«Էս երկիր չի, ձեւ լինի՝ գնանք մի ուրիշ տեղ ապրենք»։ Այս խոսքերը կարելի է շատ հաճախ լսել Հայաստանում՝ կամայականություններից, ապօրինություններից, գործազրկությունից կամ դոլարի արժեւորումից դժգոհ ՀՀ շատ քաղաքացիներից։ Մի մասն այդ ձեւը գտնում է՝ մեկնում են Ռուսաստան, ավելի «հաջողակները»՝ ԱՄՆ կամ եվրոպական երկրներ։ Ու կասկած չունեմ, որ օտար ափերում շատերն ի սրտե փոշմանում են, որ այդքան ջանք, եռանդ, ժամանակ ու փող են ծախսել՝ իրենց անձնագրում այդքան ցանկալի թվացող վիզան ունենալու համար։
Առաջին իսկ օրերին մեր հայրենակիցների համար պարզ է դառնում, որ հեռվից դրախտավայր թվացող վայրում իրենց, մեղմ ասած, այնքան էլ դրախտային պայմաններ չեն սպասում։ Պատճառները շատ են։ Հիմնական բնակության նպատակով մեկնողները հիմնականում միջին տարիքի մարդիկ են, որոնց համար այլ երկրին հարմարվելը շատ ավելի դժվար է։ Շատերը լեզուն անգամ չգիտեն։ Ծանոթ չեն տեղի բարքերին, ավանդույթներին, օրենքներին։ Եկել են, որ աշխատեն, բայց աշխատանքի իրավունք չունեն, եւ այլն։ Պարզ ասած, հասկանում են, որ սա էլ «Ռիո դը Ժանեյրոն չէ»։ Սակայն, ինչպես ասում են, էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը… Հո հետ չե՞ն գնա։
Այս առումով Մեծ Բրիտանիա մեկնող հայերի համար թերեւս ավելի դժվար է։ Նախ, այս երկրի մուտքի վիզա ստանալը բավական բարդ է։ Բացի այդ, անգլիացիներն իրենց կենցաղով եւ ավանդույթներով տարբերվում են անգամ մյուս եվրոպական երկրներից։ Ի՞նչ կարող է անել այստեղ կյանքի մեծ մասը Սովետական Հայաստանում ապրած հայը։ Դեսպանատանը նրան ոչնչով չեն օգնի։ Առավելագույնը խորհուրդ կտան դիմել տեղի հայկական կազմակերպություններին։
Հայերն այստեղ շատ չեն՝ 10-12 հազար։ Փոխարենը, հայկական կազմակերպությունների պակաս չկա։ Սակայն սուտ կլինի ասել, որ նրանց անդամները գիշերները չեն քնում՝ ներգաղթած հայերի վիճակի մասին մտածելով։ Նրանք հիմնականում զբաղվում են ավելի «գլոբալ» խնդիրներով։
Ինչեւէ, կա մի կազմակերպություն, որը զբաղվում է հենց ներգաղթած հայերի խնդիրներով։ Այն այդպես էլ կոչվում է՝ Հայկական խորհրդատվության եւ խորհրդի կենտրոն, կամ պարզապես՝ «Հայաշեն»։
Կազմակերպությունը համեմատաբար երիտասարդ է, հիմնադրվել է 1987թ.։ Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց «Հայաշենի» տնօրեն Միսակ Օհանյանը, աշխատակազմն այդ ժամանակ բաղկացած է եղել ընդամենը չորս հոգուց։ Կազմակերպության հիմնական նպատակը Մեծ Բրիտանիա գաղթած հայերի համար անվճար խորհրդատվություն ապահովելն է։ «Այստեղ եկող հայերի մեծ մասը միշտ դժվարություններ է ունեցել՝ հաստատվելու, գրանցվելու, իրավունքներ ստանալու հարցերում։ Խորհրդատվության կարիք են ունեցել։ Շատերը լեզուն չգիտեն, չգիտեն՝ ինչպես գրանցվել բժշկի մոտ, չգիտեն՝ ինչ իրավունքներ ունեն։ Միշտ մնացել են լճացած, տեղացիներից հեռու։ Դա ինձ համար տարօրինակ էր, որովհետեւ ուրիշները՝ հնդիկները, պարսիկները եւ այլք, գալով Անգլիա, միշտ ավելի շուտ են սկսել շփվել տեղի կյանքին, խառնվել են պետության, հանրության մեջ եւ կարողացել են իբրեւ փոքրամասնություն՝ ավելի շատ իրավունքներ ձեռք բերել՝ ի տարբերություն հայերի»,- ասում է Մ. Օհանյանը։
Խորհրդատվական բաժնի շուրջ տարիների ընթացքում կարողացել են ուրիշ ծրագրեր էլ սկսել. մանկապարտեզ, տարեցների ակումբ, որտեղ ճաշ են մատուցում կարիքավոր մարդկանց։ Ունեն նաեւ միկրոավտոբուս, որն այդ մարդկանց շաբաթը երկու անգամ բերում է այստեղ։ «Հայաշենում» գործում է նաեւ գրադարան։ Մ. Օհանյանն ասում է, որ զբաղվում են նաեւ առօրյա խնդիրներով. «Օրինակ՝ մարդիկ պետությունից նամակ են ստանում, չեն կարողանում կարդալ, թարգմանում ենք … Բացի այդ ամենից՝ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում ընթացքում։ Օրինակ, Նոր տարվա խնջույք, որ մարդիկ իրար հետ կարողանան շփվել։ Երեխաների համար ամառային ծրագրեր էլ ունենք»։
Գործունեության առաջին տարիներին խորհդատվական կենտրոնը, մանկապարտեզը, գրադարանը գործել են տարբեր վայրերում։ 1993թ. գնվել է ներկայիս շենքը, որը պաշտոնապես բացվել է 1994թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկնոջ կողմից։
Մ. Օհանյանն ասում է, որ իրենց ծրագրերն անվճար են եւ բաց են բոլոր հայերի, ինչպես նաեւ՝ նրանց համար, ովքեր հայերի հետ կապ ունեն։
Բնականաբար, հետաքրքիր էր, թե ի՞նչ միջոցներով է գոյատեւում այս կազմակերպությունը։ «Ունենք մոտ 300 անդամ, որ վճարում են անդամավճարներ, սակայն հայերի ներդրումն այս կազմակերության բյուջեում շատ նվազ է` 5-10%: Մնացածը գալիս է քաղաքապետարանից կամ անգլիական բարեգործական միություններից։ Դիմումներ ենք գրում, ներկայացնում մեծ ծրագրերը։ Օրինակ, այժմ մեր կարեւոր խնդիրներից է՝ 25.000 ֆունտ (50.000 դոլար) հավաքենք, որ նոր միկրոավտոբուս գնենք, քանի որ ներկայիս մեքենան արդեն շատ հին է», – ասում է պրն Օհանյանը։
Անգլիայում բնակվող մեծահարուստ հայերը, նրա խոսքերով, կենտրոնացած են այլ կազմակերպություններում, կուսակցություններում եւ բարեգործական միություններում, նրանց են օգնում. «Քանի որ մեր գլխավոր ծառայությունն ուղղված է ավելի անապահով մարդկանց, հարուստները մեզ չեն օգնում… Իրենք պարահանդեսներ են սիրում… Եղել է, որ 500 կամ 1000 ֆունտով օգնել են, բայց համեմատության համար նշեմ, որ մեր տարեկան բյուջեն նվազագույնը 100 հազար է»։ Մ. Օհանյանն ասում է, որ իրենց ժամանակին օգնել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լոնդոնի մասնաճյուղը՝ շենքը գնելիս։ Սակայն այժմ նրանք էլ չեն օգնում։
Դժվար է ասել՝ սա ավելի շատ ինքնամխիթարա՞նք է, թե՞ ոչ, սակայն նա հավաստիացնում է, որ դեռ ընկերության հիմնադրման ժամանակներից ի վեր շարժվել է հետեւյալ փիլիսոփայությամբ՝ «ավելի նախընտրելի է օտարներից հավաքել գումար եւ գործածել հայերի համար»։ Իմ այն հարցին, թե, եթե անգամ հայերը հայերին չեն օգնում, անգլիացիներն ինչո՞ւ պիտի օգնեն, պրն Օհանյանը պատասխանեց. «Նրանք հայերին չեն օգնում որպես հայ, այլ օգնում են որպես փոքրամասնություն, ինչպես օգնում են մյուս փոքրամասնություններին։ Մենք մրցում ենք մյուս փոքրամասնությունների հետ եւ գումարներ ստանում ենք ոչ թե այն պատճառով, որ հայ ենք, այլ այն պատճառով, որ իրենք գումարներ տալիս են նաեւ ուրիշներին»։ Այդուհանդերձ, «Հայաշենի» տնօրենը նշում է, որ իրավիճակը շատ է փոխվել վերջին տարիներին, եւ օգնություն ստանալը գնալով դժվարանում է։ Ավելին, եթե նախկինում գումարներ էին տալիս, որ փոքրամասնություններն իրենց մշակույթը, լեզուն պահպանեն, ապա այժմ ընդհակառակը՝ պահանջում են, որ անգլերեն դասընթացներ կազմակերպվեն ներգաղթողների համար, որպեսզի հնարավորինս արագ ադապտացվեն այս երկրին։
Թեեւ սա բնական է։ Պետությունն օգնում է ներգաղթածներին, այլապես նրանք, կարիքի մեջ հայտնվելով, կարող են հանցագործ դառնալ։ Այսինքն, պետությունն օգնում է ինքն իրեն։ Ու մեղադրել, թե՝ ինչո՞ւ մեզ գումար չեք տալիս, որ մենք հայկական դպրոցներ բացենք, մեղմ ասած, աներեսություն կլինի։
Փոխարենը, ինքնաքննադատությունը երբեմն ավելի տեղին է ու օգտակար։ Չէ, նկատի չունեմ, որ հայերը հայերին ֆինանսապես չեն օգնում։ Դրա համար էլ դժվար է ինչ-որ մեկին մեղադրել, ամեն մեկն իր խնդիրներն ունի։ Սակայն կան բաներ, որ գումարի հետ կապված չեն։
Հայերն այստեղ քիչ են, սակայն միասնականություն չկա։ Գործում են մի քանի հայկական կազմակերպություններ, եւ յուրաքանչյուրը կարծես ունի իր «կոնտինգենտը»։ Մեկը մյուսի միջոցառումներին դժկամությամբ է մասնակցում կամ չի մասնակցում։ Բացառություն է, թերեւս, միայն Ապրիլի 24-ը։
Մ Օհանյանը հավաստիացնում է, որ իրենք փորձում են նեղ, կազմակերպական շահերից դուրս լինել եւ աշխատում են բոլորի հետ. «Որովհետեւ նախկինում տեսնում էի, որ այդ խտրականությունը կար, օրինակ՝ կոպիտ ասած, եթե դաշնակցական չես, ուրեմն հայ չես, կամ լիբանանահայը կիպրոսահային այնքան էլ լավ չէր վերաբերվում։ Արհեստական այդ բաժանումները ես ճիշտ չեմ համարում»։
Մ. Օհանյանը դա համարում է սփյուռքահայության հիվանդությունը, որը վնասակար է, «Մանավանդ Լոնդոնի պարագայում, երբ հայերը 10-12 հազար հոգի են։ Չի կարելի անընդհատ այդ մարդկանց բաժանել խմբերի. 200 հոգին առանձին են ապրում, 200-ը՝ առանձին, մյուսներն՝ առանձին, մեկը բողոքական է, մյուսը՝ կաթոլիկ, մեկը դաշնակցական է, մյուսը՝ հնչակյան, մեկը կիպրահայ է, մյուսը՝ լիբանանահայ… Արդեն կխենթանաս»,- սրտնեղում է պրն Օհանյանը՝ ավելացնելով, որ հայկական կազմակերպությունների մեջ համագործակցություն չկա, միասնականություն չկա։ Ասում է՝ իրենք բոլոր հայկական կազմակերպություններին առաջարկել են «Հայաշենի» տարածքը տարին երկու անգամ անվճար օգտագործել՝ ժողովների, հանգանակությունների, տարբեր միջոցառումների համար։ Շատերն անգամ չեն էլ պատասխանել։
Ի դեպ, իմ այցելության պահին կազմակերպության անդամներն ակտիվորեն ինչ-որ բան էին քննարկում՝ ցանկանում են սեպտեմբերին բացօթյա խնջույք կազմակերպել քաղաքից դուրս։ Ասում են՝ տեղի հայերին մի տեղ հավաքելու, իրար հետ շփվելու հնարավորություն տալու առիթ է։ Մ. Օհանյանը սա համարում է փորձի պես մի բան, քանի որ առաջին անգամն է, երբ մի քանի այլ կազմակերպությունների հետ միասին որոշել են նման միջոցառում կազմակերպել։ «Հինգ կազմակերպություն է մասնակցելու։ Եթե հաջողվի, հնարավոր է՝ ապագայում այս թիվը շատանա…Դուռը բաց է, բոլորին էլ դիմել ենք, բայց ոմանք ասել են, որ զբաղված են, իրենց ծրագրերն ունեն կամ ուզում են իրենց առանձին նմանատիպ միջոցառումը կազմակերպել»։
Ահա այսպես՝ ամեն մեկն իր սեփական քեֆն է ուզում անել։ Թերեւս ավելացնելու բան չկա։ Միայն նշեմ, որ այս ամենի մասին լսելիս՝ մտածում էի՝ իսկը մեր ընդդիմության վիճակն է՝ միասնական թեկնածու ընտրելիս։ Հա, ու նաեւ ափսոսում էի՝ բա Աղվան Հովսեփյանն էստեղ չլինե՞ր, մի միասնության շուրջպար էլ Լոնդոնում կազմակերպեր։ Ի՞նչ վատ կլիներ, որ…