Անցյալ շաբաթ տեղի ունեցավ անսպասելին: Մատենադարանի մասին հասարակական խոսք ու զրույցն իսկապես անսպասելի ընթացք ստացավ: Ձեռագրերի ինստիտուտը մշտապես կասկածից դուրս էր: Հասարակական կարծիքում այն մշտապես ազգային հպարտության առարկա էր եւ ընկալվում է հայագիտության միջնաբերդ: Երկու տարի առաջ իրար հետեւից սկսեցին թոշակի ուղարկվել գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները: Շատերն էին կարծում, որ առաջացած տարիքի ղեկավարներին թոշակի ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը Մատենադարանին չի վերաբերելու: Թե՛ գիտական շրջանակներում, թե՛ հասարակական կարծիքում Սեն Արեւշատյանի կերպարը նույնքան միֆական էր, որքան իր ղեկավարած ձեռագրատունը: Ու հանկարծ երկու-երեք ամիս շարունակ Մատենադարանի հետ կապված մի քանի խնդիր դարձան հասարակական խոսք ու զրույցի թեմա: Ամեն ինչ սկսվեց թվայնացման հետ կապված պատմությունից: Լուրջ գիտնականների ստվար մի խումբ փորձեց հասարակական հնչեղություն տալ ամերիկյան կազմակերպության հետ կնքված պայմանագրին: Հետո, երբ մամուլում հրապարակվեց պայմանագիրը, պարզվեց, որ նրանց մտավախությունն օբյեկտիվ հիմքեր ուներ: Պայմանագիրն իրավական առումով իսկապես թերի էր եւ բազմաթիվ ոչ միանշանակ դրույթներ էր պարունակում: Այդ պահից սկսված Մատենադարանի անվան հետ կապված սկանդալային պատմությունները սկսեցին աճել գլորվող ձնագնդի պես: Հրաժարական տվեց ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: Հետո նրան ընտրեցին Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ: Գործադիր տնօրենի ընտրության ընթացքն ուղեկցվեց անհավանական պատմություններով: Նախ, երկար ժամանակ մամուլում ու գիտական շրջանակներում խոսվում էր այն մասին, որ «Հիլլ» թանգարանի հետ կնքված ոչ այն է՝ հուշագիրը, ոչ այն է՝ պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Հետո հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանից դուրս են հանվել եւ «Հիլլին» են տրամադրվել երեք ձեռագիր մատյաններ: Պաշտոնական հերքումները վեհերոտ էին, իսկ «Հիլլ մուզեումի» ինտերնետային կայքում տեղեկատվություն կար դրա մասին: Այս վերջին տեղեկությունն անարձագանք չմնաց: Ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը հայ մարդու համար ավելին է, քան գիտահետազոտական ինստիտուտը: 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին հասարակությունը վստահ էր, որ ձեռագրերը պահպանվում են տեխնիկական պատշաճ մակարդակում: Մտավորականությունը, որ ցավով խոսում էր ցուրտ ձմեռներին առանց ջեռուցման մնացած Ազգային պատկերասրահի ու Պատմության թանգարանի մասին, գոհ ու հպարտ արձանագրում էր, որ Մատենադարանում պահպանվում են տեխնոլոգիական անհրաժեշտ պայմանները: Ուր որ է հերթական լեգենդն էր ծնվելու, թե մենք՝ հայերս որքան ուշադիր ենք մեր մատյանների հանդեպ: 1915-ին մայրերը երեխաներին փրկելու փոխարեն՝ մատյաններ էին փրկում: 1990-ականներին մեր երեխաները մրսում էին ցուրտ բնակարաններում: Իսկ Մատենադարանում պահպանվում էր անհրաժեշտ ջերմային ռեժիմն ու օդափոխությունը: Հնարավոր է, որ սրանք միմյանց արժանի լեգենդներ են: Բայց բավական բնութագրիչ են: Նույնիս ոչ տառաճանաչ հայը սիրում է ու հպարտանում Մատենադարանով: Որտեղից, պարզվում է, ձեռագրեր են «տեղահանվում»: Ինչպես սովորական թանգարաններից: Ռուսաստանյան թանգարանային արժեքների կողոպուտների մասին աղմուկը ՌԴ-ում դեռ չի դադարել: «Էրմիտաժից» ցուցանմուշների գողությունից հետո այդ երկրի իշխանություններն ու թանգարանային գործի մասնագետները քննարկում են հաշվառման ու պահպանման նոր համակարգ ներդնելու հարցը: Մեզ մոտ այդ մասին ոչ ոք չի հետաքրքրվում: Տարիներ շարունակ խոսվում է Ազգային պատկերասրահից, Ազգային գրադարանից, տարբեր թանգարաններից անհայտացած արժեքների մասին: Խոսվում է անհետեւանք ու անիմաստ: Ստուգում ու հաշվառում չի կատարվում: Եվ ահա արդյունքը: Մատենադարանի սփյուռքահայ նվիրատուները նամակներով Մատենադարանից ետ են պահանջում տարիներ առաջ իրենց գնած ու մեր ձեռագրատանը նվիրած մատյանները: Այս մասին խոսվում է արդեն Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրերում: Հենց «Հայլուրն» է հաղորդում, որ ձեռագրերի հետ կապված «տխուր» պատմությունների պատճառով Մատենադարանի բարերարներն օրերս հրաժարվել են տրամադրել խոստացած 135 հազար եվրոն: Այդ գումարով նախատեսված էր գնել Եվրոպայում վաճառքի հանված հայկական մի ձեռագիր: Փաստորեն, մեր ազգային միֆերի միջնաբերդ Մատենադարանում տարիներ շարունակ ինչ-որ բաներ են տեղի ունեցել: Ամենեւին էլ պատահական չէ, որ ձեռագրատան մասին բացասական տեղեկությունները հենց այս պահին հրապարակ հանվեցին: Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի ու գործադիր տնօրենի թափուր պաշտոնները հավանաբար շատերի երազանքն էր: Արդյունքում հասարակությունը տեղեկացավ ձեռագրատան ստվերային կյանքին: Պարզվեց՝ այստեղ էլ, ինչպես գիտական, կրթական ու հասարակական մյուս հաստատություններում, ստվերային բիզնես-կյանքը եռում է: Հիմա արդեն Մատենադարանը նոր գործադիր տնօրեն ունի: Հայտնի մտավորական ընտանիքի, նույնքան հայտնի մտավորական ժառանգի ու հավասարակշիռ ղեկավարի համբավ ունեցող Հրաչյա Թամրազյանից լուրջ ջանքեր կպահանջվեն Մատենադարանի բարի համբավի վերականգնման համար: Որովհետեւ կարծում եմ, որ դժգոհ շատ մատենադարանցիներ դեռեւս շատ մութ պատմություններ հրապարակ կհանեն: Այլ խնդիր է`դրանք դրական արդյունք կտա՞ն, թե՞ ոչ: