Քաղաքական արձակուրդին նախորդող օրերին (արձակուրդ, որից հետո մեծ թափով սկսվելու է նախագահական ընտրապայքարը) տարբեր տեղերից կարծիքներ հնչեցին Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին։ Մի կողմից՝ իշխանությունը՝ Գառնիկ Իսագուլյանի միջոցով, մյուս կողմից՝ ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի, քննարկեցին մի վարկած, որն ըստ էության գոյություն չունի։ Երկու դեպքում էլ ակնհայտ էր անհանգստությունն ու տագնապը, որն անհիմն չէ։
Այդ անհանգստությունն ու տագնապը հասկանալու համար հարկ է քննարկել իշխանության եւ ընդդիմության հենքերը, հասկանալ, թե ինչի վրա են դրանք կառուցված։ Իշխանության հենարանը վարչական ռեսուրսն է, ընդդիմությունը հենվում է երկրի իրավիճակից դժգոհ հասարակության վրա։
Վարչական ռեսուրս ասվածը մարդիկ են, ովքեր առաջնորդվում են ոչ թե գաղափարներով, այլ՝ նպատակահարմարությամբ։ Նրանց պետք է միշտ մնալ իշխանության մեջ, միշտ լինել մերձ բյուջեին, միջազգային վարկերին, դրամաշնորհներին ու օգնություններին։ Բավական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի իր վերադարձի մասին (ինչից հետո նրա վարկանիշն անկասկած կտրուկ կաճի), իշխանության վարչական ռեսուրսը խարխլվելու է։ Պետք է նկատի ունենալ, որ այդ «հասարակությունում» քիչ չեն մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի օրոք զբաղեցրել են բարձր պաշտոններ, եւ նրանց համար առանձնապես կարեւոր էլ չէ, թե ով է շեֆը։
Ասածս ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ երկու օրինակ։ Հանրապետականների ցուցակով պատգամավոր դարձած Արա Բաբլոյանը կոալիցիոն այլ բաժանման դեպքում կարող էր լինել առողջապահության նախարար։ Պաշտոն, որը նա զբաղեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտավազդ Քուշկյանը, ով կոալիցիոն համաձայնության արդյունքում դարձել է առողջապահության նախարար, Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին հաջողությամբ զարգացնում էր առողջապահական իր բիզնեսը։ Հիմա եկեք հասկանանք՝ այս մարդիկ ինչո՞ւ պետք է դեմ լինեն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին եւ ո՞րը պետք է լինի նրանց պատճառաբանությունը, հատկապես, որ երկուսն էլ աչքի չեն ընկել նժդեհական գաղափարների պաշտամունքով։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ Դեմիրճյան է, ոչ Գեղամյան, ոչ էլ Մանուկյան։ Վարչական ռեսուրսի մարդիկ գիտեն ի՞նչ ասել, երբ լսեն առաջին նախագահի առաջադրման մասին։ Կասեն, որ նա է մեր Հանրապետության հիմնադիրը, կասեն, որ նա է հաղթել Ղարաբաղյան պատերազմում (անպայման հիշատակելով Շուշիի այդքան չարչրկված գրավումը), չեն մոռանա, որ նրա օրոք է ընդունվել սահմանադրությունը, որ նա երկրի անկախությունը հարգող հավասարակշիռ քաղաքական գործիչ է, կգովաբանեն այն լռությունը, որը պահպանեց վերջին տասը տարում՝ ի շահ երկրի կայունության։ Եվ այսպես ոգեւորված կհանձնարարեն դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին, բաժինների պետերին ու համայնքների ղեկավարներին եւ մյուս ենթաստորադաս պաշտոնյաներին՝ քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, միայն թե տեսնեն նրա վերադարձի պատրաստակամությունն ու ահագնորեն աճող վարկանիշը։
Չմոռանամ ասել, որ այս դեպքում ոչ ոք չի կարող խոսել անփորձ ղեկավարին երկիր վստահելու վտանգի մասին, ինչն արվում էր, ասենք, Ստեփան Դեմիրճյանի պարագայում։
Իշխանության անհանգստությունը սա է, իսկ ո՞րն է ընդդիմության տագնապը։ Հասարակության դժգոհության վրա հիմնված ընդդիմությունը, որը 1998-ի մարտից մինչ օրս մեդիտացիայի մեջ կրկնում է նույնն ու միեւնույնը, վախենում է, որ «Սրանք չլինեն, ով ուզում է լինի»-ի «ով»-ը կարող է լինել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մինչ ընդդիմադիր կուսակցությունները գիր-ղուշ կգցեն միասնական թեկնածուին որոշելու համար, մինչ Վազգեն Մանուկյանը դեսուդենից կհավաքի իր երբեմնի հզոր կուսակցության ծվենները, մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը կքննարկի իր քաղաքացիության մեկնարկի ամսաթիվը, մինչ «Օրինաց երկիրը» կփորձի խցկվել ընդդիմադիր դաշտ, Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր գալուստն ու իրենով կանի իշխանական ու ընդդիմադիր ընտրազանգվածների զգալի մասը։
Բայց ես ուզում եմ երկու կողմին էլ հանգստացնել՝ վստահաբար ասելով, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը։ Եթե նրա համար կարեւոր լիներ հանուն իշխանության իշխանություն պահելը, հրաժարական չէր տա ու չէր հեռանա, գուցե 2001-ին էլ փորձեր երրորդ անգամ առաջադրվել։ Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը չհասկացված լինելն էր։ Ապահով եւ անվտանգ երկիր ունենալու նրա նախագիծը ձախողվեց, եւ դրա ձախողումը մեր անտարբերությունից էր։
Որքան ինձ հայտնի է, Տեր-Պետրոսյանը չի փոխել քաղաքական իր հայացքները, չի փոխել խաղաղության ու համագործակցության մասին իր պատկերացումները, բայց փոխարենը մեր հասարակության մեջ ավելի ու ավելի են խորացել անհասկացողությունն ու անտարբերությունը։ Մյուս կողմից էլ՝ գրեթե անհնար է դարձել արժանապատիվ կերպով զիջումներ անելը։
Տասը տարի ասպետական լռություն պահպանած քաղաքական գործիչը դժվար թե հիմա գա ընդամենը «Բա որ ասում էի…» ասելու համար։ Առանց այդ էլ բոլորս ամեն ինչ տեսնում ենք։ Այս տխուր նոտայով էլ ավարտենք մինչարձակուրդյան վերջին հոդվածն ու գնանք կազդուրվելու։