Մարքսիստը կանխատեսում է

19/07/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ի տարբերություն Արամ Կարապետյանի, Վազգեն Մանուկյանի եւ Տիգրան Կարապետովիչի, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը դեռեւս չի պլանավորել, թե ինչ է անելու 2008թ. նախագահական ընտրություններին: Դավիթ Հակոբյանը դեռեւս չգիտի` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Նա խոստանում է 2008թ. իր անելիքներում հստակություն մտցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Բայց այս ամիսները նա հենց այնպես չի անցկացնում. լուրջ վերլուծություններ, հաշվարկներ է անում` հասկանալու համար` արժե՞ մտնել այդ «ֆարսի» մեջ, թե՞ ոչ: Արդեն այսօր նա իր հաշվարկներով հասկացել է, որ ընդդիմադիր ուժերը երբեք էլ չեն միավորվելու: «Ընդդիմադիր ուժերը չեն միավորվելու, հիշեք իմ խոսքը: Նախընտրական միասնական թեկնածուի շուրջ ոչ մի միավորում, թեկուզ` փոքր, չի լինելու, սա ասում եմ` ելնելով մեր ընդդիմադիր ուժերի հոգեկերտվածքից: Դրանք անլուրջ զրույցներ են»,- ասում է Հայաստանի թիվ մեկ մարքսիստը: Նա համոզված է, որ ընդդիմությունից 12 թեկնածու է առաջադրվելու: Իսկ իշխանական թեւը ներկայանալու է «մինիմում 3 թեկնածուով»: «Բացի ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուներից, իշխանությունը մի հատ էլ «զապասնոյ» թեկնածու կներկայացնի: Իմ վերլուծականներն են ինձ բերում այդ համոզմանը: Ընդհանուր` բոլորը միասին մի 15 թեկնածու կլինի, սրանք Ֆրանսիայից հետ չեն մնա»,- համոզված է Դ. Հակոբյանը: Բայց նրա համար կարեւորը ոչ թե այս «մանր-մունր» հարցերն են, այլ այն, թե ընդդիմությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կկարողանա՞ միավորվել ու պաշտպանել ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուին: «Թե չէ, առաջին փուլում բոլորը կդնեն իրենց թեկնածությունները: Չկասկածեք, միասնական թեկնածու, եթե նույնիսկ հիմա ասեն, որ համաձայն են` չի լինի»,- իր վերլուծություններից նման եզրահանգման է եկել Մարքսիստական կուսակցության նախագահը:

Դավիթ Հակոբյանը գտնում է, որ այսօր պետք է նոր, թարմ թեկնածու բերել քաղաքական «արենա», որովհետեւ ժողովուրդն արդեն հոգնել է հների դեմքերը տեսնելուց: «Հներն արդեն օգտագործել են իրենց պենալները: Մանուկյան Վազգենը կլինի, թե մյուսները` սպառել են իրենց»,- ասում է նա` հայտարարելով, թե այսօր որեւէ ուժ չի միանա Վազգեն Մանուկյանին, ու նա չի կարողանա դառնալ ինչ-որ ուժերի կողմից առաջադրված նախագահի միասնական թեկնածու: Մեր հիշեցմանը, թե ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ու ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն արդեն հայտարարել են, որ նման միավորում հնարավոր է, մարքսիստ Դավիթ Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ոչ մեկը Վազգեն Մանուկյանին չի միանա: Իսկ ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն… դրանք կուսակցություններ չեն: Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն չկա, կան մանր-մունր ոհմակներ: Հարյուրից ավելի լիբերալ կուսակցություններ կան, հետո՞ ինչ, երբ այսօր դրանցից ոչ ոք էլեկտորատ չունի»: