Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի քրեական գործում (իբր «փողերի լվացում») նոր մանրամասներ են ի հայտ եկել: Այդ մասին շաբաթ օրը հաղորդագրություն է տարածել «Արմինֆո» գործակալությունը` հղում անելով իր մոսկովյան աղբյուրներին: Ըստ այդմ, գործակալությանը հայտնի է դարձել, որ ավելի քան մեկ ամիս առաջ Հայաստանից Մոսկվա գործուղված քննչական խումբն օրերս վերադարձել է Հայաստան եւ Մոսկվայում գործի հետ կապված որոշ նոր հանգամանքներ է պարզել: «Մասնավորապես, քննիչներին հաջողվել է հայտնաբերել եւ հարցաքննել 9 կեղծ (՞) անձանց, ովքեր իբր գումար են փոխանցել Հայաստան: Նրանք բոլորը տեղյակ չէին, որ իրենց անունից դրամական փոխանցումներ են կատարվել Հայաստան, եւ նույնիսկ չգիտեին, որ իրենց անձնագրային տվյալներն օգտագործվել են բանկային փոխանցումների համար: Պարզվել է, որ նրանց անունից փոխանցումներ է իրականացրել 1 անձ: Պատասխանատվությունն իր վրա է վերցրել հետաքննությանն արդեն հայտնի Ալեքսանդր Աղազարյանը (Ալեքսանդր Արզումանյանի ընկերը): Նրա ցուցմունքների համաձայն, գումարի փոխանցման մասին իրեն խնդրել է Ալեքսանդր Արզումանյանը` «վերանորոգման եւ որոշ նյութական-կենցաղային խնդիրներ լուծելու նպատակով»: Իսկ ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի այն ցուցմունքներին, թե գումարը նախատեսված էր իր դստեր հարսանիքի կազմակերպման համար, ապա այդ ցուցմունքները հերքվել են: Աղազարյանը քննիչին հայտարարել է, որ ծանոթ չէ Շիրխանյանին եւ ոչ մի գումար նրան չի ուղարկել: Նրա ասելով, Երեւանում այդ գումարի 9 ստացողների ցուցակն իրեն է հանձնել Ալեքսանդր Արզումանյանը: Պարզվել են նաեւ գումարի փոխանցման մեխանիզմի որոշ հետաքրքիր մանրամասներ: Բոլոր փոխանցումներն իրականացվել են լուրջ խախտումներով, ինչը կարող է խնդիրներ ստեղծել մոսկովյան Առեւտրային ֆինանսավորման բանկի հայ աշխատակիցների համար, որի միջոցով իրականացվել է փոխանցումը: Չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանից եւս մեկ քննչական խումբ գործուղվի Մոսկվա»,- Մոսկվայի իրավապահ մարմինների իր աղբյուրին հղում անելով` գրում է «Արմինֆոն»: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ա. Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նույնպես հայտարարել էր, որ Մոսկվայում վերոնշյալ քննչական խմբին չի հաջողվել Արզումանյանի դեմ ոչ մեկից փաստեր կորզել: