Հուլիսի 6-ին Հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿ) հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձեւը: Ընդ որում, այդ պայմանագիրը վերաբերում է միայն բնակիչ-բաժանորդներին: Իրավաբանական անձ-բաժանորդների հետ պայմանագրի ձեւը դեռ քննարկման փուլում է: Սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են քննարկումներին ու հանձնաժողովի նիստին, եւ գտնում են, որ այդ պայմանագիրն այնքան էլ չի բխում բաժանորդների շահերից:
«Մենք առաջարկել ենք պայմանագրի մեջ մտցնել երկու կետ, որոնք բաժանորդներին իրավունք կտային հայտնաբերել մատակարար ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կատարած խախտումները եւ դրա համար պատասխանատվություն պահանջել,- ասում է փորձագետ Հակոբ Ղարաբեկյանը: -Մասնավորապես մենք առաջարկել էինք պայմանագրի մեջ ներառել այնպիսի կետեր, որոնք բաժանորդներին թույլ կտան տեղադրել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի մի քանի պարամետրեր գրանցող սարք եւ բնակարաններում՝ երկրորդ հաշվիչը: Սակայն հանձնաժողովը չընդունեց մեր առաջարկները»:
Գաղտնիք չէ, որ բաժանորդները միշտ դժգոհում են էլեկտրաէներգիայի որակից, հատկապես տատանումներից: Հաճախ դա պատճառ է դառնում, որ փչանան բաժանորդների էլեկտրական սարքավորումները՝ հատկապես համակարգիչները, հեռուստացույցները եւ սառնարանները: Իսկ աշխարհում գոյություն ունի մի սարքավորում, որը գրանցում է հոսանքի տատանումները, անջատում-միացումները եւ մատակարարման որակի հետ կապված այլ թերությունները: Եվ եթե բաժանորդն այդ սարքը տեղադրի, ապա կարող է ապացուցել, որ իր համակարգիչը կամ հեռուստացույցը փչացել է հոսանքի տատանումից: Այդպիսի դեպքեր շատ են լինում հատկապես ձմռանը, երբ էլեկտրացանցերում ծանրաբեռնվածությունը մեծ է լինում, երբ ձյան, քամու եւ բքի հետեւանքով էլեկտրասյուներն ընկնում են, ու կարճ միացում է տեղի ունենում: Դեպքեր են եղել, որ մի գյուղի կամ մի շենքի բնակիչների մեծ մասի հեռուստացույցներն ու սառնարանները միաժամանակ փչացել են: Նման դեպքերում բաժանորդները չեն կարողացել ՀԷՑ-ից փոխհատուցում պահանջել, որովհետեւ չեն կարողացել ապացուցել, որ իրենց սարքավորումները փչացել են հոսանքի լարման տատանումներից: Եթե նույնիսկ բաժանորդը որոշել է դատի տալ մատակարար ընկերությանը, ապա դատարան չի կարողացել ներկայացնել հոսանքի տատանման վերաբերյալ որեւէ ապացույց: Այդ գրանցումները կատարում է մատակարար ընկերությունը, որը պարզապես հերքում է, թե վթար է եղել: Նման մի դեպք երկու օր առաջ տեղի ունեցավ նաեւ «Էքսոլթ» ընկերության հետ, որի մի քանի համակարգիչներ միաժամանակ շարքից դուրս եկան: Ընկերության աշխատակիցները, թեպետ չեն կարող փաստացի ապացուցել, որ դա եղել է հոսանքի լարման պատճառով, սակայն դրանում համոզված են, որովհետեւ լարման տատանումը զգացել են սենյակը լուսավորող լամպերից: Նույն օրը, գրեթե նույն ժամին փչացել են նաեւ «168 Ժամի» երկու համակարգիչները, նաեւ՝ մեր աշխատակիցներից մեկի սեփական համակարգիչը: Թեպետ նա համոզված է, որ համակարգիչները շարքից դուրս են եկել հոսանքի տատանումների պատճառով, սակայն դա փաստերով չի կարող ապացուցել:
Ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունել հոսանքի որակի պարամետրերը գրանցող սարքի տեղադրման առաջարկն այն պատճառաբանությամբ, թե դա թանկ է՝ 2000 դոլարից ավելի արժե: Եվ, որ բաժանորդներն ի վիճակի չեն նման ծախսեր անել: Իհարկե, բաժանորդների գրպանի պարունակությունը չպետք է պատճառ դառնա, որ հանձնաժողովը չընդունի նրանց շահերը պաշտպանող առաջարկը: Ճիշտ է, բաժանորդները չեն կարողանա նման սարքավորում գնել, բայց դա չի նշանակում, թե հանձնաժողովը պետք է սահմանափակի նրա շահերը պաշտպանելու իրավունքը: Բացի այդ, սպառողների շահերի պաշտպանների ասելով` քննարկումների ժամանակ հանձնաժողովի աշխատակիցներն ավելի շատ պաշտպանել են ՀԷՑ-ին, թե՝ «մենք հո չե՞նք կարող թույլ տալ, որ այդ ընկերությունը սնանկանա»: Սա նշանակում է, որ հանձնաժողովն էլ է ընդունում, որ ՀԷՑ-ը վատ որակի հոսանք է մատակարարում: Եվ եթե հոսանքի տատանումների կամ անսպասելի անջատումների պատճառով փչացած բոլոր հեռուստացույցների ու համակարգիչների տերերը ՀԷՑ-ից փոխհատուցում ստանան, ապա ընկերությունը կսնանկանա:
Մյուս առաջարկությունը վերաբերում է երկրորդ հաշվիչ տեղադրելուն: Բանն այն է, որ բաժանորդները միշտ էլ դժգոհել են, որ իրենց հաշվիչն ավելի շատ հոսանքի ծախս է գրանցում, քան իրենք օգտագործում են: Նրանք կասկածում են, որ «լույսի մարդիկ» պարզապես փոխում են իրենց հաշվիչների թվերը: Այս դժգոհությունը միշտ է եղել, սակայն երբեք ոչ մի բաժանորդի չի հաջողվել դա ապացուցել, որովհետեւ իր կասկածներից բացի՝ ուրիշ փաստեր չի ունեցել: Սպառողների շահերի պաշտպանների կարծիքով, եթե բաժանորդը երկրորդ հաշվիչը տեղադրի տանը, ապա ամեն օր կարող է հետեւել իր հոսանքի ծախսերին եւ կարող է համեմատել իր բնակարանի եւ շենքի մուտքի հաշվիչների թվերը: Տարօրինակ է, սակայն, հանձնաժողովը չի ընդունել նաեւ այս առաջարկը: «Նրանք պատճառաբանում էին, որ եթե մեր առաջարկությունները ընդունվեն, ապա կողմերի ծանրաբեռնվածությունն ավելի կմեծանար,- ասում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը,- դա լրացուցիչ ծախսեր եւ աշխատանքներ կպահանջեր: Բացի այդ, եւ՛ հանձնաժողովը, եւ՛ ՀԷՑ-ը երկրորդ հաշվիչին դեմ չէին, պարզապես ասում էին, որ տեղադրվի առանց կապարակնքման: Իսկ առանց կապարակնքման հաշվիչն «առեւտրային» չէ, եւ դրա ցուցիչները որպես ապացույց ընդունելի չեն լինի: Այսինքն, անիմաստ կլինի այդպիսի հաշվիչ տեղադրելը»:
Այժմ քննարկվում է իրավաբանական անձ-բաժանորդների հետ կնքվող պայմանագրի նոր ձեւը: Այս հատվածում հոսանքի տատանումներից վնասներն ավելի շատ են լինում՝ շարքից դուրս են գալիս արտադրական գծերը եւ այլ սարքավորումները: Միայն առաջիկայում պարզ կդառնա, թե հանձնաժողովը թույլ կտա՞, որ այս բաժանորդներն ունենան իրենց դժգոհություններն ապացուցելու եւ շահերը պաշտպանելու իրավունք: