1600 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական այբուբենը: Ամենայն հավանականությամբ, հենց դրա համար հետագայում Հայ Առաքելական եկեղեցին նրան դասեց սրբերի շարքը: Հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալով` մեր գրերը եւ մեր հավատքն են պահպանել մեր տեսակը:
Իսկ այժմ, երբ ունենք այդքան երկար սպասված պետականությունը, չունենք ոչ հավատք, ոչ գրագիտություն: Այստեղ պետք է Պարույր Հայրիկյանին հարցնել, թե ո՞րն է ավելի լավ` լինել կրթված եւ հավատքով լի, սակայն չունենալ պետականությո՞ւն, թե՞ ունենալ մի պետություն, որտեղ հիմնականում բնակվում են ֆաունայի անհասկանալի ներկայացուցիչներ: Կարծում եմ` ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը: Պարզապես, քանի որ պարոն Հայրիկյանը համոզված է, որ ինքն ամեն ինչ գիտի, ավելին, ամեն ինչ այս երկրում իր ասածով է լինում, մտածեցի` հարցս նրան ուղղել:
Այնուամենայնիվ, ի՞նչ պատահեց, որ մի ազգ, որն ընդամենը երկու հարյուրամյակի ընթացքում կարողացել է ծնել Թումանյան ու Իսահակյան, Չարենց ու Սեւակ, Րաֆֆի (ոչ Հովհաննիսյան) ու Շիրվանզադե, Օտյան ու Սունդուկյան, Տերյան ու Շիրազ, Մաթեւոսյան ու Սահյան, Սարյան, Մինաս, Քոչար, այսօր ոչ միայն չունի դրանց հավասար մտավորականներ, այլեւ չունի այդ մեծերի գործերը կարդացողներ եւ ճանաչողներ: Երեւի ազգը պետություն է կառուցում: Իսկ ինչպես հայտնի է՝ յուրաքանչյուր շինարարության (առավել եւս՝ պետության շինարարության) ընթացքում փոշին ու թոզն անպակաս է: Երեւի այդ փոշին ու կեղտն է պատճառը, որ այսօր մեր մտավորականությունն օճառը ձեռքից վայր չի գցում: Դե, իսկ եթե մեր մեծերին չեն կարդում, բնական է, որ համաշխարհային գրականության մասին խոսելն ավելորդ է: Վերոնշյալ գրականության հեղինակներն ու հերոսները հայերի մոտ ավելի հաճախ հանդես են գալիս անունների եւ հայրանունների (Համլետ, Շեքսպիր, Ժյուլվեռն եւ այլն), քան գրքի տեսքով: Հըլը բախտներս բերել է, որ հայերը «ջոգել են», որ ԴգԱրտանյանն ազգանուն է: Այդ պատճառով ոչ մեկն իր երեխայի անունը Դարտանյան չի դրել: Օրինակ, շատ հետաքրքիր է, ինչպես կվարվեն մեր պատգամավորներից շատերը, եթե ԱԺ-ում հավատարմագրված մեր լրագրողները մի օր նրանց ուղղեն հետեւյալ հարցը. «Ո՞վ է Գյոթեն, եւ նրա ստեղծագործություններից ո՞րն եք Դուք կարդացել»: Համաձայնեք, որ թաքնված տեսախցիկի հաջողված սյուժե կստացվի: Ցավոք, հասկանալի պատճառներով, այդ սյուժեն հեռուստատեսությամբ ցուցադրել հնարավոր չի լինի: Իհարկե, այդ վիճակում միայն պատգամավորները չեն: Վերջիվերջո, պատգամավորներին օդից չեն իջեցնում: Նրանք էլ մեզ նման մարդիկ են: Իսկ մենք ազգովի «անձամբ ճանաչում ենք» Դոն Կորլեոնեին, լսել ենք «Պասլեդնի դոնի» մասին, սակայն մտքներիս ծայրով անգամ չի կարող անցնել, որ աշխարհի ամենաճանաչված դոնը` Դոն Քիշոտն է: Դե, իսկ, ասենք, «Վարպետն ու Մարգարիտան» հայերի մոտ ասոցիացվում է «ռեմոնտի» (հայերի խելքը «ռեմոնտի» համար իրենցը չէ), կամ վատագույն դեպքում՝ «մարշրուտկի շոֆեռի» հետ («Վարպետ, մի հատ ստե պահի` իջնեմ» արտահայտությունը բոլորին է ծանոթ): Ինչ վերաբերում է Գաբրիել Գարսիա Մարկեսին կամ Իոնեսկոյին, ապա հայերի համար նրանք լատինաամերիկյան կամ եվրոպական ինչ-որ ֆուտբոլային ակումբի խաղացողներ են: Իզուր է իրեն «ճղում» մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ իր «գեղեցիկ ելույթները ճոխացնելով» տարատեսակ ցիտատներով: Անիմաստ է: Որովհետեւ մեզանից շատ-շատերն առաջին հերթին չգիտեն, թե ի՞նչ է նշանակում մարքսիստ: Մեզ համար դա տաքսիստի պես մի բան է: Չեխովի «Երեք քույրերին» հայերն ավելի շուտ սաունա կտանեն, քան կկարդան: Թումանյանը վաղուց արդեն ոչ թե մեծ լոռեցի է, այլ էլիտար շենքերի փողոց: Հիմա արդեն դժվար է շատերին բացատրել, որ դեդեկտիվն առաջին հերթին գրական ժանր է, նոր հետո «շպիոն կինո»: Բայրոնը ոչ թե «Կոնսի հետեւի փողոցն» է, այլ մեծանուն անգլիացի գրող: Իսկ Մոցարտը գրող չէ: Մոցարտը տեղական կոնֆետից մի քիչ ավելի որակով շոկոլադ է: Ժորժ Սանդը գրող է, ավելին, նա կին է, ոչ թե տղամարդ: Բլոկը պոետ է, որն, ի դեպ, հայ հեղինակների գործերը թարգմանել է ռուսերեն, եւ սիգարետի մեծածախ առեւտրի հետ ոչ մի կապ չունի: Իսկ եթե Դրայզերն այսօր ապրեր Լոս Անջելեսում, այդժամ նա իսկապես կհասկանար, թե ինչ է նշանակում «Ամերիկյան ողբերգություն»:
Բայց ես լավատես եմ եւ հասկանում եմ, որ հայերը նորից կսկսեն կարդալ: Իհարկե, խորհուրդ կտայի սկսել Հյուգոյի «Թշվառներից», որովհետեւ նրա «Փարիզի աստվածամոր տաճարից» հայերը զզվել են: Ինչքա՞ն կարելի է լսել «Բել» երգը: Մեր դեպքում չէր խանգարի կարդալ նաեւ «Շան սիրտը»: Թեպետ հայերի համար ամենահզոր ու արդիական հեղինակը երեւի թե Դոստոեւսկին է: «Ապուշը» , «Խաղամոլը», «Ստորացվածներ եւ անարգվածներ», «Չարքեր», որ ամենակարեւորն է, «Ոճիր եւ պատիժ»: Այնպես որ, այսօր մարդկանց ինչ-ինչ մեղքերի մեջ մեղադրելը, կարծում եմ, սխալ է: Մարդիկ չեն կարդացել եւ չգիտեն` «Ինչն է լավ եւ ինչը՝ վատ»: