«Փոքրիկ կանաչ մոնստրները» կհասնեն Արաբկիր

19/07/2007 Մարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Արաբկիր համայնքի «Մաքուր Արաբկիր» սանմաքրման ընկերությունն արդեն ունի մոտ 40 աղբահավաք, ձյան մաքրման, ջրցան մեքենաներ, սակայն այդքանը լրիվ բավական չէ համայնքի սպասարկումն ամբողջությամբ եւ լիարժեք իրականացնելու համար:

Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանն օրերս վերադարձավ Շոտլանդիայից, որտեղ հանդիպել էր Ֆալկիրկ քաղաքում գործող «Կանաչ մեքենաներ» («The Green machine») աշխարհում մեծ ճանաչում ունեցող ընկերության ղեկավարության` վաճառքի եւ տեխնիկական հարցերով տնօրեն Պետեր Մուննոչի, Կառավարման տնօրեն Գորդոն Ֆլեմինգի եւ արտահանման հարցերով կառավարիչ Սելիա Նորտոնի հետ: «The Green machine»-ն արտադրում է եվրոպական երկրներում մեծ ճանաչում ունեցող մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների հետիոտն ճանապարհների, մայթերի մաքրման համար: Դրանք փողոցների համար նախատեսված հատուկ փոշեկուլներ են, որոնք հնարավոր է աշխատեցնել տարվա ցանկացած եղանակի: Այդ մեքենաները գործածող երկրների, քաղաքների, եւ բիզնես-ընկերությունների ղեկավարներն անվանում են «փոքրիկ կանաչ մոնստրներ»: Չնայած իրենց փոքրիկ չափերին, այդ մեքենաները լավագույն արդյունքն են ապահովում փողոցների մաքրման գործում: Ընդ որում, դրանք` իրենց փոքր չափերի շնորհիվ, կարող են գործածվել օրվա ցանկացած ժամի` չխանգարելով մարդկանց անցուդարձին: Այդ փոշեկուլ-մեքենաների տեսադաշտից չեն վրիպում անգամ պլաստիկե եւ ապակե տարաները:

«Փոքրիկ կանաչ մոնստրները» մեծապես գործածվում են Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Սինգապուրում… եվրոպական շատ երկրների զարգացած քաղաքներում: Նույնիսկ Անգլիայի թագուհու նստավայրի շրջակայքը մաքրելու համար այսօր այդ մեքենաներն են գործածվում: Բազմաթիվ բիզնես ընկերություններ` հյուրանոցային համալիրներ, հանգստի գոտիներ, օդանավակայաններ, գործարաններ (եւ այլն) այդ մեքենաներից ձեռք են բերում` տարածքը աղբից ու փոշուց մաքրելու համար: «The Green machine» ընկերությունը 500 եւ ավելի քանակով մեքենաների պատվերներ է ստացել Պարսկաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից: Այդ մեքենաները շատ քաղաքներ են ցանկանում ունենալ, սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ, քանզի դրանց գները (չհաշված տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը) տատանվում են 25-60.000 եվրոյի սահմաններում: Ինչ խոսք, մեքենաները ձեռք բերելու դեպքում ավելանում են նաեւ դրանց ճիշտ գործածության համար համապատասխան մասնագետների վերապատրաստման հարցերը (իսկ դրա պահանջն ընկերությունը նշում է որպես պարտադիր պայման, քանի որ սխալ գործածության դեպքում կարող են լավագույն արդյունքը չստանալ եւ հեղինակազրկել ընկերության լավ համբավը):

Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը թվով չորս մեքենաներ է գնել համայնքի գլխավոր պողոտաների մաքրությունն ապահովելու համար: «Կանաչ մեքենաներն» արդեն ճանապարհին են եւ օգոստոսի վերջին կհասնեն Հայաստան: Սեպտեմբերի սկզբին Հայաստան կժամանեն նաեւ ընկերության ներկայացուցիչները` համապատասխան մասնագետների հետ, որպեսզի տեղում ներկայացնեն ընկերության մեքենաները, տեղացի մասնագետների հետ հանդիպեն եւ Արաբկիր համայնքի ղեկավարի հետ քննարկեն հետագա համագործակցության հետ կապված հարցերը:

Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի ջանքերով շուտով «Մաքուր Արաբկիր» ընկերությունը կհամալրվի եւս չորս` 3 աղբահավաք եւ 1 փողոցները լվացող, ջրցան գերմանական «Ման» ֆիրմայի արտադրության մեքենաներով:

Ի դեպ, շուտով Երեւան կհասնեն նաեւ Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի` Արաբկիր համայնքին հատկացրած «Ռենո» մակնիշի ձմեռային երկու աղցան մեքենաները: Այսպիսով, Արաբկիր համայնքը կհամալրվի թվով 10 եվրոպական արտադրության մեքենաներով:

Հովհաննես Շահինյանն իր աշխատանքային այցի ընթացքում Ֆրանսիայում հանդիպում ունեցավ UMP (Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցություն, որի ղեկավարն է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին) կուսակցության գլխավոր քարտուղար, Օ-դը-Սեն (Hauts-de-Seine) տարածաշրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, պատգամավոր Պ. Դեւեջյանի հետ: Վերջինս ֆրանսիական քաղաքականության մեջ բավական խոշոր եւ ազդեցիկ քաղաքական գործիչ է եւ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Հանդիպումը նախաձեռնել էր Պլեսի-Ռոբինսոնի փոխքաղաքապետ Ժակ Պերինը: Հիշեցնենք, որ Արաբկիր համայնքը եւ Պլեսի-Ռոբինսոնը քույր քաղաքներ են եւ սերտ համագործակցում են: Պլեսի-Ռոբինսոնը Օ-դը-Սեն շրջանի քաղաքներից է: Հանդիպման ընթացքում Պ. Դեւեջյանը եւ Հովհ. Շահինյանը քննարկեցին քույր քաղաքների համագործակցության, հետագա ծրագրերի, անելիքների հետ կապված հարցեր: Իր հերթին, Ժ. Պերինը ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք մինչ օրս իրականացրել են Երեւանի Արաբկիր համայնքի հետ` նշելով, որ Արաբկիր-Պլեսի-Ռոբինսոն համագործակցությունը քույր քաղաքների եւ երկու երկրների համագործակցության լավագույն օրինակ է: Նա նաեւ պատմեց Ֆրանսիայում հայկական մշակույթի օրերի ընթացքում Պլեսի-Ռոբինսոնում բացված «Հայաստան» հրապարակի մասին, որի բացման արարողությանն Արաբկիր համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ: Նշենք, որ հոկտեմբերին Հայաստան կժամանի նաեւ Պլեսի-Ռոբինսոնի պատվիրակությունը: