ թաղումն եք անում: Կարո՞ղ է հիմա էլ նման միջոցառումներ անեք:
– Ցավոք, նույնիսկ այն խիզախ ոստիկանը, ով համարձակվեց ինձ թույլ տալ, որ ես պսակը ներս տանեմ, ու ես ասացի, որ կգա ժամանակն, ու ես այդ ոստիկանին կգտնեմ ու գեներալի կոչում կտամ, հիմա նույնիսկ նա չի կարող ինձ թույլ տալ՝ պսակը ձեռքիս մտնեմ ԱԺ շենք, որովհետեւ ես պատգամավոր չեմ: Նա երեւի արդեն այդ համարձակությունն էլ չի ունենա, ուստի ես կցանկանայի, որպեսզի ԱԺ կազմում գտնվեր մի ազնիվ ու խիզախ պատգամավոր, ու այդ պսակը կտեղադրեր ԱԺ ֆոյեում` ի նշան ԱԺ քննարկումների ճղճիմ բովանդակության: Ես Բաղրամյան փողոցում ԱԺ դարպասների մոտ չեմ դնի այդ պսակը, որովհետեւ այս փողոցը դրա տեղը չի: Բաղրամյան մարշալի անվան փողոցում ես այդ բանն ինձ թույլ չեմ տա: Այդ պսակի իսկական տեղը ԱԺ ֆոյեն է կամ դահլիճը: Եթե ժողովուրդը եւ դուք ինձ օգնեք, որ ինձ թույլ տան մտնել ԱԺ շենք, ես մեծ հաճույքով այդ պսակը կտեղադրեմ ճիշտ իր տեղը` ԱԺ դահլիճում, որն էլ ներդաշնակ կլինի այս ԱԺ-ին: 131 մարդ չորս օր ջուր էր ծեծում ԱԺ-ում, մեկն ասա՞ց, որ մենք 15 տարի անկախություն ունենք, ԵԽ անդամ ենք, ու «Ազատության» դերակատարումը մեզանում արդեն սպառված է: Ոչ, այդ մարդիկ ուղղակի ամբողջ աշխարհով մեկ խայտառակ արեցին մեր երկիրը: Այո, այս ԱԺ-ի վրա միայն պսակ է պետք դնել, ու եթե այդ 131 պատգամավորի մեջ գոնե մեկ ազնիվ ու խիզախ մարդ գտնվի, պետք է գնա ու ծաղկեպսակ առնի, դնի ԱԺ դահլիճում: Ես կարող եմ նրան նույնիսկ տեղը հուշել. Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի ծաղկի խանութից թող ծաղկեպսակ գնի, տանի դնի այնտեղ ու կողքն էլ գրի` «Իմ եւ Հմայակ Հովհաննիսյանի անունից»: