Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների արդարացման դատավճիռ է կայացրել: Ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանը եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանը, որոնք 2005թ. հոկտեմբերից կալանավորված էին, երեկ ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը նաեւ որոշել է ակնհայտ կեղծ վկայություն տալու համար քրեական գործ հարուցել գործում որպես տուժող ընդգրկված «ՖԻԳ» ընկերության ղեկավար Վաչե Պետրոսյանի դեմ: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները մեղադրվում էին իբր մաքսանենգության, մաքսային եւ հարկային պարտավորությունները չկատարելու, իսկ իրականում այն բանի համար, որ հրաժարվել էին վճարել Մաքսայինի աշխատակիցների պահանջած կաշառքը: Դրա համար մեղադրողներն ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի համար պահանջել էին՝ 12 տարվա, իսկ փոխտնօրեն Արամ Ղազարյանի համար՝ 11 տարվա ազատազրկում: Սա, առաջին հայացքից, կարելի է սենսացիոն իրադարձություն համարել, քանի որ մասնավոր ընկերության ղեկավարները, ըստ էության, հաղթանակած դուրս եկան ընդդեմ կոռումպացված պետական համակարգի (ի դեմս Մաքսային պետական կոմիտեի)՝ մոտ երկու տարի տեւած պայքարում: Այն դեպքում, երբ մինչեւ երեկ գրեթե ոչ մեկը չէր կասկածում, որ դատարանը բավարարելու է մեղադրող կողմի պահանջը: Եվ ուրեմն ինչո՞վ է պայմանավորված դատարանի, այսինքն` իշխանությունների այս «բարեհաճությունը»: Բացատրությունը շատ պարզ է. ընդամենը մի քանի ամիս հետո Հայաստանում նախագահական ընտրություններ են սպասվում, եւ իշխանությունները ցանկացած հնարավորություն օգտագործում են իրենց զրոյական վարկանիշը բարձրացնելու համար: Նրանց այս ապարդյուն փորձերը, սակայն, դրական են նրանով, որ փրկվում են իրենց իսկ կողմից ազատազրկված անմեղ մարդիկ: