Բաց նամակ Հասարակածային Գվինեայում ձերբակալված 6 անմեղ օդաչուների ընտանիքների կողմից

12/05/2005

ՀՀ նախագահ պրն Ռ. Քոչարյանին
Արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանին
Ռուսաստանի հայերի միության նախագահ պրն Ա. Աբրահամյանին
«168 Ժամ» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին

Հարգելի պրն Քոչարյան, որպես երկրի ղեկավար, 6 օդաչուների մայրերի, երեխաների եւ կանանց անունից խնդրանքով դիմում ենք Ձեզ, համոզված լինելով, որ Դուք ճիշտ կհասկանաք մեր ցավը, եւ մեր խնդրանքը կբավարարվի միայն Ձեր բարի կամքի շնորհիվ։ Դրա վառ ապացույցն այն է, որ Ձեր թույլտվությամբ եւ գիտությամբ պրն Օսկանյանը մեկնեց Հասարակածային Գվինեա, պետական մակարդակով օդաչուներին օգնելու նպատակով պայմանագիր կնքելու, պետական խողովակներով հարցին լուծում տալու, որի համար շնորհակալ ենք եւ հույսներս չկտրելով` սպասում ենք հետագա զարգացումներին։ Շնորհակալ ենք նաեւ պրն Օսկանյանից, որը վատառողջ լինելով հանդերձ` հարգեց իր խոսքը եւ մեկնեց Գվինեա։

Պրն Քոչարյան, մեզ ցնցեց «168 Ժամ» շաբաթաթերթին բացառիկ հարցազրույց տված Ռուսաստանի հայերի միության նախագահ պրն Աբրահամյանի այսքան վստահ արտահայտությունը, որ ինքը կարող է օդաչուներին Հայրենիք տեղափոխելու հարցում օգնել` հենվելով իր լայն կապերի վրա, սակայն պրն Աբրահամյանին հարկավոր է երկրի ղեկավարի թույլտվությունը` որպես լիազորված անձ նրանց օգնելու հարցում։ Սա է պատճառը Ձեզ դիմելու, Ձեզ խնդրելու, որ Դուք լիազորեք պարոն Աբրահամյանին։ Դրանով Դուք նրան հնարավորություն կտաք կատարելու իր խոստումը։ Այս հարցով պետական կառավարական մոտեցումից հետո առաջին արձագանքն է սա, որը հնչում է շատ վստահ։ Թույլ տվեք մեր լույսը չմարի, սա է մեր բոլորիս խնդրանքը։ Մեծ հույսով սպասում ենք դրական պատասխանի։