Այս տարվա ապրիլի 21-ին Արարատի մարզի Դարբնիկ (նախկինում` Դեմիրչի) գյուղի բնակիչ Սվետա Մարգարյանը նոր էր բոլորել իր 13 տարին: Նա 1988թ. Ադրբեջանից Արարատի մարզում հաստատված երիտասարդ փախստական ծնողների առաջնեկն էր ու բազմազավակ ընտանիքի միակ դուստրը: Սվետան գյուղի դպրոցի լավագույն աշակերտներից էր եւ ծնողներին ակնարկել էր, թե դպրոցն ավարտելուց հետո ընտրելու է լրագրողի մասնագիտությունը:
Սակայն հարեւան Գեղանիստ գյուղի բնակիչ Սանասար Հովհաննիսյանը (ծնվ. 1977թ.) իր վարած «Գազ-53-12-01» մակնիշի 27 SS 299 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայով այս տարվա մայիսի 14-ի ժամը 17: 30 սահմաններում վրաերթի է ենթարկել Սվետա Մարգարյանին, նրա կրտսեր եղբորը` 4-ամյա Արմեն Մարգարյանին եւ Սվետայի համադասարանցի Անժելա Սողոմոնյանին, ինչի արդյունքում Սվետան տեղում մահացել է, իսկ նշված երկու անչափահասները ստացել են կյանքը վտանգող ծանր վնասվածքներ: Սվետայի հորը` Աշոտ Մարգարյանին պատկանող տունը տեղակայված է գյուղամուտի աջ թեւին, հենց ճանապարհապտույտի վրա: Ականատեսների վկայությամբ՝ վարորդը եղել է անկառավարելի վիճակում, եւ, քաջածանոթ լինելով տեղանքին, մեքենան վարել է անթույլատրելի` 100 կմ/ժամ-ը գերազանցող արագությամբ:
Բեռնատար ավտոմեքենայի արագընթացը տնամերձ այգուց նշմարած գյուղացիներից մեկը, կանխազգալով անխուսափելի ավտովթարի մեծ վտանգը` աղաղակելով նետվել է տնից, սակայն անզոր է եղել կանխել ողբերգությունը: Երեք անչափահասները հենց այդ պահին դարպասից մեկ քայլ առաջ են անցել, այդ ժամանակ բեռնատարը նրանց մի հարվածով դարպասի առջեւից «սրբել» է եւ նետել 5-6 մ հեռավորության վրա: Իսկ փոքրիկ Արմենին անգիտակից վիճակում ավագ եղբայրն է դուրս բերել փողոցի նեղ առվակից. 10 օր շարունակ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մշտապես հերթապահող բուժանձնակազմը երեխայի վիճակը գնահատել է ծայրահեղ ծանր եւ անհուսալի: Պարզապես 4-ամյա Արմենը հրաշքով է հաղթահարել կենսական կարեւոր օրգանների վնասվածքները: Հիմա նա վշտի մեջ գտնվող ծնողների միակ սփոփանքն է ու հաճախ է կրկնում, որ իր քույրը վերեւում է ու միշտ ժպտում է: Հանկարծահաս ավտովթարից տուժած Անժելա Սողոմոնյանը, ով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բարդ վիրահատությունների է ենթարկվել, գիտակցության գալուց հետո բժիշկներից է տեղեկացել, որ ինքը վրաերթի է ենթարկվել, որովհետեւ ոչինչ չի հիշում եւ չգիտի, թե ինչպես է տեղի ունեցել դժբախտ պատահարը:
Նշենք, որ Ս. Հովհաննիսյանը նախ հարվածել է Ա. Մարգարյանի տան ցանկապատին ու բետոնե պարսպին, հետո՝ երեխաներին, ապա առանց արգելակելու` ավերել է Գեւորգ Բաբայանին պատկանող՝ հաջորդ տան հաստ պարիսպն ու երկաթե դարպասը: 70-80 մ ավերածություններից հետո բեռնատարը կիսաշրջվել է: Մինչ օգնության հասած հարեւանները շտապել են արյունաշաղախ երեխաներին առաջին իսկ պատահած ավտոմեքենայով հասցնել քաղաքային հիվանդանոց, ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորը ծլկել է դեպքի վայրից: Նա դաշտերով մի կերպ հասել է (քանի որ ստացել է քերծվածքներ) իրենց գյուղ` պատսպարվելով մորաքրոջ տանը: Ի դեպ, Ս. Հովհաննիսյանի կողքին՝ խցիկում, եղել է նաեւ մի ուղեւոր, որի ինքնությունը մինչ օրս պարզված չէ: Իրավապահները մեծ նշանակություն չեն տվել այդ ուղեւորի անձին: Մեղադրյալի ցուցմունքներում ուղեւորը ներկայացված է իբրեւ Հայանիստ գյուղի կանգառում իր մեքենան նստած մոտ 40 տարեկան պատահական ուղեւոր, որին չի ճանաչում: Այնինչ ականատես գյուղացիները տուժողի օրինական ներկայացուցիչ եւ տուժողի իրավահաջորդ Աշոտ Մարգարյանին, ով դեպքի ժամանակ գտնվել է աշխատավայրում, պատմել են, որ վարորդն ու ուղեւորը գտնվել են հարբած, էյֆորիկ վիճակում: Ականատես գյուղացիները, որոնցից շատերի վկայությունը տեղ չի գտել նախաքննության ընթացքում, շրջված ավտոմեքենայի խցիկից հայտնաբերել են օգտագործված ինչ-որ սրվակ, ինչի առկայությունը չի հաստատվել դեպքի վայրի զննման ընթացքում:
Պատահարի հաջորդ օրն ալկոհոլի ազդեցությունից ուշքի եկած, ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժանմունք մեղայականով ներկայացած Սանասար Հովհաննիսյանն իրեն առաջադրված մեղադրանքներում նշել է, որ ընթացքի ժամանակ` ճանապարհին, խմել է 2 շիշ` 1,5 լ գարեջուր եւ մեքենան վարել է իր ուղեմասով, ասֆալտի աջ եզրից մոտ 1 մ հեռավորության վրա եւ 90 կմ/ժ արագությամբ: Նա նշել է նաեւ, որ ավտոմեքենայի արգելակային համակարգը գտնվել է անսարք վիճակում, արգելակները գործել են միայն ոտնակը երկրորդ անգամ սեղմելուց հետո, այդ պատճառով Դարբնիկ գյուղի սկզբնամասում գտնվող ոլորանն անցնելիս բարձր արագության պատճառով չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվելով ճամփեզրի ցանկապատին ու պարսպին՝ վրաերթի է ենթարկել դարպասի առջեւ գտնվող երեք երեխաներին:
Դեպքի առիթով Մասիսի քննչական բաժանմունքում Ս. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործում, որի անզգուշության պատճառով առաջացել է մահ) եւ 244 հոդվածով (փախուստ դեպքի վայրից): 2007թ. հունիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացության հիման վրա Արարատի մարզի դատախազ Ս. Պարսամյանի կողմից հաստատված է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին որոշումը: Հուլիսի 19-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում կլսվի նշված քրեական գործի առաջին դատական նիստը:
«Ամեն ինչ կդառնա թատերականացված բեմադրություն»
Քրեական գործով տուժողի օրինական ներկայացուցիչ եւ տուժողի իրավահաջորդ Ա. Մարգարյանը, ով դեռեւս քաղհայցի պահանջ չի ներկայացրել, խիստ մտահոգված է քրգործի դատական քննության արագացված կարգ կիրառելու փաստից: Նա համոզված է նաեւ, որ նախաքննության ընթացքում կարեւոր ապացույցներ են «վրիպել» քննիչ Պ. Եղիազարյանի հսկողությունից, եւ բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ մեղադրյալ Ս. Հովհաննիսյանը, ում խիստ դրական բնութագիր է տրված, դատավարությունից հետո չի կրի իր արժանի պատիժը: «Իրենց ասելով՝ էնքան խելքը տեղն է եղել, որ Հայանիստում մեքենան կանգնեցրել է ու մարդ վերցրել, բայց այստեղ, ինքն էլ՝ կողքի գյուղի ապրող, իմանալով, որ ճանապարհը մեծ թեքություն ունի, չի էլ փորձել կանգնել, սաղ քանդելով գնացել է: Նրա հարազատներն ասում են՝ մենք ձեզ հետ հո դուշմանություն չե՞նք ունեցել, պատահար է` եղել է: Մտածում են, հեչ բան ա, էլի: Քննիչն իրա ասածը հիմք ա ընդունել, որ ասել է՝ 2 շիշ պիվա է խմել, բայց որ կողքի տեսնողներն ասում են` 2 հոգով են եղել, ամպուլա են տեսել ավտոյի մեջ, դա հեչ ա լինում: Արյան նարկոլոգիական փորձաքննություն չեն անցկացրել, մինչեւ 12 օրը դա հնարավոր էր պարզել: Քննիչը հանցագործի ասածն ա հիմք ընդունում, իսկ տուժողինը` ոչ: Դուրս ա գալիս, որ մենք ենք մեղավոր, որ մեր տունն ըստեղ է, մեր երեխան էդ պահին դարպասի մոտ կանգնած է եղել, այլ ոչ թե ինքը: Չգիտես ինչու, որպես վկա մենակ կանանց են տարել: Գոնե օրենքի շրջանակներում մի քիչ խիստ դատվի, որ տուժողի սրտին մի քիչ հովություն լինի: Չի իմացվի՝ նա 5 տարի՞ կդատվի, թե՞ 2 տարի: Փողով սաղին լռեցնում են, ամեն ինչ մեղմացնում են: Մեզ էլ են փող առաջարկում, մենք փող վերցնենք ինչի՞ համար, մենք մեր երեխուն ենք ուզում: Կյանքի դիմաց մենակ կյանքն է»,- արցունքն աչքերին՝ ըմբոստանում է Սվետայի մայրը` Արեւիկ Մարգարյանը: Հարեւաններից Արինա Սարգսյանը, ով նաեւ գործով վկա է ճանաչված, ասում է. «Ոչ մութ ա եղել, ոչ ձյուն ա եղել, ոչ թաց ա եղել: Պատկերացրեք, եթե մեկ մետրանոց հաստ պատերը քշելով տանի, ինչ արագությամբ քշած կլինի` ամենավերին արագությամբ: Մինչ երեխեքին խփելը, տեսեք՝ քանի տեղի ա խփել: Խմածը դրանից կօյաղանար»: Հետո շարունակում է. «Իրանք արդեն հիվանդանոցում էին, երբ մի հատ տղամարդ մեր դարպասի դեմը կանգնած զանգել էր ու ասում էր` ապերի ավտոն է, շուտ արեք հասեք: Այդքանն եմ լսել, թե ո՞վ ա եղել, ի՞նչ ա եղել, ես էդ չգիտեմ: Իրանք էլ վռազ հասել են»:
Մինչ ոստիկանների կողմից անցկացված տեղազննումն, «ապերի» շրջապատի տղերքին հաջողվել է տեղանքը մաքրել նախաքննության համար վտանգավոր եւ ավելորդ առարկաներից` մեքենայում գտնվող սրվակից եւ մեծ թվով դատարկ շշերից: «Իրենց գյուղի բնակիչներն ասում են, որ նա լուրջ ավտոյի ռույլին նստած չկա, միշտ հարբած ու անջատված է եղել: Ավտոյի մեջ ամպուլան ի՞նչ գործ ուներ: Ամեն դեպքում նա ծխած պիտի լիներ, 2 շիշ պիվա խմածն ինչ-որ տեղ դխկոցից ոտքը տորմուզին կդներ: Հանցանքը մեղմացված է, իրականությունից շեղված: Ամեն ինչ դառնում է թատերական բեմադրություն: Նա եղել է ոչ թե անզգույշ, այլ անկառավարելի: Քննիչն ինչի՞ց է եզրակացրել, որ նա խմել է ընդամենը 1,5 լ, գարեջուր, եւ ոչ թե նարկոտիկի տակ է եղել: 1,5 լ գարեջուր խմածը 70 մետրի վրա գոնե մեկ անգամ ոտքը տորմուզին կդներ: Գյուղացիները նրանց գտել են անջատված, բիբերը լայնացած վիճակում: Երեխեքով տարված, նրանց աչքաթող են տարել: Ինչի՞ երկրորդ մարդը չի գտնվում: Պատահականություններն ինչ-որ շատ-շատ են: Պատահական ուղեւորն ինչի՞ համար հարբած ու անջատված պիտի լիներ: Հունիսի 25-ին տված իմ ցուցմունքից հետո են ոստիկանները սկսել փնտրել երկրորդ անձին, բայց ապարդյուն: Ոստիկանները ոչ եկել են գյուղ, ոչ էլ հարցաքննել հարեւաններին»,- ասում է Ա. Մարգարյանը: Գեղանիստ գյուղի բնակիչներն իրենց համագյուղացի Ս. Հովհաննիսյանի հանցավոր անցյալի մասին ասում են, որ վերջինս 2 տարի առաջ էլ է վրաերթի ենթարկել մի երեխայի եւ անպատիժ մնացել: Նրանք նաեւ ասում են, որ մեղադրյալ Ս. Հովհաննիսյանը մայիսի 12-ին խորհրդարանական ընտրություններում հաղթած, իրենց համայնքից առաջադրված ԲՀԿ-ական պատգամավորի մանդատի աչքալուսանքի ժամանակ է հարբել եւ ինքնատիրապետումը կորցրած նստել է բարձած բեռնատարի ղեկին:
Մեղադրյալ Ս. Հովհաննիսյանի կողմից Մարգարյանների ընտանիք ուղարկված բանակցողները դատարանում իրենց հարազատի պատժի չափը մեղմացնելու դիմաց տուժող կողմին բազմիցս գումար են առաջարկել, սակայն 13-ամյա աղջկան կորցրած ծնողների համար մերժելի է ցանկացած նյութական փոխհատուցում: Նրանք տրամադրված են գնալ մինչեւ վերջ: