Հայաստանում մարդու կյանքը գին չունի

19/07/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Ապահովագրության մասին» նոր օրենքը միայն եկող տարի կդառնա իրավիճակի լիիրավ տերը. ենթաօրենսդրական ակտերի փաթեթը դեռեւս կարգավորման փուլում է: Նոր օրենքն այնքանով է նոր, որ ներառում է Եվրամիության կանոնակարգերը, ինչպես նաեւ թույլ է տալու իրագործել Առեւտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած պարտավորությունները:

Այն է` տեղական ապահովագրական շուկան պետք է աշխատի մասնակի բաց ռեժիմով, ինչը նշանակում է, որ դրսի կազմակերպությունները նույնպես կարող են Հայաստանում բացել մասնաճյուղեր եւ իրականացնել ապահովագրական գործունեություն: Ապահովագրական շուկայում գործունեություն ծավալելու համար պետք է Կենտրոնական բանկից ստանալ համապատասխան լիցենզիա` կյանքի ապահովագրության կամ ոչ կյանքի ապահովագրության, որոնց համար տարեկան պետական տուրքը սահմանվել է 600 հազար դրամ: Ապահովագրության երրորդ տեսակը վերապահովագրումն է: Նոր օրենքով ընկերություններին արտոնագիր է տրվելու ապահովագրության յուրաքանչյուր ձեւի համար:

Հայաստանյան ապահովագրական շուկան մեծ կենսագրություն չունի, դաշտում առկա ընկերությունների մեծ մասն իրենց գործունեությունը սկսել են 2000 թվականից: ԿԲ-ից կյանքի ապահովագրության լիցենզիա այս պահին ստացել է միայն «Կասկադ ինշուրանս» ընկերությունը: Ընկերությունից տեղեկացանք, որ առայժմ իրականացնում են միայն կյանքի կարճատեւ ապահովագրություն` այն է, եթե մեկ տարվա ընթացքում անձը մահանում է, սա արդեն դառնում է ապահովագրական դեպք, եւ նրա հարազատները կարող են միանվագ ստանալ ապահովագրական գումարը: Կյանքի երկարատեւ ապահովագրություն իրականացնելու մասին «Կասկադ ինշուրանսում» այն կարծիքին են, որ դա կարող է աշխատել, եթե Հայաստանում կայանա կենսաթոշակի կուտակային ֆոնդի կուլտուրան: Նշենք, որ կենսաթոշակին վերաբերող պետական մի քանի ռեֆորմներ արդեն իսկ կարելի է տապալված համարել, հատկապես սոցիալական քարտերի «փիլիսոփայությունը», որն էլ հենց պետք է նախադրյալ դառնար կուտակային հիմնադրամի ստեղծման համար:

Ոչ կյանքի ապահովագրությամբ շուկայում զբաղված են մեկ տասնյակից ավելի ընկերություններ, որոնց գնահատմամբ Հայաստանում ապահովագրություն ասվածը դեռեւս կայացման փուլում է: Ապահովագրական շուկայում գործարքների աճին ուղղակի նպաստում է վերջին տարիներին մեծ թափ առած էլիտար բնակֆոնդի կառուցումը եւ ավտոմեքենաների ներկրումը: Նոր բնակֆոնդի կամ մեքենայի ձեռքբերման համար հիփոթեքային վարկավորման բանկի նախապայմանն է տվյալ գույքի ապահովագրումը: Ուղեւորների բեռների, ավիացիայի, բեռնափոխադրումների եւ տուրիստական ուղեւորությունների ժամանակ էլ ապահովագրությունը պարտադիր են համարում շահագրգիռ կողմերը: Բեռնափոխադրումների ժամանակ ներմուծողի համար ցանկալի է գործ ունենալ ապահովագրված բեռան հետ եւ հստակեցնել, թե ով է փոխհատուցելու «արտակարգ իրավիճակի» դեպքում: Տուրիստական ուղեւորության ժամանակ էլ, նախքան քաղաքացին կհատի Հայաստանի սահմանը, մեր երկրում առկա բոլոր դեսպանատները, բացի ԱՊՀ երկրներից, պարտադիր են համարում ապահովագրության առկայությունը:

«Պետապ Հայաստան» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանից տեղեկացանք, որ ԱՊՀ երկրներ մեկնելիս ապահովագրության նպատակով վերջին երկու տարում ընկերությանը կամավոր դիմել է ընդամենը 20 մարդ: Հայաստանում գրեթե զրոյական է գույքի կամավոր ապահովագրման ցուցանիշը: Ապահովագրական շուկան առաջարկում է տարատեսակ ծառայություններ, որոնց գները միանշանակ չեն եւ պայմանավորված են մի շարք գործոններով: «Լոնդոն-Երեւան» ընկերության մենեջեր Վահե Հովհաննիսյանի գնահատականով` գնային առումով շուկան մրցակցային է, եւ յուրաքանչյուրը փորձում է իր հաճախորդներին ավելի շահավետ պայմաններ առաջարկել: Սակայն, ընդհանուր առմամբ, ընկերությունների ծառայությունների գները մեծ տատանումներ չեն արձանագրում: Այսպես, «Լոնդոն-Երեւան» ընկերությունում 90 օրվա համար տուրիստական ապահովագրությունը միջինացված արժե 12.500 դրամ, դժբախտ պատահարի դեպքում քաղաքացին ստանում է իր առաջարկած գումարի 0.3-1 տոկոսի չափով, իսկ շինմոնտաժման աշխատանքների դեպքում` գնի 3 տոկոսի չափով:

Տեղական ընկերություններն իրենց ռիսկերի մեծ մասը վերապահովագրում են դրսի ընկերություններում եւ, որպես կանոն, դրսի գործընկերներ են հանդիսանում ռուսական կազմակերպությունները: Վ Հովհաննիսյանն ասում է, որ արդեն մեկ տարի է՝ ԿԲ-ն չի ընդունում Ռուսաստանում վերապահովագրումը, քանի որ ցածր է դրանց միջազգային վարկանիշը: Ներկայումս տեղական ընկերությունները համագործակցում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ: Ոչ կյանքի ապահովագրական շուկայի տարեկան ցուցանիշները աճի միտում ունեն, եւ այս հաջողությունները հիմնականում արձանագրվել են պատասխանատվության եւ ունեցվածքի ապահովագրության հաշվին: 2006թ. ցուցանիշներով շուկայի մոտ 62 տոկոսը բաժին է ընկել պատասխանատվության եւ 34 տոկոսը՝ ունեցվածքի ապահովագրությանը: Բավականին ցածր է մնում բժշկական ապահովագրության ցուցանիշը:

Նշենք, որ պետական մի ծրագրով համակարգի կայացման համար առաջարկվում էր պարտադիր բժշկական ապահովագրավճար գանձել աշխատավարձերի 3 տոկոսի չափով, ինչը այդպես էլ ծրագիր մնաց` արժանանալով բուռն քննադատության: Բժշկական ապահովագրության հարցում իրար հետ լեզու չեն գտնում հիվանդանոցներն ու ապահովագրողները: Վերջիններս կարծում էին, որ հիվանդանոցներն ուռճացնում են կատարած ծախսերը: Հանկարծակի հիվանդությունների դեպքում քաղաքացին գումարը ստանում է համաձայն կատարած ծախսերի, իսկ դժբախտ դեպքերի ժամանակ` ըստ օրերի քանակի: Առողջապահական համակարգում առկա նման ստվերի եւ կոռուպցիայի ծավալների դեպքում քաղաքացին դժվար թե կարողանա փաստաթղթերով հիմնավորել իր կատարած ծախսերը եւ համարժեք ակնկալիքներ ունենալ ապահովագրող կազմակերպությունից: