Ո՞ւմ շահերն է պաշտպանում այս նոր օրենքը

19/07/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տաքսի ծառայություններում աշխատող վարորդներից մենք այս անգամ փորձեցինք պարզել, թե որքանո՞վ են վերջիններս իրազեկ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքին: Պատրաստվո՞ւմ են արդյոք նրանց ղեկավարներն օգոստոսի 1-ից կատարել օրենքով սահմանված փոփոխությունները:

Տաքսու բիզնեսով կզբաղվեն միայն չինովնիկները

Վարորդ Նորայրն ասում է, որ ինքն անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ օրենքի պահանջները պետք է կատարեն իրավաբանական անձինք, ասել է թե` ծառայությունների ղեկավարները: «Ճիշտ է, այդ պարտավորությունները կատարելու են տաքսի ծառայության տերերը, բայց ամեն դեպքում՝ լավ հասկանում ենք, որ այս բիզնեսն ուզում են կենտրոնացնել մի քանի չինովնիկների ձեռքերում: Օրինակ` օրենքով 10 տարեկանից ավելի ավտոմեքենաներն իրավունք չունենք շահագործելու, բայց դուք պատկերացրե՛ք, թե ինչքան հին մեքենա է հիմա օգտագործվում: Եթե այդ մեքենաները գործածությունից հանեն, շատ ծառայություններ ուղղակի կփակվեն: Երեւանում տաքսի ծառայություններ ունեն մի շարք մեծահարուստներ, որոնց մեքենաները նոր են, այսինքն` 10 տարուց փոքր են: Դա նշանակում է, որ հին մեքենաները կհանեն, ու կաշխատեն միայն պաշտոնյաների ծառայությունների մեքենաները»,- ասում է Նորայրն ու վստահեցնում, որ որեւէ այլ ծառայության ղեկավար այդքան ֆինանսական ռեսուրս չունի, որ մեկ տասնյակ կամ ավելի նոր մեքենաներ գնի: «Իսկ դա նշանակում է, որ տաքսու բիզնեսն էլ են խլում միջին խավին պատկանող մարդկանցից: Օրենքը նաեւ պահանջում է ավտոմատ հաշվիչներ տեղադրել, ինչը նորմալ է: Բացի այդ, օրենքով տաքսի ծառայությունը պիտի սահմանված չափով տարածք, բուժկետ, բժիշկ ունենա, որտեղ վարորդները պարտավոր են ամեն օր բուժզննման ենթարկվել: Այսինքն` ահագին հաստիքներ պիտի բացեն ծառայության ղեկավարները: Ինչ խոսք, էդ ամեն ինչը լավ է` քաղաքակիրթ մակարդակով բիզնես կազմակերպելու համար, բայց ծախսերն ահավոր շատ են: Էդ ծախսերի տակից շատ մարդիկ չեն կարող դուրս գալ եւ ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսը, իսկ այդտեղ արդեն կծաղկի պաշտոնյաների բիզնեսը: Նենց որ, մեր իշխանությունները հաշվարկներով իրենց համար են օրենքներ գրում»,- ասում է Նորայրը: Նրա կարծիքով՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող տաքսու վարորդներն ընդհանրապես կհրաժարվեն տաքսի քշելուց, որովհետեւ` «Նենց գներ են դրել` դեղին պետհամարանիշներ` 200.000 դրամ եւ այլն: Եվ հետո, եթե մեքենաները տեխզննման ենթարկեն, կհասկանան, որ 10 տարեկանից քիչ շատ մեքենաներ, որոնք նոր են` ահավոր վիճակում են եւ 10 տարեկանից ավելի մեծ մեքենաներ էլ կան, որ շատ լավ են պահպանված: Շատերն ուղղակի կհրաժարվեն տաքսի քշելուց»:

Ստիպում են անսարք մեքենայով երթեւեկել

Վարորդ Գրիգորը համոզվելով, որ իր իրական անուն-ազգանունը թերթում չի նշվելու, անկեղծանում է` «Տո՛, որ ուզում եք իմանալ, շատ էլ լավ են անում, որ օրենքները խստացնում են: Էշի պես աշխատում ենք, բայց տեղն եկած տեղը, մեքենային մի բան որ լինում ա` տերերը կոտրում են գլխիդ: Ես որ ընդունվեցի աշխատանքի՝ մի հատ կիսամեռ մեքենա տվեցին ձեռքս ու ասեցին` քշի: Ասում են` էդ ա, կամ քշի, կամ էլ դուրս արի սերվիսից: Տնօրենին ասում եմ` ա՛յ անաստված, սա փորձանքի բուն ա, մի բան լինի` համ ես կքաշվեմ, համ էլ մեղքի տակ կընկնեմ: Ասում ա` էդ ա: Նա ռիսկ քշում ես ու, եթե ճանապարհին մնացիր` քո պրոբլեմն ա, թե ինչ կլինի: Եթե մի ուղեւորի քո մեղքով մի բան եղավ, ուրեմն` սերվիսը ձեռքերը լվանում ա, ու դու տնով-տեղով կորում ես: Ես շատ էլ կողմ եմ, որ մեքենաների տեխզննումն ուժեղացնեն ու վարորդներն էլ նորմալ մեքենա քշեն: Նստում ես մեքենայի ղեկին ու չգիտես՝ հետդ ի՞նչ կլինի, բայց մի կտոր հաց վաստակելու համար կյանքդ վտանգում ես, չէ՞,- ասում է Գրիգորն` ավելացնելով,- Սերվիսի տիրոջ համար մեքենայի անսարքությունը մի 3-րդ պլանի հարց ա, որը կամ կլուծի, կամ էլ` չէ: Իրան ձեռք ա տալիս պրծած ավտոյով փող աշխատել: Ցանկացած բիզնեսմեն չի ուզում մեքենան սարքելու վրա փող ծախսի ու ստիպում ա քշել էնքան, ինչքան հնարավոր ա: Շատ վարորդներ կան, որ գիտեն` գնում են ուղեւորության, բայց կարող ա իրանց հետ մի բան պատահի, ուղղակի ճարահատյալ աշխատում ենք: Ես մի քիչ չեմ ուզում ներսի գաղտնիքներից շատ բան պատմել, որովհետեւ, եթե մեր ղեկավարությունը ջոկեց, որ ես եմ` կմնամ առանց աշխատանք: Բայց հավատացե՛ք, որ էս նոր օրենքն էդքան էլ վատը չի: Ուղղակի, նայած, թե ում ա ձեռք տալիս, ում` ոչ»:

«Դանակը հասել ա ոսկորին»

Վարորդ Կարենը շահագործում է սեփական մեքենան, եւ նրա հիմնական կայանատեղին «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքում է: «Չգիտեմ ինչ է լինելու, բայց ես թքած ունեմ թե՛ օրենքի, թե՛ էդ օրենքը գրողների վրա, որովհետեւ դրանք հայ մարդուն ողջ-ողջ թաղում են: Օգոստոսի 1-ից չեմ աշխատի, որովհետեւ դրանց սահմանած կրիտերիաներն իմ համար անկարելի բան ա: Եթե ես օրական 2000-3000 դրամ եմ վաստակում ու հազիվ կարողանում եմ 3 երեխաներիս օրական ուտելիքը հասցնեմ, ու իրանք իմ երեխեքին էդ մի կտոր հացից էլ են զրկում, ուրեմն` ես պատրաստ եմ քաղաքացիությունս փոխել ու հեռանալ էս երկրից: Առանց էդ էլ ամբողջ օրը էս փողոցների փոսերի մեջ ընկած ներվային աշխատանք ենք կատարում ու, եթե մեր երկրի ջոջերը էս երկու կոպեկն էլ չեն ուզում աշխատենք կամ չեն տեսնում մեզ, ուրեմն` սրանք թուրքից վերան են: Հեն ա, էն օրը նայում էի Շիրակի մարզի էս հաշվով արած միտինգը ու մեղքս գալիս ա էս ժողովուրդը: Մի քանի ռիսկով մարդ լիներ, կհավաքեի ու կգնայի կառավարական շենքի մոտ պաժառ կանեի: Էն օրը սաղ հավաքվել էին, ասում էին՝ իբր ռումբ ա դրած, տո մեզ ո՞ւր ա էդքան բախտ, որ մի հատ վերացնեն էդ խունտան: Եթե իրանք առանց ամաչելու ժողովրդին սենց վառում են` մենք ինչի՞ց պիտի վախենանք: Բախտավոր մեր քաչալ գլխին, որ դրանց վերացնեին: Հենց տենց էլ գրեք, որովհետեւ դանակը հասել ա ոսկորին, էլ արդեն հարմարվելու տեղ չկա: Հիշո՞ւմ եք, սրանից մի քանի ամիս առաջ մի մարդ կառավարության շենքի դիմաց իրան պաժառ տվեց: Ա՛յ, տենց ա լինում, երբ մարդը էս երկրում չի դիմանում: Հիմա օգոստոսի 1-ից ես մեքենա չեմ քշելու, աշխատանքից զրկվելու եմ, ստամոքսի խոց ունեմ, չեմ կարա բանվորություն անեմ, վատանում եմ: Ի՞նչ պիտի անեմ, պիտի մեքենաս վաճառեմ ու էդ փողով մի քանի ամիս ընտանիք պահեմ, բա հետո՞ ինչ անեմ: Ասե՛ք, եթե տղամարդը տեսնի, որ իրա երեխեն սոված ա, ու ինքն էլ աշխատանքի տարբերակ չունի, ի՞նչ կարա անի: Կարա ընդամենն իրան վարի տա: Հիմա կասեք՝ էդ թույլ մարդու քայլ ա, չէ՞, բայց մարդն ինչքա՞ն կարա էս երկրի ջոջերի կապրիզները տանի, ինչքա՞ն կարելի ա մարդու ապրելու իրավունքը սահմանափակել: Ամբողջ օրը հեռուստացույցով նայում ենք դրսի պաշտոնյաներին, որոնք գալիս են սրանց մարդու իրավունքների պաշտպանություն սովորացնելու: Բայց ի՞նչ օգուտ, մեկ ա, իրանք դրած տրորում են մեր ինքնասիրությունը: Սաղ օրը մարդու իրավունքների զեկույց են կարդում ու ասում` իբր մեր մոտ մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնում են: Հիմա ես հարցնում եմ` իմ իրավունքն էս երկրում պաշտպանվա՞ծ ա: Հասկանում եմ, որ օրենքը նրա համար ա, որ քաղաքացին կատարի, բայց կարելի՞ ա տենց սպանող օրենքներ կիրառել: Էդ օրենքը նրա համար ա, որ մեր նման սովորական ապրող մարդը խեղճանա, իրավունք չունենա ինչ-որ բան պահանջել, բայց իրանք օրենքին ենթարկվո՞ւմ են: Եթե էս փողոցների երթեւեկության պայմաններում ես վթարի ենթարկվեմ` կարա՞մ օրենքով ինձ պաշտպանեմ, ասեմ, որ մեղքը տեխնիկական էր, փողոցներում երթեւեկելը հնարավոր չի: Իհարկե, չեմ կարա, որովհետեւ օրենքը նրա համար ա, որ ինձ խեղճացնի, ստորացնի, իսկ պաշտոնյան օրենքի տերն ա»,- զայրացած ասում է Կարենն ու նախազգուշացնում, որ ամիսներ հետո, եթե լսենք, որ իր հետ ինչ-որ բան է պատահել` «Իմացե՛ք, որ էս երկրի բարքերն ինձ սպանեցին»:

«Տաքսի ծառայության տերերն էլ իրենց չգրված օրենքներն են պարտադրում»

Վարորդ Մհերն ասում է, որ ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ տաքսի ծառայությունների վերաբերյալ օրենքն աստիճանաբար կվերափոխվի այնպես, որ չտուժեն բիզնեսմեններն ու քաղաքացիները: «Միշտ էլ օրենքներն ամենասկզբում սկանդալային աղմուկ են բարձրացնում, որովհետեւ մենք մի տեսակ հիվանդագին ենք ընդունում ամեն մի նոր բանը: Ես չեմ կարծում, որ իշխանությունները կդնեն ու կկոտրեն մեզ: Ամեն դեպքում ընդհանուր հայտարարի կգան: «Ազատություն» ռադիոկայանի աղմուկը ո՞նց հանդարտվեց, ճիշտ ա, անորոշ ա ամեն ինչ, բայց դե կգտնվի ոսկե միջինը: Ընդհանրապես տաքսի ծառայության տերերն էլ լիքը մտածելու բան ունեն, որովհետեւ իրանց համար մի տեսակ արտոնյալ պայմաններ են ստեղծել: Օրինակ` ինչի՞ օրենք չեն հանում, որ վարորդներին աշխատացնեն Աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամերով: Աշխատանքային օրենսգիրքը նախատեսո՞ւմ ա սուտկայով աշխատանք, իհարկե` ոչ, բայց աշխատացնում են, որովհետեւ իրանք դրանից շատ մեծ եկամուտներ են ստանում,- վստահեցնում է Մհերն ու հավելում է,- Մենք էլ ստիպված ենք աշխատում, որովհետեւ, եթե սուտկայով չաշխատես` կհանեն, իսկ, եթե 8 ժամ աշխատես` հացի փող չես վաստակի: Նույն տաքսի ծառայության տերերը վարորդներին նեգրի պես աշխատացնում են: Օրինակ, եթե ես պատվերը կատարել եմ ու պիտի վերադառնամ սերվիս, չէ՞, նույնիսկ էդ ճանապարհի վրա ծախսվող գազն իրանք խնայում են: Ստիպում, ասում են՝ ճանապարհին մի տեղ կայանի, մինչեւ նոր պատվեր գա, ռացիայով կապվենք, ուղարկենք ուղեւորի ետեւից: Դե՛, պատկերացրեք, էս շոգին, մեքենայի մեջ խաշվում ես, մինչեւ կբարեհաճեն նորից տեղ ուղարկել: Իսկ գիշերները սերվիսում մնալու փոխարեն փողոցներում կայանելը շատ վտանգավոր ա, որովհետեւ գալիս, դանակը պահում են վզիդ ու ասում` քշի էսինչ տեղը: Սերվիսում գոնե պատվիրատուի հեռախոսահամարը գրանցվում ա, իսկ փողոցի պատվերի ժամանակ չգիտես` ով ա ուղեւորդ, ու քեզ ի՞նչ ա սպասվում: Նենց որ, տաքսի ծառայություն պահող բիզնեսմեններն էլ իրենց հերթին իրենց չգրված օրենքներն են պարտադրում ու, երբ իրանցից օրենք են պահանջում` ձիու պես խրտնում են: Ուզում եմ ասել, որ միշտ չի, որ պետությունը սխալ ա, ուղղակի մեր ռեակցիան միշտ բացասական ա լինում: Հիմա փողոցներով երթեւեկելիս ամբողջ օրը հայհոյում են իշխանություններին, բայց էդ մարդիկ մի լուծում պիտի գտնեն, չէ՞, երթեւեկության ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու համար: Ուրիշ ժամանակ ասում ենք` ի՞նչ են մտածում սրանք, էսքան դժբախտ պատահար ա լինում, բայց մեր ղեկավարների պետքը չի: Հիմա էլ բողոքում ենք, թե ինչի՞ են փողոցները փակել ու քանդում: Մարդու բնույթն ա տենց, միշտ դժգոհ ա ամեն ինչից: Էն ժամանակ հիշո՞ւմ եք, որ վարորդները ծախում էին գայիշնիկներին, դուք էլ թերթում գրում էիք, թե ինչ կաշառքներ են վերցնում: Բա հիմա էլ տաքսիներին են վերահսկում, ինչի՞ են վառված: Թե՞ գայիշնիկներին վարկաբեկելը լավ էր, բայց հենց իրանց ոտքը տրորեցին` սկսեցին խուճապի մատնվել»: