Նրանց ազատ ու արդարն ուրիշ է

18/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Թերեւս առանց վարանելու կարելի է ասել, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահի հերթական ընտրությունների ելքը կանխորոշված էր, ու նախագահ կհռչակվի ԼՂՀ ու Հայաստանի իշխանությունների ու ընդդիմադիրների «դաբրոն» ստացած Բակո Սահակյանը:

Հուլիսի 13-ին ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրությանը նվիրված հոդված են հրապարակել վերլուծաբաններ Լիզ Ֆուլլերն ու Ռիչարդ Գիրագոսյանը: Հեղինակները փորձել են պատասխանել «Ո՞վ կլինի ԼՂՀ հաջորդ նախագահը» հարցին, եւ թե՝ արդյո՞ք ընտրությունների քարոզարշավն անցնում է ազատ ու արդար պայմաններում: «Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության քաղաքացիները պետք է նախագահ ընտրեն: Գրանցված հինգ թեկնածուներից ընդգծված ֆավորիտը Բակո Սահակյանն է, ով ընտրություններին մասնակցելուց առաջ հրաժարական տվեց Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից: Սահակյանին սատարում են ԼՂ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի «Ժողովրդավարական Արցախ» կուսակցությունը, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները եւ հայաստանյան ներկա ղեկավարությունը, ինչը նշանակում է, որ նա հարմար է դիտարկվում նաեւ Մոսկվայի համար»,- փաստում են հոդվածի հեղինակները: Նրանք նշում են նաեւ, որ Սահակյանի գլխավոր մրցակիցը՝ արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը, մեղադրում է երկրի ղեկավարությանը՝ Սահակյանի թեկնածությունն անարդար ձեւով առաջ մղելու համար: Ըստ հոդվածի հեղինակների, հասարակական կարծիքի վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ քվեարկողների 19%-ը չի հավատում, որ առաջիկա քվեարկությունը կլինի ազատ եւ արդար: «Քվեարկությանը մասնակցող հինգ թեկնածուներից Սահակյանը, ով 49 տարեկան է, կարիերա է արել խորհրդային ժամանակների Ազգային անվտանգության կոմիտեում (ԿԳԲ), Մայիլյանը, ով դեռ 40 տարեկան չկա, ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան, Արմեն Աբգարյանը ԼՂՀ խորհրդարանի անդամ է, Հրանտ Մելքումյանը ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ղեկավարն է, իսկ Վանյա Ավանեսյանն էլ Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր է»,- նշում են Լ. Ֆուլլերն ու Ռ. Գիրագոսյանը: Վերջիններս փաստում են, որ Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանում են բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում եւ՝ Դաշնակցություն կուսակցությունը, որը ՀՀ կոալիցիոն կառավարության մաս է կազմում: Սակայն, ըստ հոդվածագիրների, բազմաթիվ դիտորդներ սպասում էին, որ ՀՅԴ-ն կսատարի Մասիս Մայիլյանին: Լ. Ֆուլլերն ու Ռ. Գիրագոսյանն ուսումնասիրել եւ պարզել են, որ թեկնածուների ծրագրերում հիմնականում շատ քիչ տարբերություններ կան. բոլորն էլ խոսում են ենթակառուցվածքների զարգացման, գործազրկության կրճատման եւ կենսամակարդակի բարելավման մասին: Վկայակոչելով «Regnum»-ին՝ Ռ. Գիրագոսյանն ու Լ. Ֆուլլերը նշում են, որ Մասիս Մայիլյանը հայտարարել է, թե «ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման բանակցությունները կարող են սկսվել միայն ԼՂՀ-ի ինքնիշխանության եւ անկախության՝ առանց նախապայմանների՝ ճանաչումից հետո»: «Նա նաեւ պաշտպանում է հայկական ընտանիքների բնակեցումը Ադրբեջանի՝ հայկական ուժերի կողմից օկուպացված շրջաններում: Բայց պարզ չէ, արդյո՞ք նա միանշանակ մերժում է այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին՝ որպես խաղաղության պայմանագրի մաս»,- գրում են Ռ. Գիրագոսյանն ու Լ. Ֆուլլերը: Նրանք փաստում են, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից (հունիսի 20) հետո Մայիլյանի նախընտրական շտաբի պետ Սերգեյ Քալանթարյանը հաստատել է, որ ԼՂՀ-ի պետական հեռուստաընկերությունը բաց քարոզչություն է իրականացնում Բակո Սահակյանի օգտին: Վերլուծաբանները նշում են նաեւ, որ Մարտակերտի շրջանի տեղական ղեկավարության պաշտոնյաներից մեկի վրա ճնշումներ են եղել այն բանից հետո, երբ նա բացահայտ հայտարարել է, որ քվեարկելու է Մայիլյանի օգտին: Հոդվածում հիշատակվում է նաեւ այն, որ Իգոր Մուրադյանը եւս Երեւանում հայտարարել է, որ ԼՂՀ նախագահ Ղուկասյանը հնարավոր բոլոր ձեւերով պրո-սահակյանական արշավ է իրականացնում: Այսքանից հետո, հոդվածագիրները մեջբերում են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքը, ով ընտրական գործընթացները բնորոշել է՝ որպես «իդեալականին մոտ», թեեւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանն այն համարում է «նորմալ»: Տեղեկացնելով, որ Երեւանում ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն օրերս հայտարարել էր, թե Բակո Սահակյանի թեկնածությունն. «ընդունելի է բոլորի համար», եւ, որ Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» կենտրոնի հարցումներով, հունիս ամսին Սահակյանի օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների՝ 45, իսկ Մայիլյանի օգտին՝ 5%-ը, բայց արդեն հուլիսին, նույն կենտրոնի տվյալներով, Սահակյանի օգտին պատրաստ են քվեարկել 60, իսկ Մայիլյանի օգտին՝ ամենաշատը 10%-ը, հոդվածագիրները փաստում են, որ հարցումները վկայում են, որ ԼՂՀ բնակչության 19%-ը չի կարծում, որ ընտրությունները կանցնեն ազատ ու արդար, իսկ 16%-ն էլ կարծում է, որ այդ ընտրությունները ոչինչ չեն փոխի: Ի դեպ, նախօրեին հայտարարություն են տարածել ՀՅԴ, «Արցախի Ժողովրդական» (ԱԺԿ), «Շարժում-88», «Ազատություն» «Ազատ Հայրենիք» (ԱՀԿ) կուսակցությունների մի շարք անդամներ եւ ԼՂՀ Ազատամարտիկների միության մի անդամ: Հիշեցնենք, որ նշված բոլոր կառույցներն էլ հայտարարել են, որ սատարում են Բակո Սահակյանին: «Մենք՝ ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ ազգային միասնության ապահովման պատրվակով միասնական թեկնածուի ընտրման գաղափարը զուրկ է քաղաքագիտական հիմնավորումից: Ընտրությունների ժամանակ միասնության ապահովման մասին հայտարարություններն իրականում կոչված են բացառելու իրական ընտրության հնարավորությունը: Ահա թե ինչու չենք կիսում միասնական թեկնածուին սատարելու մասին տարբեր կուսակցությունների ու կազմակերպությունների որոշումը, եւ ընտրողներին կոչ ենք անում հուլիսի 19-ին քվեարկելիս առաջնորդվել սեփական գաղափարներով ու սկզբունքներով, ինչպես նաեւ՝ սեփական խղճի մտոք: Մենք, ինչպես նաեւ՝ մեր բազմաթիվ կուսակից ընկերներ եւ գործընկերներ, աջակցում ենք ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին եւ ձեզ կոչ ենք անում քվեարկել նրա օգտին»,- ասված է վերոնշյալ հայտարարության մեջ: Հայտարարությունը ստորագրել են ՀՅԴ-ականներ Ռաֆայել Պետրոսյանը, Սամվել Վանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, ԱԺԿ անդամ Ալեքսանդր Քանանյանը, ԱՀԿ անդամ Դավիթ Կարաբեկյանը, «Ազատության» անդամ Գրիգորի Ավանեսյանը, «Շարժում-88»-ից՝ Գեղամ Բաղդասարյանը, Մարգարիտա Քարամյանը, Գագիկ Ավանեսյանն ու ԼՂՀ Ազատամարտիկների միության անդամ Արմեն Գեւորգյանը: